Վանաձորի անմխիթար փողոցներն, ինչպես վարորդներն են ասում, «պատուհաս» են դարձել իրենց համար: Նրանց խոսքով՝ փոսերից այլեւս հնարավոր չէ խուսափել: Իսկ անձրեւից հետո երթեւեկությունը դառնում է ավելի վտանգավոր:
Վարորդ Վոլոդյան աշխատանքի բերումով օրվա մեծ մասն անց է կացնում ճանապարհներին: Ասում է, ամեն օր մեքենայի հետ կապված նոր խնդիրներ են առաջանում: Իսկ աշխատած գումարը ծախսում է մեքենան վերանորոգելու համար:
«Ճանապարհների վիճակը ահավոր է: Ամբողջ ճանապարհը անանցանելի է: Ամբողջ քաղաքը փոսի մեջ է: Որ փոսը ընկնում եմ, էնքան խորն ա, որ հեռախոսիս կապն էլ է կորում: Ամեն փոսի մեջ ընկնելուց ավտոն փչանում է, մենք էլ ներվայնանում ենք: Լատոկից փախցնելիս շատ ժամանակ ավտովթարի ենք ենթարկվում: Ամիս չկա, որ 30. 000 դրամ ավտոյիս վրա չծախսեմ»:
Կարդացեք նաև
Ճանապարհների ներկայիս վիճակից դժգոհում են ոչ միայն վարորդները, այլեւ քաղաքացիները: Ստեղծված իրավիճակն անհարմարություն է պատճառում բոլորին:
-Ահավոր վիճակ է: Թռչկոտելով ենք անցնում փողոցները: Չգիտենք ոնց գնանք, ո՞ր ճանապարհով անցնենք, որ փոսերը չընկնենք: Իսկ, եթե անձրեւ էլ գալիս է, ընդհանրապես պետք է տնից դուրս չգաս: Վարորդներն էլ մեքենան քշում են ու ամբողջ ցեխաջուրը լցնում վրադ: Դե իրենք էլ շատ ժամանակ մեղք չունեն, ի՞նչ անեն, ամեն քայլափոխի փոսն են ընկնում: Ստիպված ոնց ասես քշում են»,- սրտնեղած ասում է տիկին Անահիտը:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն մի քանի օր է՝ ինչ քաղաքում սկսվել են փոսային նորոգման աշխատանքները: Նշված աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված մրցույթը շահել է «Լոռի ճանշին» ընկերությունը:
«Մրցույթ էինք հայտարարել 100 մլն. դրամի, բայց մրցույթը շահած կազմակերպությունը 55 մլն. դրամ դրեց: Ասեցին, որ մեր տված աշխատանքները այդքան գումարով կանեն: Քաղաքի տարբեր փողոցներում են աշխատանքներ իրականացվելու»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ