«Գելափ ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ հարցում էր արել, ըստ որի, 61.2 տոկոս ձայն ունի Տարոն Մարգարյանը, 11.5 տոկոս Նիկոլ Փաշինյանը, 3.9՝ Զարուհի Փոստանջյանը:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ելք» դաշինքի անդամ, ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանն ասաց. «Կարծում եմ, այստեղ նրանք սխալ են թույլ տվել, հակառակն են գրել: Տարոն Մարգարյանի եւ Նիկոլի ձայները խառնել են, ինձ թվում է, տեխնիկական վրիպակ է եղել»,- կատակեց Ալեն Սիմոնյանը:
Ըստ նրա, անհեթեթ է, թե ինչպե՞ս կարող է տեսնեն, որ ընտրություններին իրենք Երեւանում հավաքել են 15 տոկոս, հարցում անեն ու պարզեն, որ իրենց օգտին քվեարկելու է 11 տոկոս. «Փաստացի մենք հավաքել ենք 15 ու իրենք մի քանի օր հետո հարցում են անում ու 11 տոկո՞ս են գրում: Ինչքանո՞վ մենք պետք է հիմա լուրջ վերաբերվենք դրան»:
Ըստ Ալեն Սիմոնյանի, այս հարցումներին հավատալը դժվար է, որովհետեւ նախ մեր երկրի մթնոլորտն այնպիսին է, որ մարդիկ հարցումներին հաճախ չեն ասում, թե ում են ձայն տալու, վախենում են, լռում են. «Շառից-փորձանքից հեռու լինելու համար չեն ասում, վախենում են կամ հակառակն են ասում: Բոլորը շատ լավ գիտեն, որ մարդիկ հիմնականում որոշում են կայացնում վերջին մի շաբաթը, վերջին մի քանի ժամը, շատ հաճախ նույնիսկ ընտրատեղամասում»:
Կարդացեք նաև
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծիք էր հայտնել, որ «Ելքը» Երեւանում 20-25 տոկոս ձայն կհավաքի, հարցին՝ դուք ավելի՞ն եք ակնկալում, քան 25 տոկոսը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մենք համարում ենք, որ մենք առնվազն 40-45 տոկոս ձայն ենք հավաքելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ