«Մեր երկրում աշխատողների իրավունքների պաշտպանության ինստիտուտը հեռու է կայացված լինելուց»,-այս մասին այսօր, աշխատավորների միջազգային օրվա առթիվ «Արմենպրես» մամուլի ակումբում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի աշխատանքի եւ զբաղվածության հարցերով գլխավոր խորհրդական Թադեւոս Ավետիսյանը:
Նա նշեց, որ մեր երկրում արհմիություններ չկան, եթե կան էլ՝ շատ թույլ են, ուստի, պետությունը պետք է իրավական կարգավորումներ ստեղծի, որպեսզի արհմիությունների դերը բարձրանա:
Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ կառավարությունը Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է պատրաստում, այդ փոփոխությունների նախագծով նախատեսվում է փոքր ձեռնարկությունների համար արտաժամյա կամ տոնական օրերին աշխատելու դեպքում ներկայումս սահմանված 50 %-ի հավելավճարը փոփոխել: Ավետիսյանը վստահեցրեց, որ այս վճարի սահմանումը թողնվելու է, որ աշխատողի եւ գործատուի միջեւ կարգավորվի: Հատկապես 2-3 աշխատող ունեցող փոքր ձեռնարկությունների համար, ինչպես ասաց Ավետիսյանը, այս փոփոխությունը շատ կարեւոր է, քանի որ նրանք ազատվում են հավելյալ ծախսերից:
Հարցին՝ արտաժամյա աշխատանքի վճարման իրավակարգավորումը թողնելով գործատուի բարեխղճությանը, արդյոք խնդիր չի՞ ստեղծի, ասենք՝ գործատուն հրաժարվի վճարել, պարոն Ավետիսյանը պատասխանեց, որ միջազգային պրակտիկայում այդպես է եւ գործատուն ու աշխատողն են միասին պայմանավորվում:
Կարդացեք նաև
Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ նաեւ նախատեսվում է փոքր ձեռնարկությունների համար աշխատանքային պայմանագրի ձեւ մշակել, որը կսահմանի նվազագույն պահանջները աշխատանքային իրավահարաբերությունների: Այսինքն, սա եւս փոքր ձեռնարկատերերին կազատի հավելյալ ծախսերից, ասենք՝իրավաբանին կամ այլ մասնագետին չի վճարի պայմանագիր կազմելու համար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ