«Մենք որեւիցե մեկի տեղը չենք փորձում զբաղեցնել: Մենք փորձում ենք աշխատել հանուն Հայաստանի եւ ՀՀ քաղաքացու: ՀՀ-ում բրոնյա արված տեղեր գոյություն չունեն: Կա քաղաքական գործընթաց, որին մասնակից է լինելու առողջ, ամուր, գաղափարական հենքով միացված-նորացված մեր թիմը»,- Aravot.am-ի հարցին`արդյոք այս միավորումը հավակնում է զբաղեցնել այն ընդդիմադիր գործիչների տեղը, որոնց քիչ առաջ հորդորում էիք թոշակի գնալ՝ այսպես պատասխանեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:
Հիշեցնենք, քիչ առաջ տեղի ունեցած խորհրդաժողովի ժամանակ ՍԴՀԿ-ն եւ «Հայազն» կուսակցությունը հայտարարեցին միավորման մասին:
Մեր հաջորդ հարցին, իսկ ո՞ր գործիչներն են, որ պետք է թոշակի գնան, ըստ իրեն՝ Նարեկ Գալստյանը պատասխանեց. «Բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր այս տարիներին զբաղվել են պոպուլիզմով, բայց իրենց գործունեություն ժամանակ որեւիցե կերպով ի կատար չեն ածել այն կոչերը, որոնք արել են`ունենալով դրա համար բազմաթիվ քաղաքական եւ պետական լծակներ: Խոսքս վերաբերում է այն քաղաքական գործիչներին, ովքեր պարբերաբար մտնում-ելնում են իշխանական կոալիցիա»:
Դիտարկմանը`ՀՅԴ-ն է պարբերաբար կոալիցիա մտնում եւ դուրս գալիս, Նարեկ Գալստյանը հարցով պատասխանեց. «Ինչի՞, ՕԵԿ-ը չէ՞ր մտնում-դուրս գալիս»:
Կարդացեք նաև
Մյուս հարցին`իսկ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, ՕՐՕ դաշի՞նքը, Նարեկ Գալստյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այդտեղ գտնվող շատ քաղաքական գործիչների թոշակի գնալու ժամանակը նույնիսկ անցել է»:
Մանրամասները`տեսանյութում
Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն նախընտրական շրջանում փորձեց համագործակցել «Ծառուկյան» դաշինքի հետ: Հետո հայտարարեցին, որ նախօրոք համաձայնեցված քաղաքական օրակարգը խախտվել է եւ դուրս եկան բանակցություններից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ