Ազգային ժողովի վերջին ընտրությունների արդյունքների հետ կապված եղան բազմաթիվ վերլուծություններ. կեղծիքներ, վարչական, ֆինանսական ռեսուրսների օգտագործում, ընտրողների ուղղորդում, վերահսկում և այլն, և այլն:
Բայց այս ամենի հետ միասին, և հրապարակային և ընկերական, սրճարանային խոսակցություններում քննարկվում է նաև մոտավորապես հետևյալ թեման. «Այո տեղի ունեցան կեղծիքներ, այո իշխանությունը լավը չէ, այն կոռումպացված է, բայց ախր ընդդիմությունն էլ մի բան չի: Ենթադրենք մաքուր ընտրություններ լինեին, ո՞ր ուժը կհաղթեր. իհարկե՝ Ծառուկյանը: Բայց չէ՞ որ Սարգսյանն ավելի լավ, փորձառու գործիչ է, Ծառուկյանի դեպքում Հայաստանը կկործանվեր: Մեզ պետք է լավ ընդդիմություն: Այ եթե այդպիսի լավ ընդդիմություն ձևավորվի, ես էլ կողմ կլինեմ իշխանափոխությանը»:
Այսպիսի խոսակցությունները նորություն չեն: Սրանք սկսվել են դեռևս 90-ական թվականներից, և համոզված եմ տարածվել են իշխանությունների կողմից, սկզբում իրենց տատանվող համախոհների շրջանակներում, հետագայում, նաև «համոզվածների» միջոցով՝ հանրության մեջ:
Այսպես՝ 1995-96թթ. ՀՀՇ-ական իշխանությունը, հավանաբար զգալով , ընտրություններում իրենց հնարավոր պարտությունը, և նախապատրաստվելով կեղծիքներին , հրապարակային և ասեկոսեներով, նաև միջազգային հանրության համար, տարածում էր մոտավորապես հետևյալը. Դաշնակներն ու ԱԺՄ-ն երկիրը կտանեն կործանման, նրանք ազգայնական ուժեր են, դրանցից է առաջացել ֆաշիզմը: Դաշնակները չէին, որ 1920թ. երկիրը կործանեցին, հո Դավիթ Վարդանյանը չի լինելու արտգործնախարար և այլն: ՀՀՇ-ի ինտելեկտուալներից մեկը նույնիսկ զուգահեռներ անցկացրեց Գերմանիայի Վեյմերյան հանրապետության հետ, այն է` գերմանական իշխանությունները վճռական չեղան , այսինքն` ընտրությունները չկեղծեցին) և Հիտլերն եկավ իշխանության: Արդյունքում ապագա ազգային հերոսը հայտարարեց. «… եթե 100% էլ հավաքեին, իշխանությունը չէինք տա…»:
Կարդացեք նաև
1998թ. կեղծիքներն «արդարացվում» էին հիմնականում հետևյալ թեզերով. «Լավ էլի, հո Կարեն Դեմիրճյանը չի լինելու նախագահ, հո հետ չենք գնալու սովետ: Էդ Դեմիրճյանը չէր , որ ասում էր. հո Ղարաբաղը ջեբումս չի» և այլն:
Չշարունակենք, տարբեր տիպի «արդարացումներ» գտնվեցին նաև հետագա ընտրությունների ժամանակ:
Կախված քաղաքական ճաշակից, ընթերցողները (ինչ-որ ժամանակ, նաև ես) կարծում եմ վերոհիշյալ դեմքերի գնահատականների հետ համաձայն կլինեն, հետևաբար, թերևս, մտքում նաև՝ այդ շրջանում կատարված կեղծիքների հետ:
Իրականում 90-ական թթ..վերոնշյալ ընդդիմադիր քաղաքական ուժերն ամբողջությամբ կամ առանձին գործիչներով կոալիցվեցին կամ ինտեգրվեցին իրենց կողմից հռչակված «ոչ լեգիտիմ իշխանություններին», և երկիրը «չկործանվեց»:
Չեմ հիշում Հայաստանի որ շրջանի մասին էր հետևյալ անեկդոտը.
Գյուղացուն հարցնում են.
-Կոլխոզի նախագահ կաշխատե՞ս:
Պատասխանում է.
-Խի չէ, հո Վիլիսից ցած չե՞մ ընկնելու.
Եթե մեր, այդ թվում քաղաքական գործիչների պատկերացումը իշխանության մասին, միայն սեփական բարեկեցությունն ապահովելն է, մնացածն ընդամենը մտավարժանքներ են, որոնց էլ հաճախ հավատում ենք մենք՝ միամիտներս:
Իրականում, եթե անկախ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններն իսկապես մտահոգված լինեին պետության ապագայի մասին և իսկապես համոզված լինեին, որ ընդդիմության իշխանության հնարավոր գալու դեպքում երկիրը կկործանվի, ապա կարելի էր քաղաքական կամք դրսևորել, հրաժարվել ընտրություն կոչված միջոցառումներից, հաստատել ինչպես իրենք են պատկերացնում ինչ-որ օրինական, ավտորիտար ռեժիմ, և Հայաստանն ուղղեին դեպի լուսավոր, բարգավաճ, անվտանգ, առաջընթաց ապահովող ապագա, մանավանդ դրա հիմնավորումներն ինչքան ուզեք՝ երկար ժամանակ պետականության բացակայություն, խորհրդային ժառանգություն, ղարաբաղյան հիմնահարց (այն բոլոր հիմնավորումները, որոնցով արդարացվում են ընտրակեղծիքները): Բայց ո՞նց. ի՞նչ կասի միջազգային հանրությունը, վարկեր չեն տա և այլն:
Այժմ փորձենք այս ամենը դիտարկել ըստ էության՝ ժողովրդավարության տեսակետից: Ինչու՞ ժողովրդավարության, քանի որ Հայաստանը հռչակվել է, կրկնում եմ հռչակվել է, որպես ժողովրդավարական պետություն:
Չեմ ուզում խոսել հայտնի ճշմարտությունների մասին, որ կարևորը նախադեպն է, ընտրված իշխանությունը եթե իրեն չարդարացրեց, հաջորդ անգամ կպարտվի և այլն:
Մի քանի տարի առաջ զրուցում էի Մոսկովյան Հելսինկյան խմբի նախագահ Լյուդմիլա Ալեքսեևայի հետ: Ահա թե ինչ ասաց ճանաչված իրավապաշտպանը.
-Ես ինձ պատասխանատու եմ զգում, որ 1996թ. վախենալով Զյուգանովի հնարավոր իշխանության գալուց, ոչ միայն սատարեցի Ելցինին, այլև անտեսեցի բոլոր ընտրակեղծիքները: Ինչ կպատահեր, եթե Զյուգանովը ընտրվեր Ռուսաստանի նախագահ: Այժմ վստահ եմ, որ վերադարձ դեպի ԽՍՀՄ չէր, լինի և մենք, թերևս, կձևավորեինք ընտրական ավանդույթ:
Ժողովրդավարության ժամանակակից ընկալումը դասական ժողովրդավարությունը, այն է՝ միայն ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը չէ: Այն ներառում է նաև իրավական պետության՝ այն է` գործադիրից անկախ դատական իշխանություն հասկացությունը:
Կարծում եմ դասական ժողովրդավարության պայմաններում ցանկացած անձ կարող է գալ իշխանության, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը,Ստեփան Դեմիրճյանը,Գագիկ Ծառուկյանը, և այլն: Իրավական պետության պայմաններում, ով էլ գա իշխանության , կաշկանդված է օրենքներով և չի կարող անել ինչ խելքին փչի:
Ինչ եմ ուզում ասել, եթե դեռևս 90-ականներին և դրանից հետո, մեր իշխանություններն իսկապես դավանեին ժողովրդավարական արժեքներ, անհանգստացած լինեին երկրի ապագայով և «արկածախնդիրների», «երկիրը կրկեսի վերածողների», «տանիքների վրա թռչկոտողների» հնարավոր իշխանության գալով, կարող էին ստեղծել պետության ողնաշարը, այն է՝ անկախ Դատական իշխանություն:
Բայց ո՞նց, բա իշխանություն պահելու հիմնական լծակը կորցնե՞ն: Եվ 1995թ. կեղծված սահմանադրությամբ դատարանները դարձան նախագահի կցորդը, Հայաստանում թաղվեց արդարադատությունը և դրվեց այս արատավոր ավանդույթի հիմքը :
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
կոմենթների այս ձեւը իրեն արդարացնում է? ձեւականություն, այս ձեւի պատճառով ոչ ոք մեկնաբանություն չի գրում, կամ այն ընդհանրապես հանեք, կամ էլ փոխեք դարձրեք սոցկայքերի միջոցով☹☹☹
43 886 հրապարակված մեկնաբանություն կա: Ի՞նչն եք անվանում ոչ ոք չի գրում: