Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես լրագրողները գնացին ընձառյուծի հետքերով (Ֆոտոշարք)

Մայիս 01,2017 12:51

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Հայաստան) «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում ապրիլի 30-ին կազմակերպվել էր «Ընձառյուծի հետքերով» խորագրով տեղեկատվական արշավ`«Խոսրովի անտառ» պետական արգելոց: Արշավի ընթացքում դիտարկվեցին կենդանիները, դրանց հետքերը, ներկայացվեցին ֆոտոթակարդներով իրականացվող մշտադիտարկման սկզբունքները: Լրագրողները ծանոթացան այցելուների կենտրոնի եւ էկոտուրիստական ծառայությունների հետ:

Բնության համաշխարհային հիմնադրամի «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը նշեց, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը ընձառյուծի ապրելավայրերից մեկն է: Հավելեց, որ «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագիրն էլ 2002 թվականից է մեկնարկել եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հիմնարար ծրագրերից է: Դրա շրջանակում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ` բնության հատուկ պահպանվող տարածքների հետ կապված, աջակցում «Խոսրովի անտառ» պետական արգելոցին:

«Աշխատում ենք նաեւ համայնքների հետ ամբողջ Հարավային Հայաստանի տարածքում, քանի որ բնապահպանության մեջ շատ կարեւոր է համայնքների դերը: Ստեղծել ենք ընձառյուծի խնամակալների ցանց, որտեղ ընդգրկված են տեղի համայնքի բնակիչները: Վայոց ձորում եւ Սյունիքի մարզում ունենք ընձառյուծների խնամակալներ, շուտով փորձագետ է ժամանելու արտասահմանից եւ նպատակ ունենք մեղմելու վայրի բնություն-մարդ կոնֆլիկտը: Աջակցում ենք նաեւ բնապահպանության պետական տեսչությանը, շատ կարեւորում ենք տեղեկացվածության մակարդակի բարձրացումը»,-հայտնեց Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի համակարգողը:

Արսեն Գասպարյանը նշեց, որ WWF-Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է վտանգված տեսակների պահպանությունը, որոնց շարքում են կովկասյան ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը և այլն: Հավելեց, որ WWF-ի և ՀՀ բնապահպանության նախարարության սերտ համագործակցության արդյունքում հաջողություններ են գրանցել բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացման գործում, Հայաստանի հարավում ստեղծվել է չորս նոր բնության հատուկ պահպանվող տարածքներ («Արևիկ» ազգային պարկը, «Զանգեզուր» և «Խուստուփ» պետական արգելավայրերը և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը), որոնք ընդգրկում են ընձառյուծի հիմնական ապրելավայրերը: Դրանց ընդհանուր տարածքը 73229 հա է, ինչը կազմում է հանրապետության տարածքի 2,5%-ը:

Անդրադարձ եղավ էկոտուրիզմին: Արսեն Գասպարյանի ձեւակերպմամբ, Խոսրովի արգելոցը գրավիչ վայր է թռչնադիտարկողների վայրի բնության դիտարկողների ու արշավականների համար, իսկ տեղի այցելությունների կենտրոնում այդ մարդիկ ոչ միայն կարող են տեղեկատվություն ստանալ, այլեւ իրենց գիշերակացը ապահովել: Խոսրովի անտառ պետական արգելոցը նաեւ առաջին կարգի պահպանվող պետական տարածք է, որտեղ արգելված է խոշոր միջոցառումներ անելը, տուրիզմը նույնպես սահմանափակ է:

Բնության համաշխարհային հիմնադրամի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Մալխասյանը ներկայացրեց, թե ինչպես են տեղադրվում ֆոտոթակարդները, ասաց, որ դրանք ֆիքսել են արջեր, վայրի խոզ, ընձառյուծ, գայլ: Վերջինին բնորոշեց որպես ամենահետաքրքրասեր կենդանի: Ալեքսանդր Մալխասյանը հավաստիացրեց, որ վերջին անգամ իրենց գործընկերները 2013-ին են ընձառյուծ նկարել, ավելի ուշ նախիջեւանի գործընկերը կենդանուն ֆիքսել են Արաքսի շրջակայքում:

Արսեն Գասպարյանը խոսեց Զանգեզուրի լեռնաշղթայում բնակվող էջ ընձառյուծի մասին, որին պայմանականորեն Եվա են կոչել: Վերջինս ձագեր էր ունեցել, եւ այժմ դրանք մեծացել են:

Մեր զրուցակիցներն անդրադարձան նաեւ էկոլոգիական միջանցքների կարեւորությանը, ընձառյուծների` անընդհատ տեղաշարժի մեջ լինելուն: Ըստ նրանց՝ միայն Հայաստանի տարածքը փոքր է ընձառյուծների համար: Ի դեպ, այդ կենդանիները գրանցված են ոչ միայն ՀՀ, այլեւ Բնության պահպանության միջազգային միության կարմիր գրքում: Խոսք եղավ նաեւ սահմանակից երկրների գործընկերների եւ շահագրգիռ անձանց հետ համագործակցության մասին: Կենդանիները սահմաններ չեն ճանաչում, ու տեղաշարժի ժամանակ մեծ է ականապատված տարածքներում վնասվելու հավանականությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գարուշ says:

    Էդ ընձառյուծներն ուտելու բան ունե՞ն։ Հայ օլիգարխները թող մի քանի ոչխար, կով տանեն, էդ խեղճ կենդանիներն ուտեն։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031