Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական հարցը

Մայիս 01,2017 12:19

Ինչպես որ հայ ազգի որոշ պարծենկոտ, անմիտ, անհեռատես ներկայացուցիչներ հպարտանում են նրանով, որ Հայաստան պետությունն առաջինն է ընդունել Քրիստոնեությունը, առանց հաշվի առնելու, որ ազգն ու երկիրը միայն վնասվել են դրանից, այնպես էլ որոշ կարճատես հայեր հպարտանում են հայկական հարցի միջազգայնացման փաստով, առանց հասկանալու, որ հայ ազգը դրանից միայն վնասներ է կրել:

Չէր կարելի թույլ տալ, որ հայ ազգի հարցը դառնար խաղալիք ամեն տեսակ մեծ ու փոքր տերությունների ու պետությունների ձեռքերում: Որովհետև խաղալիքի հետ հայտնի է թե ինչպես են վարվում առաջին հերթին. այն քանդում են: Եվ քանդվեց Հայաստանը, խաղալիքի նման բաժանվեց մասերի, որոնք այլևս երբեք չմիացան իրար, որովհետև քանդողը չի կարող նորից միացնել դրանք:

Հարկավոր էր ամեն գնով խուսափել դրանից, ինքնուրույն լուծել հարցը: Սակայն չգործեց ազգի հավաքական գիտակցությունը և չգոյացավ երկրի միասնական ղեկավարություն: Այդ պահին ազգն անգլուխ էր մնացել: Ամբողջ ազգի շահերից բխող մտահոգությամբ մտածողներ չկային: Ազգի հավաքական իմաստություն չէր ձևավորվել: Դիվանագիտություն չունեինք: Հույսը դրեցին ուրիշների, օտարների վրա և սխալվեցին, տուժեցին, վերացնել տվեցին երկրի ու ազգի մեծ մասին: Իսկ թշնամական, թուրքական դիվանագիտության իմաստության մասին կարելի է դատել թեկուզ այն փաստից, որ նույնիսկ պարտվելով, նրանք կարողացան միայն օգուտներ ստանալ: Հակադրությունների ինչպիսի՜ հեգնանք. հաղթող կողմը կորուստներով է դուրս գալիս պատերազմից, իսկ պարտվողը՝ օգուտներով:

Թուրքական զորքը պարտվեց Սարդարապատում, հայոց զորքը հաղթեց և կարող էր ազատագրել ամբողջ Արևմտյան Հայաստանը, կամ թեկուզ կեսը, բայց Հայաստանը թուրք-հայկական պատերազմից դուրս եկավ կորուստներով, իսկ Թուրքիան՝ օգուտներով: Առաջին համաշխարհային պատերազմում էլ Թուրքիան պարտվեց, իսկ Հայաստանը հաղթեց, բայց նույնպես Հայաստանը միայն կորուստներ կրեց, իսկ Թուրքիան՝ օգուտներ:

Նման արդյունքն այնքա՜ն մեծ տարբերություններ ունի մարդկային տրամաբանության օրինաչափությունների մեջ տեղավորվող արդյունքներից, որ ակամա միտք է առաջանում ինչ-որ գերբնական, անտեսանելի ձեռքի օգնության մասին հակառակորդ կողմին: Որովհետև սովորաբար այդպես չի լինում, լինում է հակառակը. հաղթողն է օգտվում, պարտվողը՝ վնասվում: Իսկ մեր դեպքում ինչու՞ չգործեց օրինաչափությունը: Ուրեմն օգնեց ինչ-որ գերբնական, գերիմաստուն ուժ: Բայց դա հաստատ քրիստոնեության աստվածը չէր, որովհետև նրանք քրիստոնյաներ չեն, իսկ մենք քրիստոնյաներ ենք, քրիստոնեականը առաջին հերթին մեզ պետք է օգներ: Հետևություն. ուրեմն հայերը սխալ աստված են ընտրել իրենց: Դա նաև մահմեդականության աստվածն էլ չէր, որովհետև մյուս մահմեդական պետություններն այդպիսի օգնություններ չեն ստացել: Ուրեմն դա հենց թուրքերի աստվածն էր: Հետևություն. ուրեմն ազգն է երկրի աստվածը: Ազգն իր վրա պետք է դնի հույսը, ոչ թե ուրիշ ազգերի կամ աստվածների:

Իսկ ինչու՞ հենց մե՛ր թշնամուն օգնեց այդ ուժը: Որովհետև հենց մենք էինք թույլը, կյանքի փորձից չսովորողը, օգուտների ձգտելու իմաստություն չունեցողը, սեփական շահը ուրիշներինից գերադասել չիմացողը, իր կյանքն ու գոյությունը պաշտպանել չկարողացողը: Այսինքն` հենց մենք օգնեցինք այդ գերբնական թվացող ուժին ոչնչացնելու մեզ: Նպաստեցինք դրան տարբեր մակարդակների ղեկավարների գործողություններով: Օրինակ, «1918 թ. հոկտեմբերին, ընդառաջելով իրենց օգնության հասնելու Ղարաբաղի բնակչության խնդրանքներին, Անդրանիկը Գորիսից Ավդալարի (Լաչին) վրայով շարժվեց դեպի Շուշի: Նա հասավ Զաբուղի ձորը, որտեղ նրան կանգնեցրին անգլիական զորքերի հրամանատար գեներալ Թոմսոնի պատվիրակները, սպառնալով հակառակ դեպքում Փարիզում կայանալիք խաղաղության վեհաժողովում չպաշտպանել հայկական հարցը: Անդրանիկը հարկադրված եղավ վերադառնալու Գորիս: Շուտով անգլիացիները կատարեցին երկրորդ հակահայկական քայլը. Ղարաբաղում անգլիական հովանավորությամբ մտցվեց գեներալ-նահանգապետություն՝ Խոսրով բեկ Սուլթանովի ղեկավարությամբ» [1, էջ 219]: Ճիշտ է, որ բոլոր հայերը հարգում են զորավար Անդրանիկին, նա քաջ զորավար էր, բայց նրան իմաստուն անվանել չի լինի, որովհետև հավատաց հայ ազգի թշնամու բարեկամի տված խոստմանը և չհասավ հայերին օգնության: Այսինքն` նա դավաճանեց իր ազգակիցներին հանուն դատարկ խոստման, որն, իհարկե, չկատարվեց խոստացողի կողմից, որովհետև հայտնի է, որ ոչ մի միջազգային ժողովում ոչ մի հայանպաստ որոշում չի կայացվել:

Եվ ինչպե՞ս կարող էր մշտապես հայ ազգի թշնամու բարեկամը եղած Անգլիան ինչ-որ օգուտ տալ հայ ազգին: Իմաստուն մարդն իսկույն կհասկանար դա և «չէր փոխի փորձված թանը անփորձ մածունի հետ», այլ նախ կվերացներ իր թշնամիներին օգնող անգլիացիներին, հետո կգնար և կօգներ իր հայրենակիցներին, կփրկեր նրանց կործանումից: Իմաստուն ղեկավարը պետք է անի այն, ինչը կախված է իրենից, ոչ թե ինքը չանի և թողնի, որ ուրիշն անի դա:

Իրականում պատճառները երկու կողմերի մեջ էլ են, մենք սովորականից ավելի անպատրաստ գտնվեցինք կյանքի պայքարին, իսկ մեր թշնամին՝ սովորականից ավելի պատրաստված: Պատրաստ լինելու դեպքում չէինք նստի և սպասի, որ գան և վերացնեն մեզ: Եթե միայն վերջին կործանման ժամանակ ոչնչացված մեկ և կես միլիոն հայ մարդիկ ոտքի կանգնեին և պայքարեին իրենց երկրի փրկության ու ազատության համար, ապա նրանք ոչ միայն կազատվեին, այլև ամբողջ Թուրքիային էլ կթաղեին ու կջնջեին երկրի երեսից: Թեկուզ եթե այդ ընթացքում նրանց կեսն էլ ոչնչանային, դա ավելի լավ արդյունք կլիներ, քան հիմա եղածը: Բայց եթե նույնիսկ մեկ ու կես միլիոնն էլ վերանար, բայց արդյունքի հասներ, ապա էլի դա ավելի լավ արդյունք կլիներ, քան հիմա, երբ և՛ նրանք վերացան, և՛ երկիրը չազատվեց գերությունից, այսինքն` զոհաբերությունն աստծուն իզուր անցավ: Գոյության պայքարի իմաստությունն ասում է. «մի սպասիր թշնամուդ, փնտրիր նրան»: Այսինքն չի կարելի սպասել, որ թշնամին գտնի քեզ, այլ պետք է նախօրոք հայտնաբերել նրան և ոչնչացնել: Իմաստունը չի սպասի իր թշնամուն, թույլ չի տա նրան մտնել իր տուն, այլ կփնտրի ապագա, ներուժային թշնամուն և կոչնչացնի նրան հենց նրա երկրում: Հայտնի է, որ այս իմաստությունը չի կիրառվել Հայաստանում սկսած Տիգրան Մեծի ժամանակներից, երբ նա սպասեց իր բացահայտ թշնամուն և տուժեց, և այն ժամանակից սկսած Հայաստանը սկսեց անընդհատ տուժել, վնասվել ու փոքրանալ: Ժամանակակից հզորներն ինչպե՞ս են հզորացել: Ուրիշների հաշվին: Նրանք չեն սպասել թշնամիներին, այլ փնտրել են նրանց և նախօրոք ոչնչացրել:

Իսկ Թուրքիայի դեպքում խախտվել է այդ իմաստությունը, կյանքի պայքարի օրենքը, ավելի է դաժանացել, որովհետև այն ոչնչացնում էր նաև նրանց, որոնցից ոչ մի վտանգ չկար և չէր կարող լինել: Այն փոխարինեց այդ օրենքը ուրիշ՝ գայլային օրենքով, ըստ որի ոչնչացնում էր անխտիր բոլորին ում կարողանում էր, և՛ ուժեղին, և՛ թույլին, և՛ մեղավորին, և՛ անմեղին, հոշոտում էր բոլոր հոշոտվողներին: Մինչդեռ հայերի մոտ դրա հակառակ օրենքն էր գործում. թույլ տալ բոլորին հոշոտել իրեն, որովհետև բոլորին զիջել է պետք, ինչպես շատ դարերի ընթացքում սովորեցրել է իրեն իր աստվածը: Ճիշտ է, հայ ազգի բազմադարյա ցավերից ու տառապանքներից ծնվեց հայի հոգու գեղեցկությունը, բայց արդյո՞ք աստծուն չափազանց թանկ գին չի վճարված դրա համար:

Հայկական հարցի միջազգայնացումը նման էր ողորմության աղերսման գործողության: Պատահական չէր, որ դրա նախաձեռնողները հենց հայ եկեղեցու առաջնորդներն էին, որոնք, հավատալով իրենց ուսմունքին, իրենք էլ խաբվեցին, իրենց ստի զոհը դարձան: Դրանով հայ ազգը խնդրում էր ողորմալ իրեն և տալ այն, ինչը չէր պատկանում իրեն՝ ուրիշների ուժը, այն իր հարցերի լուծման համար օգտագործելու նպատակով: Եվ դա այն դեպքում, որ իրենք ունեին այդ ուժը, բայց չէին ուզում կամ կարողանում օգտագործել այն: Բայց եթե նույնիսկ նրանք չունեին այդ ուժը, նրանք բարոյական իրավունք չունեին ուզելու այն, ինչը չի պատկանում իրենց, որովհետև դա դեմ է բնության օրենքներին: Սակայն հույսը դնելով աստծո օրենքի վրա՝ որը հնարավոր է համարում չվաստակած օգուտ՝ ողորմություն ստանալը, չիմանալով կամ չցանկանալով իմանալ բնության օրենքը, հայ ազգը խախտեց այն և պատժվեց դրա համար: Ըստ բնության օրենքների մարդը կամ ազգը կարող է օգտվել միայն իր կողմից վաստակած արդյունքից, ունեցվածքից, ուժից, հարստությունից և այլ ձեռքբերումներից: Այլապես պարտքի տակ և կախվածության մեջ է ընկնում իրեն ինչ-որ բան տվողից: Ուրիշները գիտեին դա և ոչինչ էլ չտվեցին ողորմացողին: Ինչու՞ պետք է ուրիշներն իրենց արյունով ու քրտինքով վաստակածը ծառայեցնեին ուրիշ ազգի բարօրության գործին: Նրանք պարտավոր չէին և հնարավոր չէ մեղադրել նրանց դրա համար: Մեղավորը դրա վրա հույսը դնողն էր: Դա քրիստոնեական վարդապետության բազմաթիվ սխալներից ու թերություններից մեկն է՝ այն, որ ինչ-որ մեկը կարող է ստանալ չվաստակած ինչ-որ բան. շնորհ, տաղանդ, առողջություն, հարստություն, երջանկություն, որևէ օգնություն, երկիր, պետություն, ազգի ապահովություն և այլ նման հատկություններ ու արժեքներ:

Ինչպե՞ս կարելի էր մի ամբողջ ազգի բախտը կախվածության մեջ դնել ուրիշ ազգերի կառավարությունների քմահաճույքից: Դա խոսում է այն մասին, որ այդպես վարվողը ոչինչ չի սովորել կյանքի փորձից, իսկ դա էլ նշանակում է, որ նա իզուր, անիմաստ է ապրել, իմաստություն ձեռք չի բերել: Հատկանշական է, որ այդ քայլերի գլխավոր շարժիչ ուժը եկեղեցու հայրապետներն ու կաթողիկոսներն էին, որոնք իրենց վրա էին վերցրել անտեր մնացած խեղճ հայ ազգի ղեկավարությունը: Վերցրել էին և առաջնորդում էին դեպի կործանում: Եվ այդ ուղու վրա նրա կատարած բազմաթիվ կործանարար քայլերից մեկը հայկական հարցի միջազգայնացումն էր:

Այսպես, հայկական հարցի միջազգայնացման առաջին քայլն արել է Պոլսի հայոց եկեղեցու ղեկավարը՝ հայրապետը, 1878 թ. Սան Ստեֆանոյում, երկրորդը՝ Պոլսի հայոց եկեղեցու և ապագա հայ առաքելական եկեղեցու ղեկավարը 1878 թ. Բեռլինում: Այն նորից վերաբացել է հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը 1912 թ. [1, էջ 148, 175]: Ահա թե ովքեր էին կանգնած Հայկական հարցի միջազգայնացման ակունքներում, ահա թե ովքեր էին հայ ազգին հերթական արհավիրքների մեջ ներքաշողները՝ եկեղեցու ղեկավարները: Ըստ պատմաբան Աշոտ Մելքոնյանի «Այդ հարցը նորանոր դժբախտություններ բերեց հայ ժողովրդին, հատկապես 1915 թվականին» [1, էջ 149]:

«Սան Ստեֆանոյի պայմանագրով միջազգային դիվանագիտության մեջ մտավ Հայկական հարցը»: Սան Ստեֆանոյի պայմանագրով նախատեսված բարեփոխումները «ոչ միայն չանցկացվեցին, այլև ավելի ուժեղացվեցին արևմտահայերի հանդեպ կիրառվող հալածանքները»: Վ. Վարդանյանը և Ա. Թադևոսյանը նույնպես գտնում են, որ «Բեռլինի կոնգրեսում ընդունած 61-րդ հոդվածը չարիք դարձավ արևմտահայ ժողովրդի համար: Այն սուլթանին հիմք տվեց ոչնչացնելու արևմտահայ ժողովրդին, որպեսզի այդ կերպ վերացվի նաև Հայկական հարցը» [2, էջ 73]:

Ըստ Ա. Սարգսյանի և Ա. Հակոբյանի «…Ոչ միայն դրականապես չլուծվեց Հայկական հարցը, այլև Թուրքիան… սկսեց Հայկական հարցը լուծել թուրքական մեթոդով՝ հայերի մեծ ու փոքր ջարդեր կազմակերպելու և, ի վերջո, Արևմտյան Հայաստանը հայաթափ անելու միջոցով» [3, էջ 172]:

Իրականում ոչ մի գերբնական ուժ էլ չօգնեց թուրքերին և չխանգարեց հայերին: Որովհետև ուժը մարդկանց ձեռքերում է: Երկիր մոլորակի վրա մարդկությունն է աստվածը: Մարդկության անդամները ազգերն են: Ազգերն են իրենց անդամների աստվածները: Հայրենիքներն են ազգերի սրբավայրերը: Ազգին ու հայրենիքին է պետք պաշտել և պաշտպանել անգամ կյանքի գնով: Ինչպես որ ծնողին է պետք պաշտպանել կյանքի գնով, քանի որ մարդու համար ծնողն է աստծո ներկայացուցիչը ընտանիքում: Հայրենիք, ազգ, ծնող. սրանք են մարդու աստվածները: Մյուս աստվածներն ինքնակոչներ են: Սակայն, ուշագրավ է, որ ոչ մի իրական աստված երբեք չի ասել, թե ինքն է աստվածը, ինքնակոչ չի եղել: Տգետ մարդիկ են ստեղծել ինքնակոչ, ավելի ճիշտ՝ մարդաստեղծ աստվածներին: Ստեղծել են և հակադրվել բնության օրենքներին: Իսկ բնության օրենքներով չապրողները շուտ թե ուշ կործանվել են, կործանվում են և կործանվելու են: Եթե ինչ-որ ազգ կործանվել, կործանվում կամ կործանվելու է, ուրեմն նա խախտել է բնության, նույնն է թե՝ կյանքի օրենքները, ուրեմն ճիշտ աստվածների փոխարեն սխալ աստվածների է պաշտել և սովորել նրանցից: Իսկ եթե ինչ-որ ազգ աճել, մեծացել, ծաղկել ու բարգավաճել է, ուրեմն ճիշտ աստվածների է երկրպագել ու սովորել նրանցից:

Եթե հայ ազգի ղեկավարները հասկանային սա և իրենց ենթականերին դաստիարակեին այս ոգով ու գաղափարախոսությամբ, ապա այսքան չէր տուժի հայ ազգը, չէր խայտառակվի ամբողջ աշխարհով մեկ: Հենց սկզբից էր պետք կանխել ուրիշների քմահաճույքներից կախվածության մեջ ընկնելու վտանգը: Վերոհիշյալից բխող բարոյախոսությունը խրատում է, որ հարկավոր է ամեն կերպ խուսափել միջազգային ատյաններից կախվածություն ունենալուց, որովհետև դրանցում վճիռներ կայացնողները հաստատ իրենց օգտին են կայացնելու դրանք, ոչ թե մեր: Մենք մեր վճիռները պետք է ունենանք կյանքի բոլոր իրավիճակների համար և հասնենք դրանց իրականացմանը:

Դեռ ամեն ինչ կորած չէ: Իմաստություն ձեռք բերելը երբեք ուշ չէ: Հարկավոր է սովորել անցյալի փորձից, ի մի բերել այն, արթնացնել ազգի հավաքական գիտակցությունը, ամփոփել ազգի հավաքական իմաստությունը, ձևակերպել դրա դրույթները, սկզբունքները, գերակայությունները և սկսել ազգով հետևել դրանց: Որպեսզի բազմաչարչար հայ ազգի բարգավաճումն էլ օրերից մի օր սկսվի: Որպեսզի հնարավոր լինի ոչ միայն վերականգնել երբեմնի ունեցածը, այլև նոր ձեռքբերումներ ունենալ:

Գեղամ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գրականություն

1. Մելքոնյան Ա. Հայոց պատմություն: Դասախոսությունների ձեռնարկ, 1998, 276 էջ:

2. Վարդանյան Վ. Մ., Թադևոսյան Ա. Պ. Հայոց պատմություն: (Սկզբից մինչև մեր օրերը): Համառոտ ձեռնարկ.-Եր.: Զանգակ-97, 2002.-128 էջ:

3. Սարգսյան Ա., Հակոբյան Ա. Հայոց պատմություն (Հնագույն շրջանից մինչև մեր օրերը): Ուսումնական ձեռնարկ/Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան. Եր. Ճարտարագետ, 2004: 352 էջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    միտք բանին այն է որ լինենք ինքնավստահ եւ հավատանք ինքներս մեզ. օրինակ Արցախի պարագային երբ 25 տարի է հողը եւ ժողովուրդը մերն է ինչու նրա անկախությունը չենք ճանաչում եւ մեր հոյսը դրել ենք 3 երկրների վրա որոնք մեր անցեալի պատմութեան մէջ բացասական ու դավաճանական դեր են ունեցել եւ այսպես շատ օրինակներ կարելի է բերել որ շատ կարեվոր հարցերում արտաքին ուժերին ենք կապում մեր հարցերի լուծումը եւ վերջում միշտ էլ վնասվում ենք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031