Տրավմատիկից մինչև սիրողական և կոսմետիկ դաջվածքներ. ժամանակին խարան և ամոթալի համարվող երևույթն այսօր աշխարհում դարձել է արագ զարգացող և շահավետ բիզնես: Սրբապատկերներ, բնության երևույթներ, հորոսկոպային խորհրդանիշներ, զգացմունքներն արտահայտող բազմազան նշաններ . այս բոլորը մի քանի րոպեների ընթացում դառնում են մարդու կյանքի անբաժան ուղեկիցն ու ինքնադրսևորման ձևերից մեկը:
Դաջվածքը մաշկի տակ ներկանյութերի ներարկմամբ պատկերների, նախշերի, խորհրդանշանների դրոշմում է, որի մշակույթը, ինչպես ցույց են տվել ազգագրական հետազոտությունները՝ հատուկ են աշխարհի համարյա թե բոլոր ժողովուրդներին: Ի սկզբանե մարդաբանները, փորձելով բացատրել դաջվածքի մշակույթի ծագման հիմքերը, առաջնային նշանակություն էին տալիս պատկերների դեկորատիվ էությանը։
Չնայած բազմադարյան քննադատությանը, այն չի վերացել, այլ ժամանակի ընթացքում ենթարկվել է լուրջ փոփոխությունների, և հարմարեցվել է հասարակության բոլոր շերտերի նախասիրություններին։ Եվ ինչպես փաստում են պատմական աղբյուրները, այն միայն քրեական աշխարհի առանձնահատկությունը չէր, ինչպես ընդունված է կարծել, այլ մեծ տարածում ուներ աշխարհի բոլոր ժողովուրդների շրջանում։
Մարդկության պատմության անբաժան ուղեկիցը համարվող այս մշակույթից անմասն չեն մնացել նաև հայերը: Այսօր Երևանի փողոցներում կարելի է նկատել դաջվածքի բազում սրահներ, որոնք առաջարկում են իրենց տարբերվող մոտեցումները,նոր գաղափարները:
Կարդացեք նաև
«Tattoo» ծառայություններից օգտվողների մեջ մեծամասնություն են կազմում 18-30 տարեկանները՝ 50/50 սեռային հարաբերակցությամբ: Դաջվածք անելու ցանկությունը նաև մեծ է անչափահասների շրջանում,սակայն շատ սրահներ պարզապես հրաժարվում են անել:
Նրանք հիմնականում դաջում են խաչեր, եկեղեցական խորհրդանիշներ, կորուստ,սեր, կարոտ արտահայտող նշաններ, աբստրակտ, իրենց իսկ կողմից հորինված էսքիզներ,մոդեռնիստական պատկերներ և այլն: Բավականին տարածված են նաև կոսմետիկ դաջվածքները՝ հոնքերի,թարթիչների,շուրթերի:
Գները տատանվում են մինչև 10,000-50,000՝պայմանավորված խորհրդանիշի չափով,բազմաշերտությամբ:
Ընդհանուր առմամբ ՀՀ-ում կան 25-ից ավելի դաջվածքի սրահներ՝չհաշված դիմահարդարման կենտրոնները:
Երևանի բնակիչ 26 –ամյա Արմենը որոշել է արդեն 7-րդ անգամ չդիմանալ գայթակղությանը և բազում տատուներին ավելացնել ևս մեկը: Խորհրդանիշի հարցում դեռ տատանվում է, ցանկանում է խաչի տեսքով որևէ բան անել, թեև վստահ է, որ հավատը հոգում պետք է լինի,և ոչ թե մարմնի վրա:
Մեր այն հարցին՝ ինչու է հակադրվում Աստվածաշնչյան պատվիրանին՝չպղծել մարմինը, այն էլ սրբի պատկերով, ժպտում է և ասում, որ երկար չի մտածել այդ հարցի շուրջ.
«Երևի թե այս ոլորտի ամենից մեծ խնդիրներից մեկը հենց այն է,որ երկար չենք մտածում անելուց առաջ: Այստեղ մի տեսակ հեգնանք կա դեպի Վերևինը: Ունեմ գայլ, մարդուկ, նշաններ այս անգամ էլ խաչ եմ ուզում: Վաղուց եմ ցանկացել ունենալ,նոր տրամադրվել եմ և անելու եմ, բայց, փաստորեն,դեռ մտածելու տեղ ունեմ»:
Որքան էլ արագ, բայց սահուն չէ դաջվածքի արվեստի զարգացման ընթացքը,քանզի այն իր հետ բերում է նոր մարտահրավերներ և խնդիրներ:
Սանիտարական վատթար պայմաններ, անչափահասների հոսք, խորհրդանիշների չտիրապետում, հոգեբանական անպատրաստի վիճակ, մասնագետների բացակայություն, հեպատիտ A, B, C, ՎԻՉ և սնկային հիվանդություններով վարակվելու հավանականություն, բոլոր խնդիրներին գրեթե ամեն օր բախվում են դաջվածքի սրահները:
«Tattoo Generation» կազմակերպության տնօրեն ,բժիշկ, «Երիտասարդ բժիշկ-գիտնականների միության» նախագահ Տիգրան Ավագյանը նշեց, որ այսօր Հայաստանում չկա դաջվածքի մասնագետ, քանզի ձևավորված չէ այդ ինստիտուտը, չնայած շատ սրահներ փորձում են ինչ-որ քայլեր ձեռնարկել : Օրինակ,իրենց գերխնդիրն է ստեղծել սանիտարական նորմերը մաքսիմալ պահպանող միջավայր,որտեղ բացի դաջումից՝ կլինի նաև ուսուցում, բժշկական խորհրդատվություն,անհրաժեշտության դեպքում բժշկի միջամտություն, ապրանքների տարածում և վաճառք:
Մեր այն հարցին,թե արդյոք դաջվածքից առաջ տարվո՞ւմ են հոգեբանական աշխատանքներ հաճախորդի հետ,նա ասաց,որ իրենք ոչ միայն ցույց են տալիս ստերիլիզիցված գործիքները, այլև կազմակերպում են խորհրդատվություն.
«Եթե նիհար մարմնով մեկը գա և ասի,որ ցանկանում է այդ բարակ բազկին արջ նկարել, պարզ է մեր մասնագետը կմիջամտի և կհորդորի չանել դա,քանզի հետո մեզ կմեղադրեն, և մենք ստիպված կլինեն պատասխանատվություն կրել, ինչը կվնասի թե հաճախորդի կյանքի որակին, թե իրենց գործունեության զարգացմանը: Սա պրիմիտիվ օրինակ է,բայց,նման դեպքեր լինում են: Մենք բացատրում ենք տվյալ սիմվոլի նշանակությունը, տալիս ենք մտածելու և կողմնորոշվելու հնարավորություն:
Դաջվածք անել ցանկանում են դեռ անչափահասության տարիքից, բայց մեզ մոտ ձևավորվել է այն մշակույթը,որ սրահները դաջում են միայն 18 տարին լրացած անձանց,իսկ եթե բժշական է՝ կամ ծնողի ներկայությամբ, կամ կոնսուլտացիայի գրավոր ներկայացմամբ»:
Տիգրան Ավագյանը նաև հավելեց, որ ինչ-որ առումով դաջվածքը նաև վիրահատություն է ,դրա համար պետք է, այսպես ասած,բ ուժական հաստատություն, որտեղ մարդիկ լիարժեք կտիրապետեն այս արվեստին,կսովորեն բժշկագիտական առանձնահատկությունները:
Այս հարցի մասին խոսեցինք նաև Tattoo Sam’s Studio-ի դաջող Սեմի հետ, որը կարևորեց հոգեբանական ասպեկտի շեշտադրումը: Նա բացի նրանից,որ բացատրում է ընտրված խորհրդանիշի նշանակությունը, հոգեբանորեն տրամադրում է և քաջալերում.
«Շատ վախենում են ցավից , սակայն այն ուղեղի մեջ է և ներշնչանքից…Ուրեմն մի օր մի աղջիկ է գալիս՝ նախօրոք տրամադրված և վախեցած ցավից: Որպեսզի նա ցավ չզգար, խաբեցի՝ ասելով, որ ցավազրկող եմ քսում անելուց առաջ, սակայն քսեցի վազելին: Ընթացքում բացարձակ ցավ չէր զգում և վերջում էլ ասաց, որ շատ լավ օգնեց ցավազրկողը: Հետո, իհարկե, գաղտնիքը բացեցի, ու բոլորս ծիծաղում էինք,նման զավեշտական դեպքերը շատ են»:
Վերջում Սեմը նաև հորդորեց մարդկանց անելուց առաջ լավ մտածել, կշռադատել, չսահմանափակվել և գործել «ռամկաներից դուրս»:
Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ