Փետրվարի 15-ից «Առավոտը» ֆոտոլուսանկարների ամենշաբաթյա մրցույթ է հայտարարել՝ «Ընտրությունները եւ մարդու իրավունքները» թեմայով: Այս շաբաթվա մրցանակը ստանում է այս լուսանկարների հեղինակ Անի Թորոսյանը, որը ուղարկել է ոչ միայն լուսանկարներ, այլեւ համապատասխան տեքստ: Շնորհավորում ենք Անիին եւ հրավիրում «Առավոտի» խմբագրություն ստանալու մրցանակը՝ 10 հազար դրամ:
Աշտարակի հիվանդանոցում մարդիկ բուժօգնություն են ստանում փտած ու բորբոսած պատերով բուժսենյակներում, որոշ դեպքերում նաեւ՝ հակահիգիենիկ պայմաններում: Հիվանդասենյակներում տարրական պայմաններ չկան, մահճակալները հին են, մետաղյա ու ժանգոտած: Լուսանկարում հիվանդանոցի խոնավ սենյակներից մեկում մի քանի ամսական փոքրիկը խիստ վտանգավոր, կիսաքանդ մահճակալում է: Հիվանդանոցի այցելուներն ասում են՝ ստիպված են այստեղ գալիս, գյուղին մոտը սա է, բժիշկներից էլ գոհ են, բայց պայմաններն անմարդկային են: «Շարունակելու ենք մարզային բժշկական հաստատությունները վերակառուցելու եւ վերազինելու ծրագրի իրականացումը». սա իշխող ՀՀԿ կուսակցության դեռեւս 2012-2013 թվականների նախընտրական խոստումներից է: 2017-ի ընտրություններն էլ ավարտվեցին, բայց Աշտարակի հիվանդանոցում ՀՀԿ-ի այս խոստումը չիրականացավ:
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի հոդված 5՝ «Մարդու իրավունքների բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս մարդու իրավունքն է ստանալ բժշկական օգնություն եւ սպասարկում հիգիենայի պահանջներին համապատասխանող պայմաններում»:
Կարդացեք նաև
Աշտարակի հիվանդանոցում ոչ միայն այս օրենքն է խախտվում, նաեւ հիվանդանոցն անտեսված է իշխող կուսակցության կողմից, խոստումներն էլ՝ մոռացված:
Լուսանկարը՝ ԱՆԻ ԹՈՐՈՍՅԱՆԻ
«Առավոտ»
29,04.2017