Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեյրան Օհանյանը պիտի ասեր՝ ինքն ինչքա՞ն է թալանել»

Մայիս 01,2017 14:30

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը` Վլադիմիր Գասպարյանի խոստման, Սամվել Բաբայանի, ՀԱԿ-ի խաղաղության ծրագրի մասին

«Ընտրությունների ընթացքին բոլորս ականատես եղանք. դա պարզապես բաց եւ հանցավոր առեւտուր էր սեփական քաղաքացու հետ: Պետական մակարդակով հանցանքներ տեղի ունեցան` ԱԱԾ-ն, ոստիկանությունը, այլ պատկան մարմինները լռեցին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը` անդրադառնալով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին: Նա կարծում է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կատարեց իր խոստումը: Վերջինս, հիշեցնենք, ոստիկանության աշխատակիցների հետ մինչ ընտրությունները կայացած մարզային հանդիպումներում հայտարարում էր, որ «թաղի խուժանի հետ գործ չենք ունենալու»: «Ոստիկանությունը պաշտոնապես գործ չունեցավ այն խուժանի հետ, որը փող էր բաժանում: Կարեւոր չէ` այդ խուժանը ՀՀԿ-ի՞ց էր, թե՞ որտեղից:

Ոստիկանությունը մնաց «մաքուր», մենք էլ ունեցանք այն, ինչ ունեցանք»,- ասում է մեր զրուցակիցը: Դիտարկմանը, որ ընդդիմադիրները, ովքեր հայտարարում էին համակարգը քանդել-ջարդել-փշրելու մասին, շատ արագ համակերպվեցին ընտրությունների արդյունքների հետ, բավարարվեցին միայն մեկ «ընդվզող» հայտարարությամբ, հիմա էլ, կարծես, իրենց դաշինքն է քանդվում, «Կոնգրես-ՀԺԿ»-ն էլ ՍԴ-ում է իր իրավունքները փորձում պաշտպանել, Սուրեն Սարգսյանը արձագանքեց. «Ընդդիմադիր չկար, գոյություն չուներ: ՀԱԿ-ն ընդդիմություն կարող էր լինել, եթե 2008-ին առաջնորդն իրեն պահեր հավուր պատշաճի: Ես չեմ դադարում հարգել Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց այն ժամանակ նա իրեն համարժեք չպահեց, այդ մասին քանիցս ենք խոսել: Հիմա էլ բաներ են խոսում` խաղաղության կուսակցություն… հանցագործների հետ խաղաղության մասին չեն խոսում եւ խաղաղության կոչեր չեն անում երկրին: Ի դեպ, շատ տհաճ բան է այդ խաղաղության կոչը: Այդ երիտասարդները ավել-պակաս խոսում են մեր ամեն մի մահացած զինվորի թիկունքում` տեսեք` «ոչ մի թիզ հող»-ականների խղճին են այդ մահերը:

Շատ վատ ծառայություն է Տեր-Պետրոսյանը մատուցում»: Նա զուգահեռներ է անցկացնում 1918 թվականների այն շրջանի հետ, երբ բոլշեւիկները քարոզ էին տանում, թե թուրքերն այլեւս առաջվա թուրքերը չեն. «Ղարսը թուրքերը գրավեցին Լենինի տված զենքերով եւ կարմիր ֆորմայով` ասելով, որ մենք կարմիր ենք, բոլշեւիկ ենք, ձեր եղբայրն ենք: Հայ բոլշեւիկներն էլ` ղուկաս-ղուկասյանների գլխավորությամբ, ներսից էին այդ քարոզը տանում: Արդյունքում մի ողջ սերունդ հավատաց այդ կոչերին: Հիմա նույն բանն է: Անունները չեմ ուզում տալ` քթերը ջարդած տղերք կան, ավել-պակաս խոսում են, բայց պետք է հասկանալ մի բան` որպեսզի քեզ հետ հաշվի նստեն, դու պետք է ուժեղ լինես: Եթե դու ուժեղ չես, քեզ հետ վարվում են այնպես, ինչպես հարճի հետ են վարվում: Մեզ հարճության կոչեր անել պետք չէ: 600 տարի անց մենք արժանապատիվ կռիվ ենք տվել, որի հրամանատարը Տեր-Պետրոսյանն է եղել, ինքն էլ լավ գիտի դրա գինը: Եթե մենք մեր ես-ը չունենանք, մենք չենք կարող մեր պետությունը պահել: Կարելի է այդ տարածքները մի քիչ դեսը-դենը անել, բայց ոչ մեր արժանապատվության հաշվին: Հակառակը՝ այնքան հեռու պետք է քշել, որ նրանց զինվորի արձակած փամփուշտը իմ զինվորին չհասնի»: Ազատամարտիկը ցավում է, որ ղեկավարությունն էլ համարժեք չէ, որ յուրաքանչյուր զինվորի համար կարողանա համարժեք պատասխան տալ: Համամիտ է Վահան Բադասյանի հետ` կրակակետերը պետք է վերացնել. «Հին տղերքով մենք պատրաստ ենք այդ հարցը լուծել, եթե պետությունը թալանի մոսիներից կազմված չլինի, որոնց ձեռքը կրակն ենք ընկել»:

Մեր զրուցակիցն ընդդիմադիր չի համարում նաեւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին: «Սեյրան Օհանյանը պիտի անկեղծանար արտասվելու աստիճան, որպեսզի լիներ ընդդիմություն: Պիտի ասեր` բանակում ով ինչ է թալանել, ինքն ինչքան է թալանել, եւ ինքն էլ պատրաստ է դատվելու, միայն թե այս հանցախմբից պրծնենք»,- ասաց ազատամարտիկը: Վարդան Օսկանյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին էլ ասում է. «Սփյուռքը երկու մեծ «բռակ» է տվել` մեկն Օսկանյանն է, մյուսը` Րաֆֆին: Իրենց սեփական եսից, թրաշած ու չթրաշած բեղերից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Նրանք հայի, երկրի հոգին չեն հասկանում»:

Միակ մարդը, ով կարող էր ընդդիմությանը համակարգել, իր համոզմամբ, Սամվել Բաբայանն էր, որին ձերբակալեցին: «Լավ է` «Իգլա» քցեցին մոտը, «Իսկանդեր» չէր»,- հումոր է անում Սուրեն Սարգսյանը` հավելելով, որ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի կեղծիքը Սամվել Բաբայանի վրա սարքեցին եւ տարբեր հերյուրանքներ տարածեցին նրա մասին այն պատճառով, որ նա չէր հանդուրժում «այսօրվա իշխողների` այնտեղի պահվածքը. երբ պետք էր, նաեւ ականջներն էին ձգում եւ լավ էին անում` պատերազմական գոտում, ինչպես պատերազմական գոտում»: Նա փաստում է, որ 1992 թվականից Սամվել Բաբայանը հաջողել է լինել թե պաշտպանության, թե հակահարձակման հիմնական կազմակերպիչներից մեկը. «Բաբայան Սամվելը երբեք չթողեց, որ բաց ճակատով կռվի գնանք. թշնամին շատ էր, զինատեսակներն էին արդիական: Բայց մենք քրքրեցինք ադրբեջանական զինուժը` անսպասելի ձեւերով: Հետո՝ Բաբայան Սամվելը կարողացավ Արցախում բանակ կայացնել»: Սուրեն Սարգսյանը ասում է, որ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով դատավոր Սուրեն Ալեքսանյանը հոգեկան խնդիրներ ունեցող մարդ էր, նրան Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին էին ցանկացել Ղարաբաղում դատավոր նշանակել, Սամվել Բաբայանը թույլ չէր տվել. «Երբ Սամվել Բաբայանին ձերբակալեցին, սրան իսկույն դատավորի վեղար հագցրին, ու նա դատեց Սամվել Բաբայանին»: Հարցին` հիմա ի՞նչ վտանգ էր ներկայացնում իշխանության համար Սամվել Բաբայանը, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Սամվել Բաբայանին հավատում էին: Նրա կողքին կկանգնեին շատ նորմալ մարդիկ: Մի քանի խամաճիկներ կային, ովքեր սկզբնական փուլում հավաքվել էին Սամվել Բաբայանի կողքին, բայց շատ արագ նրանք դուրս էին թռնելու, որովհետեւ Սամվել Բաբայանն ունի մեկ այլ շնորհ էլ` տեսնել, զգալ, գնահատել: Նա հասկացել էր, որ իր շուրջ հավաքվածներից մի մասը պարզապես փող բռնող մանրուքներ են»: Ասում է՝ ինքն այդ ընթացքում զրուցել է Սամվել Բաբայանի հետ: Նա ափսոսանք է հայտնել, որ ավելի շուտ չեն հանդիպել: Համոզված է, որ կարելի էր կուռ կառույց սարքել եւ հետ նվաճել ժողովրդի հավատը:

«Ելք»-ի մասով էլ ազատամարտիկը կիսում է մոտեցումը, որ «պրոյեկտ» են: Ավելին, ասում է` ոչ «Ելք»-ը, ոչ «Երկիր ծիրանին» բացարձակ կապ չունեն այս երկրի եւ Երեւան քաղաքի հետ. «Նրանք չգիտեն էլ` Երեւանն ինչ է: Տարոն Մարգարյանն ինչ-որ իմաստով ավելին գիտի. Տարոն Մարգարյանն այս քաղաքում մեծացել է, հասկանում է, նաեւ` լավ ուսուցիչներ ունի: Տարոնը եւ բոլորը մի խնդիր ունեն` համակարգը: Տարոնը վատ քաղաքապետ չի, բայց եթե հիմա որեւէ մեկն ասի, որ Օպերայի շենքը պիտի քանդի, տեղը անառականոց սարքի, մեկ է` անելու է, Տարոնի պապերն էլ գան, չեն կարողանալու ձեռքները բռնեն: Ամբողջ պետությունն է այս համակարգի զոհը»: Սուրեն Սարգսյանին դուր չի եկել նաեւ Աջափնյակում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը: Ասում է` փոխարենը ճանապարհ տային մարդուն, ով րոպե առաջ պետք է տուն հասներ, զանգեց ոստիկանություն եւ իր բնորոշմամբ` գործ տվեց. «Բա էդպիսի ոչ տղամարդկային կեցվածքով քաղաքական թիմ ու քաղաքապետ կլինի՞:

ՀՀԿ-ն ինձ համար այս երկրի թիվ մեկ չարիքն է: Նիկոլն իր «Ելք»-ով` թիվ մեկ գումարած մեկ չարիքն է: Զարուհի Փոստանջյանին մասին ոչինչ չունեմ ասելու: Կին է, էլի, իր համար: Ի՞նչը որտեղից է ճարում, ի՞նչ է անում: Ոչ ոք բանի պետք չեն, իրենք իրենց սպառել են: Բոլորը «բիտա» արած խաղաթղթեր են»: Դիտարկմանը, որ իրեն կմեղադրեն Տարոն Մարգարյանին գովերգելու մեջ, Սուրեն Սարգսյանը հակադարձեց. «Ինձ չի հետաքրքրում: Ես իմ ասելիքը շիտակ եմ ասում»:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

29,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031