Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւան քաղաքի բյուջեում բավական գումար կա»

Մայիս 01,2017 14:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են
Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի թեկնածու Արայիկ Հարությունյանը եւ
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Արդեն քանի օր է՝ Երեւանի ավագանու թեկնածուները երեւանցիների սրտով խոստումներ են տալիս` մետրոյի կայարանները կավելացնենք, տրամվայը հետ կբերենք, տրանսպորտային ցանցը հիմնովին կբարեփոխենք, հարկատուների հաշվին պահվող Երեւանի քաղաքապետարանի ծառայողական մեքենաների թիվը կկրճատենք, հաստիքացուցակն էլ կօպտիմալացնենք:

Լուսինե Բուդաղյան.– Պարոն Հարությունյան, «Ելքն» իր ձայների գրեթե 70%-ը ստացավ Երեւանից, ինչը, կարծում եմ, ավելի պարտավորեցնող է. քաղաքապետ ունենալու դեպքում կարդարացնե՞ք երեւանցիների հույսերը. որտեղի՞ց այն գումարները, որով մետրոյի կայարան եք ավելացնելու, տրանսպորտային ցանցն եք հիմնովին բարեփոխելու:

Արայիկ Հարությունյան.– Ճիշտ եք, մենք մեր ձայների 70%-ը հավաքել ենք Երեւանում, դրա համար մեզ համար հեշտ է անմիջապես ԱԺ ընտրություններից հետո մտնել Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեջ եւ այդպես հընթացս ներգրավվել այդ գործընթացի մեջ: Խնդիրները շատ են Երեւանում, նախորդ իշխանություններն ակնհայտորեն ձախողվել են, որովհետեւ եթե ուսումնասիրում ես նրանց ծրագիրը, որը ներկայացրել են 2013 թ.-ին ու 2017թ.-ին, շատ քիչ բան է արվել, Երեւանը շատ դանդաղ տեմպերով է զարգանում, այս տեմպերով մենք որեւէ տեղ չենք հասնի, քաղաքային իշխանությունների մտածելակերպը եթե չասեմ՝ նախնադարյան է, ապա առնվազն նախորդ դարի մտածելակերպ է:

Երբ բովանդակությանն ուշադրություն չի դարձվում, այլ դարձվում է ավելի շատ ձեւին, ծաղիկներին, մի քանի ավելի խաղահրապարակներին եւ այլն, մինչդեռ մենք պետք է քննարկենք քաղաքի ռազմավարական երկարատեւ զարգացումը: Այստեղ բովանդակություն, մտածելակերպ պետք է փոխվի: Ակնհայտորեն, Հանրապետական կուսակցությունն այդ բովանդակությունը չի կարող փոխել, որովհետեւ Հայաստանի անկախության առաջին տարիներից փաստացի գտնվել է իշխանության, եւ մենք նրա իշխանության հետեւանքներն ամեն օր տեսնում ենք: Միջոցներն, իհարկե, հեշտ չէ գտնել: Ես կարծում եմ, որ Երեւան քաղաքի բյուջեում բավական գումար կա լավ ծրագրեր իրականացնելու համար, պարզապես մենք խնդիր ունենք արդյունավետ կառավարման: Այն կետերը, որի վրա գնում է մեր բյուջետային գումարների մեծ մասը, արդարացի չեն: Օրինակ` նախորդ տարի հրապարակվել է «Փյունիկ» հիմնադրամի հաշվետվությունը` գումարների ներգրավման հետ կապված, եւ մենք տեսնում ենք, որ «Երեւան» հիմնադրամը, որը փոխկապակցված է Երեւանի քաղաքապետարանի հետ, այդ թվում եւ Երեւան քաղաքը, անցյալ տարի ավելի քան կես միլիարդ դրամ են փոխանցել Սերժ Սարգսյանի եղբոր հիմնադրամին: Այստեղ պետք է հասկանալ, թե Երեւան քաղաքի իշխանությունները, որոնք ասում են` սրա համար գումար չունենք, նրա համար չունենք, մետրոպոլիտենի համար մեծ գումարներ է պետք ներգրավել եւ այլն, ինչո՞ւ են այդ գումարները գնում կասկածելի հիմնադրամներին:

Լ. Բ.- Պարոն Պիպոյան, այսօր արդեն մայրաքաղաքի պատասխանատուներն էլ են խոսում նոր տրանսպորտային համակարգ, միասնական տոմսային համակարգ ունենալու մասին: Երկու օր առաջ Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ասաց, որ 2018թ.-ի ընթացքում նախատեսում են ներդնել այդ ամենը, ի դեպ, ասում են, որ առանց տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու են դա անելու, մինչդեռ նախորդ տարիներին ուղեվարձը բարձրացնելու համար որպես հիմնավորում հենց այս էին բերում, որ հնարավոր չէ ունենալ բարեկեցիկ տրանսպորտ առանց թանկացնելու: Հիմա հնարավո՞ր է:

Բաբկեն Պիպոյան.– Երբ 2013 թվականին նույն հասարակական սեգմենտը փորձում էր մերժել տրանսպորտի հանձնաժողովում ներգրավելու փորձը, անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերն էին մերժում, ասացի, որ ես գրեթե միայնակ, բայց պատրաստ եմ գնալ եւ բարձրաձայնել այն խնդիրները, որոնք որ առկա են: Եվ, ըստ էության, կամայական նիստից հետո թափանցիկ հաշվետվություն էի ներկայացնում եւ համապատասխան առաջարկություններ էի ներկայացնում, որոնք կամ պետք է ընդունվեին, կամ մերժվեին: Եվ, թերեւս, օրեր առաջ, հերթական նիստի ընթացքում, կատակով հնչում էր այն թեզը, որ այն հարցադրումները, որոնք մեր կողմից են բարձրացվել այս ոլորտը կարգավորելու համար, ըստ էության, հիմա տրված է միջազգային խորհրդատուներին, որպեսզի կարողանան այդ հարցադրումներին պատասխանել, որովհետեւ փաստացի քաղաքային իշխանությունը երկու տարվա ընթացքում իմ, մեր կազմակերպության փորձագետների բարձրացրած հարցերի պատասխանները չէր տվել:

Իրականում ինձ համար կարեւոր է, որպեսզի խոստումների դաշտից տեղափոխվենք կիրառելիության դաշտ եւ կարողանանք գնահատել իրատեսականությունը: Այսինքն` բոլորս ենք հասկանում, թե ինչ դժվարություններ ունենք եւ ինչ խնդիրների կարող ենք բախվել: Փաստացի տեսնում ենք, որ մի կողմից` այո, որոշակի դրույթներ ըստ էության կրկնվում են, մյուս կողմից՝ մենք տեսնում ենք էլի խոստումներ, որոնց վերահսկելիությունը դեռեւս ժամանակը պետք է տա, որ գա: Շատ կարեւոր է, որպեսզի հասկանանք մեկ բան` փորձագիտական որ խմբի, որ եզրակացությունների հիման վրա է գնահատվել այս կամ այն դրույթի իրատեսականությունը: Ինչու, որովհետեւ նույն քաղաքային իշխանությունների առջեւ նույն հարցադրումն եմ բարձրացրել ընդամենը տասը օր առաջ, որ իրականում տրանսպորտային համակարգի բարեփոխումը բավականին բարդ գործընթաց է, եւ աշխատանքային քննարկման ընթացքում անգամ ադեկվատության ցածր մակարդակ ենք ունեցել:

Հ/կ-ների ներգրավում եւ այլն, սրանք իրականում շատ կարեւոր գործընթացներ են, բայց մյուս կողմից՝ եթե վերցնենք, մենք՝ ինքներս, քաղաքային իշխանություններին մեղադրանք ենք ներկայացրել, որ այս կամ այն հանձնաժողովում նույն զանգվածային լրատվության միջոցների կողմից ընդունված հ/կ-ների թիվը շատ ավելի քիչ է: Այսինքն` մենք համարում ենք, որ այս թիմը, որը որ ներդրված է, իշխանության կողմից ֆինանսավորվող, իշխանության կողմից սերտ համագործակցություն ունեցող հասարակական կազմակերպություններ են: Իրականում հանրային վերահսկողության համար ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ այս կամ այն հանձնաժողովում լինելն անհրաժեշտ չէ, այսինքն` ես ինքս բազմաթիվ հանձնաժողովների աշխատանքներում ներգրավումը մերժել եմ, բայց մյուս կողմից՝ հաջորդ իսկ օրը այդ հանձնաժողովում քննարկված հարցի հետ կապված հանրության առջեւ հաշվետու եմ եղել, թե այս աշխատանքը ոնց է իրականացվում, ոնց չի իրականացվում: Խնդիրը հետեւյալն է. ինձ համար կարեւոր է հասկանալ` արդյոք այս կամ այն բարեփոխումը իրատեսակա՞ն է, թե՞ ոչ, եւ այս կամ այն ռեֆորմի համար ի՞նչ է նախատեսվել, եւ այդ գումարները որտեղի՞ց են նախատեսված:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Քննարկումն ամբողջությամբ` 

«Առավոտ»

29,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031