Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեփական ծուլությունն ու թամբալությունը քողարկելու համար «ԵԼՔ»-ին են ընտրախախտումներ վերագրում»

Մայիս 01,2017 12:30

«Այդ 120 հազար մարդուն ՀՀԿ-ն է ասել՝
մեզ քվե տա՞ն»,- հարցադրում է անում Արամ Սարգսյանը

Ինչպես հայտնի է, ՀՀ Սահմանադրական դատարանը մերժեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը՝ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Դաշինքի դիմումի ուշագրավ կետերից մեկն այն էր, որ ՀՀԿ-ից բացի՝ ընտրախախտումներ էին վերագրվում նաեւ ընդդիմադիր համարվող ուժերին: Մասնավորապես, Խորհրդարան անցած «ԵԼՔ» դաշինքի առնչությամբ դիմումում ասվում էր, որ վերջինս նույնպես ընտրախախտումներ է թույլ տվել՝ ընտրակաշառք է բաժանել, խոստումներ է տվել ընտրողներին, ուղղորդել վերջիններիս: «Առավոտ»-ն այս մասին կարծիք հարցրեց «ԵԼՔ»-ից պատգամավոր ընտրված, դաշինքի մասը կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից: «Չանցնելով խորհրդարան՝ փորձում են մեղավորներ գտնել,…բոլորի համար «մեղավորը» «ԵԼՔ»-ն է, որն իր աշխատանքի արդյունքում հաղթահարեց անցումային շեմը: Բնական է, որ մեզ քննադատում են, բայց անհեթեթ եմ համարում այդ մեղադրանքները»,-ասում է Արամ Սարգսյանը:

Նրա համար զարմանք են առաջացնում մեղադրանքները, թե «ԵԼՔ»-ը կարող էր փող բաժանել կամ ճնշումներ գործադրել մարդկանց վրա: Արամ Սարգսյանն անդրադառնում է նաեւ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե «իրականում համակարգի տերը ՀՀԿ-ն է: ՀՀԿ-ն է որոշում՝ ո՞ր կուսակցություններին թույլ տալ կաշառք բաժանել: ՀՀԿ-ն է որոշում Ազգային ժողովի կազմը»:

Այս առնչությամբ Արամ Սարգսյանը նկատում է. «ԵԼՔ»-ին ավելի քան 120 հազար քաղաքացի վստահել է իր ձայնը: Այդ 120 հազար մարդուն ՀՀԿ-ն է ասել՝ մեզ քվե տա՞ն,…նա՞ է ասել՝ «ելք կա»,…սեփական ծուլությունն ու թամբալությունը քողարկելու համար նման մեղադրանքներ են ուղղում մեզ»:

 

«Առավոտը» զրուցեց նաեւ «ԵԼՔ» դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանի հետ: Նա ծիծաղելի համարեց նշյալ մեղադրանքները: «Չենք կարող չասել ճշմարտությունը, որ իշխանությունները կեղծեցին ընտրությունները: Նրանք 17 տարի շարունակ ստեղծեցին մշակույթ, որում ժողովուրդը մասնակցեց ընտրակաշառքի գործընթացին, բայց, այնուամենայնիվ, քաղաքացիների գաղտնի քվեարկության իրավունքն ապահովված է եղել»,- նկատում է Տիգրան Ավինյանը:

Նա վստահեցնում է, որ «ԵԼՔ»-ի վստահված անձինք ապրիլի 2-ին ապահովել են ընտրողների գաղտնի քվեարկության իրավունքը: «Մարդիկ ում ընտրել են՝ դա էլ արձանագրվել է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

29,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031