Լրահոս
Օրվա լրահոսը

Մուկուչյանը վստահեցնում է՝ գզվռտոց չկա, ԱԺ-ի կազմը հաշված օրերից կասեն

Մայիս 01,2017 12:00

Երբ է ձեւավորվելու 6-րդ գումարման ԱԺ-ն, կառավարությունը
եւ երբ է լինելու նոր կառավարության նոր ծրագիրը

Ապրիլի 2-ին անցկացված ԱԺ ընտրությունների արդյունքները թեեւ հայտնի են, կուսակցությունների միջեւ մանդատները բաշխված են, բայց մինչ օրս ԱԺ-ի կազմն անհայտ է:

Նախորդ ԱԺ ընտրությունները, որ անցկացվեցին 2012-ի մայիսի 6-ին, 25 օր անց՝ մայիսի 31-ին արդեն պատգամավորներին հանձնեցին մանդատները: Մայիսի 29-ին արդեն ԱԺ-ի կազմը հայտնի էր: Իսկ այս ընտրություններին կազմի մասին տեղեկությունները չհրապարակելը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, առ այն, որ ՀՀԿ-ում գզվռտոց է, չեն կարողանում մանդատները կիսել, ձգձգում են:

«Առավոտի» հետ զրուցում այս առնչությամբ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ չի կարելի համեմատել նախորդ ընտրությունների ժամկետների հետ եւ ասել, որ ուշացումներ կան: Պետք է հաշվի առնել, թե ինչ իրավիճակում ենք. «Դա Սահմանադրական դատարանի որոշումից էր կախված: ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկվում էին, մենք ո՞նց կարող էինք ԱԺ-ի կազմը ասել: Ընտրությունների օրվանից հաշված՝ ապրիլի 27-ին այդ ժամկետը լրանում էր: Պատկերացրեք, ԱԺ-ն ձեւավորվեր ու պարզվեր, որ ԱԺ-ի արդյունքները չեղյալ են համարվում»:

Տիգրան Մուկուչյանը վստահեցրեց, որ սա պարզապես իրավական հարց է, որեւէ գզվռտոցի արդյունք չէ: Նա վստահեցրեց, որ նոր ԱԺ-ի կազմը կիմանանք արդեն հաշված օրերի ընթացքում. «Մենք նախապես կուսակցություններին պետք է ասենք արձանագրության կազմման մասին, որ եթե իրենք ունեն ինքնաբացարկներ, մինչեւ այդ բերեն ներկայացնեն»:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ԱԺ առաջին նիստը կլինի 3-րդ հինգշաբթի օրը՝ մայիսի 18-ին:

Այդ նիստը, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, պետք է վարի տարիքով ավագ պատգամավորը, իսկ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ նախագահն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Հենց ԱԺ-ի առաջին նիստի օրը կառավարությունը պետք է վայր դնի իր լիազորությունները: 10-օրյա ժամկետում ՀՀ նախագահը, խմբակցությունների հետ խորհրդակցելով, պետք է նշանակի վարչապետ՝ հաշվի առնելով պատգամավորների մեծամասնության կարծիքը: Նոր Սահմանադրությամբ այս նորմերը չեն փոխվել: Վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում նախատեսվում է ձեւավորել նոր կառավարությունը: Կառավարության կազմը ձեւավորելուց հետո 20-օրյա ժամկետում ԱԺ-ի քննարկմանը կներկայացվի արդեն կառավարության ծրագիրը:

Այս առնչությամբ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ասել էր, որ սրանք առավելագույն ժամկետներն են, եթե, օրինակ, ԱԺ առաջին նիստի հենց հաջորդ օրը՝ մայիսի 19-ին վարչապետը նշանակվի, այս ժամկետները հնարավորինս կկրճատվեն:

 

Հ. Ջ.

«Առավոտ»

29,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031