Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե փորփրենք քաղաքապետարանի բյուջեն, երեւանցիների սիրտը ուրախությունից կպայթի՝ թե ինչքան փող կա»

Մայիս 01,2017 11:30

Երեւանի ավագանու նախընտրական շրջանը, ավելի ճիշտ՝ թեկնածուների քարոզարշավը ակտիվ փուլում է: Ավագանու թեկնածու երեք ուժերն էլ խոստումների պակաս չունեն, երեւանցիներին խոստանում են տրանսպորտի՝ հավերժական չլուծվող թվացող խնդիրները լուծել, մետրոպոլիտենի նոր կայարան կառուցել, կանաչ գոտիներն ավելացնել, Երեւանի կենտրոնը բեռնաթափել եւ այլն:

Երեւանցիների, այսպես ասած՝ հավանությունն են ձգտում ստանալ, բնականաբար՝ քվեի միջոցով, 3 ուժեր, ավագանու թեկնածուներն են՝ ՀՀԿ եւ «Երկիր Ծիրանի» կուսակցություններն ու «Ելք» դաշինքը:

Երեկ «Մեդիա կենտրոնում» մայրաքաղաքի բնապահպանական խնդիրները քննարկեցին «Ելքի», «Երկիր Ծիրանիի», Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու բնապահպանական անկախ փորձագետը:

Բանախոսները համակարծիք են՝ Երեւանում օդի աղտոտվածության մակարդակը բարձր է, Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Դիանա Գրիգորյանը նշեց. «Երեւանում բարձր է բնական փոշու ֆոնը: Մենք գտնվում ենք կիսաանապատային գոտում, դրան ավելանում են տրանսպորտը եւ քաղաքաշինությունը, սրանք անխուսափելի են, քաղաքը զարգանում է: Մենք մշակել ենք կանաչ Երեւան կոնցեպցիան, եւ նոր ավագանու նիստերում քննարկվելու է»:

Երեւանում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն են թողնում նաեւ բաց հանքերը: Քննարկմանը ներկա «Էկոլուր» հասարակական կազմակերպության փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը վստահեցրեց, որ ապրիլի 1-ի դրությամբ Երեւանում 23 ոչ մետաղական հանքերի շահագործման թույլտվություն է տրված:

Ապա Բուռնազյանը հարց ուղղեց. «Երեւանին այդքան հանքեր պե՞տք են, եթե պարզվի, որ մետաղական հանքեր կան Երեւանում, արդյո՞ք դա կշահագործվի՝ կողքին էլ մի հատ պոչամբար»: Քաղաքապետարանի ներկայացուցիչը վստահեցրեց, իհարկե՝ ոչ. «Ընդհանրապես ամբողջությամբ փակել բոլոր հանքերը, չեմ պատկերացնում, որ հնարավոր է ապահովել՝ թույլ չտալ նոր հանքերի շահագործման գործընթաց սկսվի»:
Վերջին օրերին ակտիվ քննարկվում է մայրաքաղաքի ծառերի խորը էտումը, կարծիքներ են հնչում, որ նման էտումները «սպանում են» ծառերը:

Այս առնչությամբ Գրիգորյանն ասաց, որ ծառերի էտումները կատարվում են հանրային քննարկումներից ու լավագույն մասնագետների տված եզրակացություններից հետո. «Թեղի տեսակի ծառի խորը էտը վնաս չի հասցնում շրջակա միջավայրին, դրանից չի տուժել ոչ մի ծառ: Պետք է էտենք, որ ամռանն ունենանք կանաչ սաղարթ»:

«Երկիր Ծիրանիի» ներկայացուցիչ Հայկ Պետրոսյանն էլ անդրադառնալով Գրիգորյանի դիտարկմանը՝ ասաց. «Ասացիք, որ փոշու զանգվածը բարձր է, որովհետեւ Երեւանը կիսաանապատային գոտում է, բայց Լաս-Վեգասն էլ անապատում է գտնվում, սակայն այնտեղ փոշի չկա: Այսինքն՝ սովետական եւ հանրապետական արատավոր երեւույթ է՝ «կռուտիտ եք» լինում»: Պետրոսյանը նկատեց՝ հանքարդյունաբերական արտանետումներց խուսափումների համար կարելի է օրենքը փոխել, չափանիշները խստացնել:

Այս քննարկման ժամանակ Դիանա Գրիգորյանը «Ելքի» թեկնածու Անի Սամսոնյանին դիմելով՝ ասաց. «Դու մասնագետ չես, ընդամենը լրագրող ես»: Սամսոնյանն էլ հակադարձեց. «Լրագրող եմ եղել, հիմա թեկնածու եմ: Ես պայքարել եմ ամեն մի ծառի համար: Դու այն ինստիտուտի մասնագետն ես, որ վերեւից էկավ մի նախագիծ, եւ այդ նախագծում գերակա եղավ մասնավորի շահը, դու որպես փորձագետ ոչինչ չես կարող անել: Այդ նախագծին տալու են թույլտվություն, եւ կտրելու են բազմահազար ծառեր: Դու այդ ինստիտուտի մարդն ես՝ մի մոռացիր, եւ մի մոռացիր, որ քո փորձագիտական վարչությունը չունի ազդեցություն Տարոն Մարգարյանի ու նրա քաղաքական թիմի որոշումների վրա՝ մտնելով կոռուպցիոն գործարքների մեջ մասնավոր շահերի գերակայության համար»:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքում բաց հանքերի շահագործմանը, «Ելքի» թեկնածուն իր մոտեցումը ներկայացրեց՝ նշելով, որ պետք է անցկացվի մանրամասն փորձաքննություն եւ տրվի համալիր եզրակացություն՝ ի՞նչ վնաս է տալիս այդ հանքի շահագործումը:
Քննարկմանը հարց բարձրացվեց՝ «Ելքը» խոստանում է քաղաքային անտառ տնկել, որտե՞ղ եւ ինչպե՞ս է դա իրականացնելու:

Անի Սամսոնյանը պատասխանեց. «Մենք կարող ենք Նորքի, Ծիծեռնակաբերդի, Մոնումենտի անտառները վերականգնել: Հնարավո՞ր է անտառ տնկել, ի՞նչ փողերով, ասեմ՝ այն փողերով, որ Տարոն Մարգարյանը 800 հազար դրամի բլանկ է գնում, կոնյակի բաժակների ու կոնյակների, թանկարժեք ուղեւորությունների գումարների հաշվին: Եթե փորենք քաղաքապետարանի դարակները, բազմաթիվ գնումներ կգտնենք, որոնք անհրաժեշտ չեն Երեւանին: Եթե փորփրենք քաղաքապետարանի բյուջեի ելքերն ու մուտքերը ու հրապարակենք, երեւանցիների սիրտը ուրախությունից կպայթի՝ թե ինչքան շատ գումար կա: Գումարները կան եւ պետք է ծախսվեն արդյունավետ, ոչ թե ատկատներ արվեն»:

Դիանա Գրիգորյանն էլ վստահեցրեց, որ քաղաքապետարանում անիմաստ գնումներ չեն կատարվում:

«Երկիր Ծիրանիի» ներկայացուցիչ Հայկ Պետրոսյանն էլ նշեց, որ քաղաքապետարանի աշխատակազմը ուռճացված է. «Եթե 10%-ով կրճատենք քաղաքապետարանի եւ թաղապետարանների հաստիքները, ընդհանրապես փոփոխություն չի լինի աշխատանքի արդյունավետության մեջ, նրանք պարազիտ են հասարակությունում: Եթե 30%-ով կրճատենք հաստիքները եւ մյուսների աշխատավարձերը 25%-ով բարձրացնենք՝ աշխատանքի արդյունավետությունը 100%-ով կաճի»:

Պետրոսյանը նաեւ նշեց, որ Երեւանի օդը աղտոտվում է նաեւ ավտոմեքենաների արտանետումներից, ինչպես նաեւ անորակ վառելիքից: «Ինչո՞ւ քաղաքապետարանը չի բարձրացնում մեքենաների արտանետումների խնդիրը՝ պահանջի որակյալ սարքեն, սարքավորումներ կան, տեղադրեն մեքենայում՝ արտանետումը կնվազեցնեն:
Եթե վառելիքը չի փոխվում, ուրեմն օրենք սահմանենք, թե ինչ տեսակի վառելիք պետք է վաճառվի Երեւանում»:

Քաղաքապետարանի ներկայացուցիչն էլ արձագանքելով Պետրոսյանի հայտարարությանը՝ ասաց. «Համաձայն եմ, եթե կարող եք նման իրավական ակտ մշակել ու ներկայացնել, որով կսահմանվի ներկրել այդպիսի վառելիք, ուրախ կլինենք»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

29,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031