Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մուկուչյանը կռուտիտ է անում»

Մայիս 01,2017 10:44

Ըստ Լեւոն Զուրաբյանի, իրենք «քարկապ» են գցել Մուկուչյանին,
իսկ ՍԴ դատաքննությունը եղել է «ֆարս»

Սահմանադրական դատարանը երեկ որոշում կայացրեց մերժել ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի պահանջը եւ ԿԸՀ որոշումը թողեց անփոփոխ: ՍԴ-ն որոշումը հրապարակեց առանց ՀԱԿ-ՀԺԿ ներկայացուցիչների: Նրանք չէին եկել: Մինչ որոշումը Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ սա «ֆարս է» ու լքել էր դահլիճը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքերով՝ նման դիմում երբեւէ ներկայացված չի եղել ՍԴ, թե՛ իրավական, թե՛ ապացույցների տեսանկյունից որեւէ պատշաճ հիմնավորում չունեցող դիմում է:
«Առավոտը» զրուցեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանի հետ: Նա հակադարձեց Մուկուչյանին, թե իրենց դիմումը հիմնազուրկ է. «Ես էլ կասեմ, որ երբեւէ այսքան խեղճ, ճղճիմ պաշտպանություն չեմ տեսել»:

Մեր դիտարկմանը, որ ըստ Մուկուչյանի, իրավական դատողություններից զուրկ է դիմումը, կրկնություններ կան եւ էջերի քանակ եք ավելացրել՝ տպավորություն ստեղծելու համար, Զուրաբյանը պատասխանեց. «Ես էլ կասեմ, որ ԿԸՀ-ն եւ մնացած հարակից կողմերը երբեք այսքան պարտակելով, անտեսելով ապացույցները, ամեն ինչ անելով ՀՀԿ-ին արդարացնելու համար այդ ընտրակեղծարարության հանցագործությունը՝ չեն արել»: Հետո Լեւոն Զուրաբյանը հավելեց. «Սա, իհարկե, մի քիչ չափազանցված է, իրենք միշտ նույն գործն են անում»:

Սահմանադրական դատարանում նիստի ժամանակ մի քանի միջադեպ եղավ՝ Լեւոն Զուրաբյանի ցուցամատի հետ կապված: Տիգրան Մուկուչյանին նյարդայնացնում էր Զուրաբյանի ժեստիկուլյացիան եւ ցուցամատով խոսելը: Երբեմն վեճն այն աստիճան էր թեժանում, որ միջամտում էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Լրագրողների հետ զրույցում Տիգրան Մուկուչյանը խոսելով Զուրաբյանի ցուցամատ թափահարելու մասին՝ ասաց. «Երբ առկա է խորը հիասթափություն, սկսում են տեղի տալ էմոցիաները»:
Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ Տիգրան Մուկուչյանը չափազանց շատ է կախվում իմ ցուցամատից»:

Բացի այդ, ըստ Լեւոն Զուրաբյանի, Տիգրան Մուկուչյանը ՍԴ-ում իրենց բարձրացրած կոնկրետ հարցերին տալիս է խուսափողական պատասխաններ. «Ժողովրդի ժարգոնով ասած՝ կռուտիտի մակարդակի է, կռուտիտ է անում: Բայց ես հասա իմ ուզածին, որովհետեւ բոլորի համար պարզ է ինչ է կատարվել: ՀՀԿ-ն կազմակերպել է տնօրեններին, որ նրանք հավաքեն, ցուցակագրեն ծնողներին: Բոլորը հասկանում են, որ սա հանցագործություն է, սա ընտրակեղծարարություն է եւ միայն այս հանցագործությունը լրիվ բավարար է, որ ընտրությունների արդյունքները ճանաչվեն անվավեր: Ուստի հենց այստեղ նրանք ընկնում են քարկապ: Կատարվածի կազմակերպված լինելու լրացուցիչ ապացույցն այն է, որ իրականում նա փակել է այդ գործի վարույթը, չի տարել դատարան: Դրա համար պիտի բացատրություններ ստանար բոլորից»:

Այս օրերին ՍԴ նիստերի ժամանակ փաստաբան Տիգրան Եգորյանը եւ Լեւոն Զուրաբյանը բավականին տեւական ժամանակ Տիգրան Մուկուչյանին հարցեր էին ուղղում այդ բացատրությունների հետ կապված, թե գործին կցված տնօրենների բացատրությունները կոնկրետ ո՞վ է ստացել ԿԸՀ-ից: Մեկ Մուկուչյանն ասաց, որ գործի նյութերում այդ ամենը կա: Հետո պարզվեց, որ նման տեղեկություն գործի նյութերում չկա: Մի քանի հարցադրումներից ու հայտարարություններից հետո, որ «մենք կասկածներ ունենք, որ այդ բացատրությունները դուք չեք վերցրել»՝ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ անուններ չի տա ու չի ասի, թե ով է եղել այդ բացատրությունները վերցնողը:

Մեզ հետ զրույցում Լեւոն Զուրաբյանը Մուկուչյանի այդ հայտարարությունը շատ արժեքավոր համարեց, ասելով, որ հասան իրենց ուզածին: Ըստ նրա, Մուկուչյանը չէր կարող որեւէ մեկի անունը տալ, որովհետեւ գիտի, որ պետք է սուտ ասի. «Ինքը հրաժարվեց տալ այն մարդու անունը, ով զբաղվել է բացատրություններով, ինքը գիտի՝ այդ բացատրությունները երբեք չի ստացել: ՀՀԿ-ն է այդ բացատրությունները բերել տրցակով հանձնել է: Սա ապացուցում է, որ սա համակարգային կազմակերպված հանցագործություն է»:

Ըստ պարոն Զուրաբյանի, ընտրությունները անվավեր կարելի է համարել միայն այն պատճառով, որ իրականում ՀՀԿ-ն բոլոր մանկապարտեզների եւ դպրոցների տնօրեններին հրահանգ է տվել ճնշումներ գործադրել աշակերտների ծնողների վրա եւ հավաքագրել իրենց՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար, հետո էլ այդ ցուցակները հանձնել է մարզպետարաններին եւ ՏԻՄ-երին, որը նաեւ ապացուցում է՝ կա հավելյալ պետական ռեսուրսի կիրառում. «Սա համատարած, պետականորեն կազմակերպված հանցագործություն է եղել: Խոսքը 380 հազար աշակերտների ծնողների մասին է: Այս հանգամանքը բավարար է, որ համարենք, որ այդ ընտրակեղծարարությունը էապես ազդել է ընտրությունների արդյունքների վրա»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

29,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031