Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. Սա, հիրավի, մարդկային արժանապատվության տոն է

Մայիս 01,2017 10:24

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ:

Մայիսի 1-ին աշխարհի աշխատավորներն ավանդաբար նշում են իրենց տոնը և փառաբանում ազնիվ գործը: Սա, հիրավի, մարդկային արժանապատվության տոն է:

Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձևավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաև մեր իրականության մեջ:

Այդ արժեքները սերնդեսերունդ մեզ են փոխանցել մեր ծնողներն ու նախնիները, ուստի մենք նույնպես պարտավոր ենք դրանք անխաթար փոխանցել մեր զավակներին ու ժառանգներին:

Այսօր՝ Հայաստանի անկախ պետականության պայմաններում, մենք պարտավոր ենք նորովի անդրադառնալ այդ ավանդույթներին և ամրապնդել դրանք:

Աշխատասիրությունը, աշխատանքի հանդեպ ստեղծագործ և նորարարական մոտեցումները, հանրային տարբեր դասերի և խավերի համերաշխությունը մեր հայրենիքի կայուն զարգացման ամենաամուր հիմքերն են: Վստահ եմ, որ դա է Հայաստանում արմատական փոփոխություններն իրականություն դարձնելու և տնտեսությունն արդիականացնելու ամենաճիշտ ճանապարհը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր երկրի բարօրության հիմքում բարիք արարող մարդիկ են, այսինքն՝ դուք: Կրկին շնորհավորելով այս նշանակալի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ ձեր կյանքը լեցուն լինի հետաքրքիր և արգասաբեր աշխատանքով, նոր գաղափարներով և խիզախումներով, որոնք լույս, ջերմություն և բարեկեցություն կբերեն Հայաստանի ամեն մի ընտանիքի:

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031