Այս ձեւով մարինացված ձուկը շատ նուրբ համ ունի, հարմար է եւ աղցանների համար եւ փոքրիկ սենդվիչների, իսկական դելիկատես է, տոնական սեղանների զարդ: Կարելի է պատրաստել նաեւ խոշոր իշխանի ֆիլեից: Պատրաստման եղանակը` անգլիացի հայտնի խոհարար եւ հաղորդավարուհի Դելիա Սմիթինն է:
Անհրաժեշտ մթերքները
Սաղմոնի կամ իշխանի ֆիլե- 500 գրամ
Համեմի չաղացած սերմ- 1,5 թեյի գդալ
Կարդացեք նաև
Սեւ հատիկավոր պղպեղ- 1,5 թեյի գդալ
Գլուխ սոխ- 1 խոշոր գլուխ (օրիգինալ բաղադրատոմսում 5 գլուխ շալոտ է, որը հայաստանյան շուկայում չկա)
Դափնու տերեւ- 4 հատիկ
Կիտրոն- 2 հատ
Մանանեխ (ցանկալի է դիժոնյան հատիկավոր)- 1,5 թեյի գդալ
Եղեգնաշաքար (շագանակագույն շաքար)- 1 ճաշի գդալ
Ձիթապտղի յուղ- 100 մլ
Պատրաստման եղանակը
Ձկան ֆիլեն` առանց կաշվի, բաժանել չորս կտորի, դնել ապակյա տարայի մեջ: Թավան տաքացրեք կրակի վրա, համեմի սերմն ու հատիկ պղպեղը լցրեք թավայի մեջ եւ թողեք 1 րոպեի չափ` թավան անընդհատ շուռումուռ տալով: Դրանից հետո մանրացրեք հավանգով կամ դրեք լցրեք տոպրակի մեջ եւ գրտնակով ծեծեք: Մանրացված պղպեղն ու համեմի սերմը լցրեք ձկան վրա, տակը եւ կտորների արանքները:
Կտրատեք մաքրած եւ լվացած սոխը, մեկ կիտրոնը, մանրեք դափնու տերեւները: Նույնպես տեղավորեք ձկան վրա, տակը եւ կտորների արանքներում:
Մյուս կիտրոնի հյութը քամեք, մանանեխի, եղեգնաշաքարի եւ ձիթապտղի յուղի հետ լավ խառնեք: Ավելի հարմար է լցնել փոքրիկ բանկայի մեջ եւ լավ թափահարել: Ապա միատարր դարձած խառնուրդը լցրեք ձկան վրա: Ձուկը ծածկեք պոլիէթիլենե թաղանթով, վրան էլ դրեք որեւէ ծանրություն: Ես, օրինակ, որպես ծանրություն օգտագործում եմ գետաքարեր: Կարելի է նաեւ ջրով լցված կաթսա կամ շիշ դնել:
Դնել սառնարան` առնվազն 24 ժամով: Կարելի է օգտագործել 10 օրվա ընթացքում:
Կարելի է մատուցել խաշած կարտոֆիլի հետ` վրան լցնելով նաեւ ձկան մարինադից, որը շատ համեղ է: Կարելի է սենդվիչներ պատրաստել` սեւ հացի վրա սերուցքային պանիր կամ կարագ քսած, վրան ձկան բարակ կտոր, վարունգ կամ ավոկադո: Կարելի է նաեւ շատ համեղ տոնական աղցան պատրաստել: Աղցանի համար պետք է վերցնել 1 ավոկադո, աղցանի տերեւներ, ռուկոլա, 1 թուրինջ կամ 0,5 պամելո: Աղցանի տերեւներն ու ռուկոլան լցնել աղցանամանի մեջ, վրան աղ եւ սեւ պղպեղ անել: Ապա վրայից դասավորել կտրատած ավոկադոն եւ թուրինջը (կամ պամելոն), եւ մանր կտրատված ձկան կտորները: Աղցանի վրա լցնել ձկան մարինադի հյութից: Անչափ համեղ է` հատկապես սպիտակ գինու հետ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ