Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մինչև ապրիլ չապրածներն էլ են հերոսներ

Ապրիլ 30,2017 15:49

Երկար ժամանակ չէի ցանկանում անդրադառնալ այս հարցին, որը մեծագույն ցավ է պատճառում ինձ ու վստահ եմ բոլոր նրանց, ովքեր ապրել են նույն ողբերգությունը՝զինվոր են կորցրել: Զինվոր, ով զոհվել է նույն թշնամու դավադիր կրակոցից կամ ձեռնարկած դիվերսիոն գործողությունների արդյունքում: Նրանք զոհվել են, քանի որ պատրաստ են եղել մինչև վերջին շունչը կռիվ տալ թշնամու դեմ, անմնացորդ տրվել պայքարին: Եկե’ք համաձայնեք, որ օրացույցի վրա չկա այնպիսի ամիս, որի ընթացքում հայկական կողմը զոհեր չի ունեցել, սակայն ինչո՞ւ է անընդհատ առանձնացվում ապրիլ ամիսը, ապրիլյան պատերազմը, ապրիլյան զոհերը:

Զոհված զինվորը ոչ մի մեղք չունի, որ զոհվել է ոչ ապրիլին: Նման տարանջատում դնելով` բազմապատկվում է մեր՝ որդեկորույս մայրերիս վիշտը, անտեսվում է մեր ծանր կորուստը: Հերոս ծնած մայրերի միակ մխիթարանքն ու ցանկությունն այն է, որ իրենց որդիների անունը հավերժ վառ մնա պատմության մեջ և համապատասխան ուշադրության արժանանա, իսկ խտրականություն մտցնելն այս պարագայում առնվազն անհարգալից քայլ է:

Իմ որդին՝ Արամայիս Ոսկանյանը, եղել է 2016թ.-ի առաջին զոհը, նա զոհվել է հունվարի 9-ին` թշնամու գնդակից: Նա իր կրտսեր ընկերոջից տեղեկանալով լսվող կասկածելի ձայների մասին` իր պաշտպանության տակ գտնվող տարածքը հանձնել է նրան և գնացել դիտարկում կատարելու, որի ընթացքում էլ դիպուկահարի կողմից ստացելէ մահացու վիրավորում: Նա այդպիսով փրկել է ընկերոջ և միաժամանակ տվյալ դիրքում գտնվող զինվորների կյանքը, քանի որ նրա զոհվելու հենց հաջորդ օրը տվյալ դիտակետի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է դիվերսիոն հարձակման փորձ և 2 զոհ տալով հետ շպրտվել: Սա չի՞ նշանակում արդյոք , որ որդիս կռվել է թշնամու դեմ, հավատացած եղե’ք, որ նա իրեն նույն կերպ կդրսևորեր ցանկացած ռազմական գործողության ժամանակ:

Այս սխրանքի համար որդիս պարգևատրվել է ԼՂՀ և ՀՀ նախագահների կողմից «Արիության» մեդալով: Սրանք փաստեր են և մանրամասներ, որոնց մասին պարտավոր են իմանալ բոլորը, առավել ևս լրատվական դաշտերը: Զինվորը զինվոր է, զոհը՝ զոհ, անկախ զոհվելու տարեթվից և ամսից: Ապրիլին , հունվարին և ցանկացած ամսին իրենց կյանքը զոհած մարտիկները հավասար պիտի’ հիշվեն և հարգվեն բոլորի կողմից:

Անուշիկ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930