Aravot.am-ը նամակ էր ստացել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի «ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկից, որը տեղեկացնում էր, թե Արթիկի թիվ 4 մանկապարտեզում լարված իրավիճակ է․«ժուչոկ» են գցել մանկապարտեզի վարիչի սենյակում՝գաղտնալսելով նրա բոլոր խոսակցությունները։ Aravot.am-ը կապ հաստատեց տվյալ մանկապարտեզի վարիչի՝ Հասմիկ Աջամօղլյանի հետ, որը հաստատեց այս տեղեկությունը։
Տիկին Աջամօղլյանն Aravot.am-ին պատմեց, որ մի քանի օր է իր գլխավորած մանկապարտեզում Արթիկի քաղաքապետարանի կողմից ստուգումներ են անցկացվում, երբ բացել է պահարանը, որ փաստաթղթեր հանի, գաղտնալսող սարքն ընկել է։ «Դեպքը տեղի է ունեցել այն սենյակում, որտեղ նստում ենք ես ու հաշվապահը, գաղտնալսող սարքը պատահական պոկվեց, ընկավ, այդ պահին հաշվապահը տեղում չէր, բայց իր պայուսակը դրված էր։ Հաշվապահն եկավ, ասացի՝ քո պայուսակից բան ընկավ, վերցրեց, ասաց՝ իմ պայուսակից չէ, սարք է։ Գաղտնալսող սարքն ամրացված է եղել պահարանի տակ, պահարանի դուռը մի քանի անգամ բացել-փակելուց հետո ընկել է։ Հաշվապահը վերցրեց, «Վիվասելի» հեռախոսային քարտ էր տեղադրված գաղտնալսող սարքի մեջ, կարմիր լույսը վառվեց, սարքն աշխատում էր», -ասաց տիկին Աջամօղլյանը։
Թե ո՞վ է տեղադրել սարքը ու փորձել գաղտնալսել, տիկին Աջամօղլյանն անուններ չտվեց՝ ասելով, որ չի ուզում ենթադրություններով, կասկածանքերով անուններ հրապարակել։ Նա նշեց, որ իրավապահներին չի դիմել։
«Ես որպես տարեց կին, որպես երկար տարիների մանկավարժ՝ ամաչում եմ այն համաքաղաքացիների փոխարեն, որոնք արել են դա։ Շատ վիրավորված եմ․ այդ կաբինետում բոլորը կանայք են, ինչպես կարելի է նման բան անել»,-ասաց տիկին Աջամօղլյանը։ Նշենք, որ նա 40 տարվա մանկավարժ է, 17 տարի շարունակ գլխավորում է տվյալ մանկապարեզը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ