Նորք-Մարաշում այսօր քաղաքացիների հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն անդրադարձավ «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ պարբերաբար հնչող հայտարարությանը, թե «Տարոն Մարգարյանի հուսահատության գազելներից ու մահվան լիֆտերից ելք կա»:
Մասնավորապես Երեւանի բազմաբնակարան շենքերի վերելակների վերաբերյալ գործող քաղաքապետն ասաց. «Այո, իրականում շատ վտանգավոր է, փորձում ենք մեր հնարավորության սահմաններում խնդիրը լուծել: Վերելակային տնտեսությունը քայքայված է: Այդ խնդիրը լուծելու ենք, ունենալու ենք շահագործման մեկ օպերատոր»:
Կարդացեք նաև
Ապա` Տարոն Մարգարյանը նկատեց. «Եթե մեր ընդդիմախոսները նոր են վերելակ ու տրանսպորտ նստում, մենք չորս տարի առաջ փորձեցինք մեր թիմով ներկայացնել ժամանակավոր լուծման տարբերակ, որը չընդունվեց: Մենք ընդունեցինք ժողովրդի ընդվզումը (նկատի ունի տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ուղղված բողոքի ցույցերը.-խմբ.) եւ նման քայլ չարեցինք»:
Մայրաքաղաքի երթեւեկության առնչությամբ էլ Տարոն Մարգարյանը հավաստիացրեց, որ ձեռքները ծալած չեն նստել, վարձել են խորհրդատուների, որոնք այս տարիներին ուսումնասիրել են խնդիրը եւ շուտով Երեւանի տրանսպորտային ցանցի արդիականացման ծրագիր կներկայացնեն:
ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն մեկնաբանեց նաեւ «ԵԼՔ»-ի ահազանգերն այն մասին, որ իր վերընտրվելու դեպքում տրանսպորտի սակագինը թանկանալու է. «Ցանկություն ու նպատակ չունենք տրանսպորտի գինը թանկացնել: Մեր առջեւ խնդիր ենք դրել՝ ժողովրդի համար լրացուցիչ բեռ չառաջացնել»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ