Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Հայաստանի ժողովրդին, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին

Ապրիլ 29,2017 19:07

Այն, որ Հայաստանյան բանկերը և նմանատիպ գործառույթներ իրականացնող տարաբնույթ վարկային կազմակերպություններն արդեն տարիներ շարունակ՝ բառիս իսկական իմաստով, օգտվելով մեր ազգաբնակչության ճնշող մեծամասնության ծանր սոցիալական ու ֆինանսական վիճակից, բանկերի գործառույթների վերաբերյալ նրանց իմացության պակասից, բառիս ուղիղ իմաստով ֆինանսապես մորթազերծ են անում Հայաստանի բնակչության այդ խավին, վաղուց չի զարմացնում ոչ մեկին, սակայն այն, ինչի մասին քիչ անց բարձրաձայնելու եմ, իսկապես աշխարհի վերջն է…:

Ավելորդ է նշել, թե այս տարիների ընթացքում վերը նշված բանկերը և կազմակերպություններն ինչ խաղեր են խաղացել Հայաստանի ժողովրդի գլխին: Այս թեմային հետ կապված, չափազանց կարևոր ու առանցքային մի երևույթի մասին անհնար է չբարձրաձայնել. վերը նշված բանկերը և կազմակերպությունները անհամեմատ ցածր տոկոսներով վարկավորվում են պետության կողմից, ի դեմս ԿԲ-ի՝ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի ժողովրդին հատկացված վարկերից, իսկ արդյունքում,  ինչպես իրենց սիրտը ուզում է, այնպես էլ՝ առանց որևէ կանոնակարգման (սկզբունքի) ու ինչպիսի տոկոսադրույքներով ցանկանում են, այդպիսի տոկոսադրույքներով էլ՝ նույն ժողովրդի համար եկած վարկերը՝ չափազանց բյուրոկրատ մեթոդներով, վարկերի ձևով հատկացնում են ժողովրդին: Ինքս երբևէ չեմ վարկավորվել արտասահմանյան որևէ երկրում, սակայն բազմաթիվ անգամներ լսել եմ, որ այդ երկրներն իրենք են չափազանց ցածր տոկոսադրույքներով վարկային առաջարկություններ անում՝ ինչպես իրենց բնակիչներին, այնպես էլ այնտեղ ապաստանող այլ երկրների քաղաքացիներին:

Այլ խոսքով, այդ երկրները վարկերը հատկացնում են ոչ թե մարդկանց սնանկացնելու կամ թալանելու, այլ հատկացնում են միմիայն նրանց օժանդակելու նպատակով (ապացույցը՝ հատկացվող վարկերի չափազանց ցածր տոկոսադրույքներն են): Գաղտնիք չէ, որ մեր երկրում վարկավորված բնակչության մեծ մասն արդեն սնանկացած է, դասակարգված է (էն, որ ասում են ընկել են սև ցուցակ), անվճարունակ է (արդարության դեմ չմեղանչելու համար նշենք նաև, որ որոշ դեպքերում այդ վիճակներում հայտնվելու համար մեղավոր են նաև հենց վարկառուները, քանի որ նշված հարցերում նրանց մի մասի մոտ կա իմացության պակաս, իսկ մնացած մասը վարկերի ձևակերպման գործընթացներում ցուցաբերում է,իմիջիայլոց, մոտեցում) և նրանց հետագա ճակատագիրը՝ մեղմ ասած, չափազանց մշուշոտ է: Թող ընթերցողը վերը ասվածն ընդունի որպես հիմնական ասելիքի նախաբան:

Այժմ, ըստ էության: Ս.թ. ապրիլի 12-ին բջջային հեռախոսիս վրա հաղորդագրություն եկավ այն մասին, որ «Runa info» վարկային միջնորդ կազմակերպությունը վարկեր է հատկացնում և հետաքրքրված մարդիկ կարող են դիմել: Ես էլ՝ որպես բոլորից մեկը, ճշտեցի նրանց գործունեության հասցեն և գնացի: Նախ` նշեմ, որ համապատասխան աշխատակիցն ինձ հեռախոսով չտեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը միջնորդի դեր է կատարում, այսինքն` միջնորդ կազմակերպություն է բանկերի ու բնակիչների միջև և իմ հերթական հարցին, թե ինչ տոկոսադրույքով են հատկացնում վարկը, նա պատասխանեց, որ հատկացնում են ամսական 2,08 տոկոսով ու նշեց նաև, որ 0,8 տոկոսը իրենց կողմից մատուցվող ծառայության գումարն է: Դե, մտածեցի, որտեղ 2 տոկոսը, այնտեղ էլ 2,08-ը և մեկնեցի «զոհաբերության վայր»:

Հետաքրքրական է, որ հավանաբար զուգադիպաբար, այդ կազմակերպությունը գործում է սրբավայրի՝ «Սուրբ Սարգիս» Առաջնորդանիստ եկեղեցու անմիջական հարևանությամբ: Այնտեղ ինձ ընդունեցին բավականին պատշաճ և վերջին աշխատակցի՝ վարկային մասնագետի հետ հանդիպումն ուղղակի ցնցեց ինձ: Նա ասաց, որ ինչ գումար էլ փորձեմ ստանալ, գումարի 30 տոկոսը գանձելու են միանգամից, իսկ տոկոսները պետք է մարվի համապատասխան ժամանակացույցով՝ ամբողջ գումարի՝ ամսական 2 տոկոսի չափով: Անկեղծ ասած, զարմանքից լլկվել էի և չէի կարողանում խոսել: Ինձ թվում էր, որ ես ոչ թե սովորական վարկային կազմակերպությունում եմ, այլ մի վայրում եմ, որտեղ բացի ռեկետին բավականին նմանվող փորձից, այլ գործառույթ չի իրականացվում…

Անկեղծ ասած, ես չեմ տիրապետում Հայաստանում գործող բոլոր բանկերի և վարկային կազմակերպությունների փաստացի գործառույթների վերաբերյալ տեղեկատվությանը, հետևաբար նաև դրանց գործունեության նմանություններին ու տարբերություններին՝ առաջարկվող տոկոսադրույքների, հատկացվող գումարների հետ գանձումների մեխանիզմներին, սակայն մի բան անտրամաբանական է, որ պետության կողմից տրված վարկերը նրանք ժողովրդին հատկացնում են կամայականորեն՝ առանց ԿԲ-ի կողմից մշակված վերահսկողական կանոնակարգումների ու հավանաբար, ամեն ինչ թողնված է այդ վարկատուների կամքին ու «խղճին»: Ինձ կարող են ասել. այ ախպեր ջան, չէ՞ որ, մեր ժողովրդի մոտ ամեն ինչ  «կարգին է», ի՞նչ ես իզուր տեղն ընկել փորփրում, թող էդ մի բանն էլ էդպես լինի: Այ, ես դրան պատասխան չունեմ, քանզի ամենուրեք էլ կան «բացառություններ…»: Էլ չեմ խոսում այն մասին, որ հնարավոր է բարձրաձայնվածից ավելի դաժան պայմաններով գործող նմանատիպ կազմակերպություններ էլ կան, որոնցից ընդհանրապես տեղյակ չենք…

Դիմում եմ ՀՀ ԿԲ նախագահ պարոն Ա. Ջավադյանին, որպեսզի ժողովրդին հրապարակավ պարզաբանի, թե ԿԲ-ի կողմից տրված ինչպիսի՞ լիցենզիայի հիման վրա է գործում այդ կազմակերպությունը և այդ լիցենզիայով ինչ իրավասություն ունի տվյալ կազմակերպությունը՝ տրվող գումարի 30 տոկոսի անմիջական գանձումը միանգամից իրականացնելու համար (մի գուցե ճիշտը 60 տոկոսն է) և ի վերջո, գուցե անհրաժեշտություն կա ընդլայնելու նման ընթացակարգով աշխատող միջնորդ վարկային կազմակերպությունների աշխարհագրությունը, որպեսզի օրենքին անտեղյակ ամբողջ բնակչությունը միանգամից և վերջնական սնանկանա:

Կարծում եմ, որ այս գործունեությունից շատ վատ հոտ է գալիս, հակառակ պարագայում ստացվում է, որ այս երկիրը գործում է առանց կանոնակարգումների և ում մտքով ինչ անցնի, կարող է իրականացնել՝ թեկուզ ժողովրդին սնանկացնելու գնով…

Թող Տերը մեզ փրկի նմանատիպ «նորամուծություններից»…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930