Այսօր «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ավագանու անդամի թեկնածուների հետ շրջում էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավ-արեւմտյան թաղամասում: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս թաղամասում շատ է տեսնում անբարեկարգ բակեր: Բակերից մեկում նա բնակիչների հետ զրույցում ասաց, որ ձեր բակում շատ հանգիստ կարելի է խաղահրապարակ կառուցել, բայց ավտոտնակներ կան: Կարելի է ե՛ւ ավտոտնակների սեփականատերերի շահերը չոտնահարել, ե՛ւ կառուցել խաղահրապարակ:
Լրագրողները Փաշինյանին փոխանցեցին, որ իրենց ծրագրերի հետ կապված շատ են ասում, որ դրանք անիրատեսական են: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այն մարդիկ, որոնք ընդհանրապես հուսահատության քաղաքականության կրողն են, ցանկացած պոզիտիվ բան անիրատեսական է: Իրենց կարգախոսը հետեւյալն է՝ մի քիչ էլ կվատանա ու տենց էլ կմնա: Մենք ասում ենք՝ կլավանա, կլավանա ու պիտի լավանա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ