Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանահայը չարժանացաւ գէթ մի սփոփիչ-ցաւակցական խօսքի կամ ուղերձի». Թեհրանի «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր

Ապրիլ 29,2017 18:03

Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի այս օրերին, բազմաթիւ եղան միջազգային արձագանգները՝ պահանջատէր հայութեան դարակերտ վիշտն ու ցասումը, իրաւունքն ու արդար հատուցումը յարգելու եւ այդ առթիւ բարձրաձայնելու իմաստով: Այս տարի մի քանի քաղաքների ու նահանգների իրաւական հաստատութիւնների զուգահեռ, եղան բազմաթիւ անհատ-հեղինակութիւններ ու քաղաքական-հասարակական գործիչներ (ընդորում՝ թուրքեր եւ քրդեր), որոնք իրենց դատապարտութեան ու նւազագոյնը՝ ցաւակցութեան խօսքերն ուղղեցին ողջ հայութեանը:

Որպէս պահանջատիրութեան նոր ձեռքբերում ականատեսը եղանք ԱՄՆ-ի Սենատում հայամէտ սենատորների կողմից նոր բանաձեւի ընդունման փաստին եւ կարեւորը՝ Չեխիայի Հանրապետութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ու դատապարտմանը (այդ կապակցութեամբ Անկարայում Չեխիայի դեսպանը Թուրքիայի ԱԳՆ կանչւեց):

Հարիւրաւոր քուրդ ու թուրք մտաւորականների ներկայութեամբ, ինչպէս վերջին տարիներին, այս տարի եւս պոլսահայութիւնը Ստամբուլի կենտրոնում ոգեկոչեց Մեծ Եղեռնի նահատակների յիշատակը:

Ցեղասպանների իրաւական ժառանգորդ, ցեղասպանութիւնը ժխտողական քաղաքականութեամբ դիմակայող եւ այժմ մենատէրի վաստակով օժտւած Էրդողանը նոյնիսկ՝ ՙԱ. Աշխարհամարտի ընթացքում տուժած հայերի ժառանգներին ցաւակցեց՚…

…Մեզ մօտ՝ Իրանում, սակայն, հայութիւնը պետական մարմինների արտօնութեամբ՝ բողոք-ցոյցի դուրս եկաւ թուրքական դեսպանատան առջեւ, որն, ինչ խօսք՝ երախտիքի արժանի է ինչպէս միշտ՝ իրանահայութեան կողմից: Բայցեւայնպէս, ինչպէս նոյն դեսպանատան առջեւ օրւայ պատգամաբեր, Մեջլիսի հայազգի պատգամաւոր Կարէն Խանլարեանը, նոյնպէս եւ համահաւաքի առթիւ կազմւած բանաձեւը, շեշտում ու պահանջում էին Իրանի Իսլ. Հանրապետութիւնից ու մասնաւորապէս Մեջլիսից, որպէսզի վերջիններս ճանաչեն ու դատապարտեն 20-րդ դարի առաջին Ցեղասպանութիւնը…

Մինչ այդ, սակայն, մարդկային ամենատարրական ակնկալիքից ելնելով՝ իրանահայը չարժանացաւ գէթ մի սփոփիչ-ցաւակցական խօսքի կամ ուղերձի ու արտայայտութեան, որն ուղղւած լինէր եթէ ոչ գործադիր, դատական ու օրէնսդիր իշխանութեան նախագահների, թէկուզ երկրորդ-երրորդական պատասխանատուի կողմից:

Իսկ դա այն դէպքում, երբ նոյն իրանահայը, իր ազգային, համայնքային ու քաղաքական տարբեր ձեւաչափերով իսկ Իրան երկրին ու ժողովրդին առնչւող ու համընդհանուր նշանակութիւն ունեցող ազգային, պետական, մշակութային, պատմական ու մինչեւ իսկ կրօնական արժէքների վերաբերեալ իր յարգանքն է մատուցել ու իր կողմնորոշումն է ցուցաբերել եւ դեռ աւելին՝ բարձրաձայնել է այդ մասին…:

ԹԵՀՐԱՆԻ «ԱԼԻՔ»  ՕՐԱԹԵՐԹԻ  ԳԼԽԱՒՈՐ  ԽՄԲԱԳԻՐ

ԴԵՐԵՆԻԿ  ՄԵԼԻՔԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930