Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունել է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին

Ապրիլ 29,2017 15:08

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ Նորին Արքայական Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին, ով Հայաստան է ժամանել Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով՝ մասնակցելու ԵՊԲՀ-ի և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին»:

Հանրապետության Նախագահը դրվատանքի արժանի է համարել Նորին Արքայական Մեծության մասնակցությունը Հայաստանում կազմակերպված առողջապահության բնագավառի կարևոր և արդիական այդ միջոցառմանը։ Նախագահի համոզմամբ, նման միջոցառումները քաղցկեղի վերաբերյալ կարծրատիպերը ջարդելու լավագույն ձևերից են, և մեծ նշանակություն ունեն այդ ծանր հիվանդությունը վերապրած անհատների ցայտուն օրինակները:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ արքայադուստր Դինա Միրեդը իր անձնական փորձով, ինչպես նաև ի պաշտոնե՝ որպես Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ, կարևոր դերակատարություն կունենա քաղցկեղի կանխարգելման և ուռուցքաբանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցության հաստատման ու զարգացման գործում։

Հանդիպմանը Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 2014 թվականին Հորդանան կատարած իր պաշտոնական այցը՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Հորդանանի հետ ակտիվացնելու քաղաքական երկխոսությունն ու ամրապնդելու երկկողմ հարաբերությունները:

Նորին Արքայական Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդը շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար և նշել, որ անչափ ուրախ է գտնվել հիասքանչ Հայաստանում, որի մասին շատ է լսել իր երկրում, որտեղ հայկական մեծ և հասարակության կողմից հարգանք ու վստահություն վայելող համայնք կա: Որպես Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահ՝ Դինա Միրեդը ներկայացրել է Հայաստան իր այցի հիմնական նպատակը, խոսել իր գլխավորած կազմակերպության գործունեության ու ծրագրերի մասին և Հանրապետության Նախագահի հետ քննարկել Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի գործում հաջողության հասնելու հնարավորություններն ու ուղիները:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են այդ նպատակով ազգային ծրագրի մշակումը, որի իրագործմանը, արքայադուստր Միրեդի հավաստմամբ, Քաղցկեղի վերահսկման միջազգային միությունը և շահագրգիռ այլ կազմակերպություններ պատրաստ կլինեն աջակցություն ցուցաբերել: Հորդանանի արքայադուստրը զրույցի ընթացքում ընդգծել է նաև քաղցկեղածին ազդեցություն ունեցող երևույթներից մեկի՝ ծխելու դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ ողջունելով վերջին տարիներին այդ ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքը և խնդրել է հետևողականորեն շարունակել պայքարը առողջության համար չափազանց վտանգավոր այդ երևույթի դեմ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930