Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Նալբանդյան. «Նույն Թումանյանի տարածաշրջանում չկա հիվանդության առումով մի էական, նկատելի փոփոխություն, որ մենք հասկանանք պատճառը դա է, թե ոչ»

Ապրիլ 29,2017 12:25

Լոռու մարզում տնտեսության զարգացման համար կարեւոր ու առաջնային ճյուղը շարունակում է մնալ արդյունաբերությունը: Մարզում գործում են շուրջ 250 տարվա պատմություն ունեցող՝ Ախթալայի, Շամլուղի, Ալավերդու հանքավայրերը, որոնց հիմքերը դրել են հույները: Իսկ 2014 թվականին շահագործման հանձնվեց նաեւ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը:

«Եվ էս պահի դրությամբ Լոռու մարզն այն եզակի մարզերից է, որ արդյունաբերությունը աճ է ապահովում եւ ամեն տարի աճի միտումը կա: Թեղուտում շուրջ 1200 մարդ է աշխատում, Ալավերդիում՝ 700-ից ավել: Մենք Ստեփանավանում էլ ունենք Արմանիսի ոսկու հանքավայրը: Բայց, ցավոք սրտի, վերջին տարիներին համաշխարհային շուկայում մետաղի գների հետ կապված այս պահի դրությամբ ոսկու հանքավայրը լիարժեք չի գործում: Մենք այնտեղ կրճատումներ ունեցանք»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Այն հարցին, թե ինչպիսի վիճակում են գտնվում հանքավայրերի պոչամբարները, մարզի ղեկավարը պարզաբանեց. «Շատ կարեւոր է, որպեսզի ունենանք զարգացած արդյունաբերություն: Դրա հետ մեկտեղ՝ բնապահպանական ճիշտ լուծումներ պետք է տրվեն տնտեսվարողի կողմից: Այս առումով Թեղուտն օրինակելի է եւ միջազգային բոլոր նորմերին համապատասխան պոչամբար ունի: Ինչի՞ չեմ խոսում Ախթալայի պոչամբարի մասին, որովհետեւ Ախթալայի պոչամբարը խորհրդային տարիներից նվեր է այդ համայնքին: Չնայած մի մասը ռեկուլտիվացվել է, ծառատունկ ենք արել, բայց իրականում դեռ լուրջ բնապահպանական խնդիրներ կան այդ տարածքում: Մի փոքր խնդիրներ ունենք նաեւ դեռ խորհրդային տարիներից մնացած Ալավերդի քաղաքում»:

Արթուր Նալբանդյանն ասաց, որ Ախթալայի պոչամբարը սպառվել է: Իսկ նոր պոչամբարի կառուցման համար բնապահպանության նախարարությունը մասնավորի հետ աշխատանքներ է տանում:

«Այս պահին որեւէ նպատակահարմար տարածք չի գտնվել, իսկ բանակցությունները դեռ ուժի մեջ են: Տեսնենք, արդյոք մասնավորը կգնա՞ այդ մեծ ծախսերին նոր պոչամբար կառուցելուն, որպեսզի ինքը բնապահպանության առումով խնդիրներ չստեղծի, թե ոչ: Իսկ, եթե ոչ՝ այդ պոչամբարը սպառված է եւ երկար կյանք չունի: Այլապես արդյունաբերությունը կկանգնի»:

Այն հարցին, թե արդյոք պոչամբարների հետեւանքով այդ տարածաշրջանում հիվանդությունների թվի աճ չի՞ արձանագրվել, Արթուր Նալբանդյանն ասաց. «Եթե մենք ընդհանուր, հանրապետական միջինի հետ դնում ենք համեմատական, Թումանյանի տարածաշրջանում, ոչ մի էական տարբերություն չկա, հանրապետական միջին հիվանդությունների աճի հետ: Նույն Թումանյանի տարածաշրջանում չկա հիվանդության առումով մի էական, նկատելի փոփոխություն, որ մենք հասկանանք պատճառը դա է, թե ոչ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930