Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը Դանիել Իոաննիսյանի կողմից դպրոցների տնօրենների նախընտրական ձայնագրությունների հրապարակումից հետո հանձնախումբ է ստեղծել, որն ուսումնասիրում է դեպքը։ Երեկ նախարարից տեղեկացանք, որ ուսումնասիրությունները չեն ավարտվել։ Պարոն Մկրտչյանին հիշեցրինք նրա իսկ մտադրությունը՝ հետ պահել մանկավարժներին քաղաքական պրոցեսներից։
– Հիմա ի՞նչ անենք, որ տնօրենները հեռու մնան քաղաքականությունից։
– Երկու հարց ունենք։ Մեկը դպրոցի տնօրենի անձնական հատկանիշներն են, որի վրա պետք է մեծ ուշադրություն դարձնել, եւ երկրորդը՝ իսկապես խորհրդի դերակատարության մեծացումն է։ Հիմա որոնման մեջ ենք։ Եթե տեսնում ենք, որ այն, ինչ աշխարհում աշխատում է, Հայաստանում՝ չէ, սրանից հրաժարվում ենք։ Օրինակ, դպրոցների խորհուրդները։ Հայաստանում, չեմ ասում՝ բացարձակ, բայց մեծամասամբ այս ձեւն իրեն չի արդարացնում, ուրեմն պիտի փորձենք այլ լուծում ունենալ։ Օրինակ, իմ մտքում մի լուծում կա՝ մեծացնել դպրոցների տնօրենների անձնական պատասխանատվությունը եւ նրանց ընտրվելու գործընթացն ավելի թափանցիկ դարձնել հանրության համար։ Ի վերջո, մենք խոսում ենք, եթե միայն մեծ դպրոցները հաշվենք Հայաստանում եղած 1400 դպրոցներից, ընդամենը 700-800 տնօրենի մասին։ Հանրությունը կարող է նախօրոք նրա կենսագրությունը տեսնել։ Պիտի անպայման հանրային դեմք դառնա տնօրենը, որպեսզի չենթարկվի ճնշումների։
– Բայց դա կփրկի՞ տնօրեններին մարզպետների իշխանությունից։
Կարդացեք նաև
– Միջազգային կառույցները, որոնք աշխատում են Հայաստանում, շատ լավ առաջարկներ ունեն, ընդհուպ մինչեւ տնօրենի կուսակցականության սառեցման առաջարկն ունեն։ Հիմա այդ թեմաները քննարկման փուլում են։ Մենք աշխատանքային խումբ ենք ստեղծել ավագ դպրոցների մասով՝ այդ նույն ձայնագրության հետ կապված։ Մենք ոչ միայն նայում ենք կոնկրետ այդ դեպքով, այլ ուզում ենք մեծ, գլոբալ նայենք պրոբլեմին եւ լուծում տանք։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում