Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երևանաբնակ շուրջ 1700 ժամկետային զինծառայողների ծնողներ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Քաղաքապետն ու նախարարն անձամբ շրջել և զրուցել են ծնողների հետ:
Հարկ է նշել, որ 2013թ.-ից մեկնարկած սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի շնորհիվ երևանաբնակ ավելի քան 9000 ծնողներ արդեն հնարավորություն են ունեցել այցելելու իրենց զավակներին ու տեղերում ծանոթանալու նրանց ծառայության պայմաններին: Նախաձեռնության հանդեպ երևանցիների հետաքրքրությունն ու ծրագրին ակտիվ մասնակցությունը մեկ անգամ ևս փաստում են, որ այն իսկապես սպասված էր ու անհրաժեշտ:
«Մեր նախաձեռնությամբ իրականացվող ամենատարբեր ծրագրերի շարքում առանձնակի կարևոր տեղ են զբաղեցնում բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված ծրագրերը։ Երևանաբանակ զինծառայողների ծնողներին տարեկան առնվազն երկու անգամ սահմանամերձ զորամասեր ուղեկցելու արդեն ավանդույթ դարձած մեր այս ծրագիրը, որն իրականացնում ենք ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, բավական մեծ դրական արձագանքի է արժանացել ինչպես մեր բնակչության, այնպես էլ զինված ուժերի հրամանատարության կողմից: Եթե նախորդ այցի ժամանակ ծրագրին մասնակցելու ցանկություն էին հայտնել շուրջ 1200 ծնողներ, ապա այս անգամ շուրջ 1700 ծնողների ենք ուղարկում սահմանամերձ զորամասերում իրենց զավակներին տեսակցության: Բացի սոցիալականից, սա նաև կարևոր նշանակություն ունի այն առումով, որ մեր զինվորը հստակ տեսնում է, որ հայրենիքը, հարազատ քաղաքը, որի պաշտպանության համար ծառայում է, իր հետ է, իր կողքին: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես շարունակելու է լինել բանակի, մեր զինվորների ու նրանց ընտանիքների կողքին»,- նշել է Տարոն Մարգարյանն ու, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, Արցախի պաշտպանության բանակին, նաև Ստեփանակերտի քաղաքապետին, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերում ծրագրի իրականացմանը, նաև Ճանապարհային ոստիկանությանը, առողջապահության ոլորտի այն աշխատակիցներին, ովքեր ողջ ճանապարհի ընթացքում ուղեկցում են զինծառայողների ծնողներին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին, առանձնակի կարևորելով ծրագրի կյանքի կոչումը, նկատել է, որ այն անչափ կարևոր է առաջին հերթին առաջնագծում ծառայող զինվորների համար, ովքեր ծնողների հետ հանդիպումից հետո ավելի վստահ ու քաջ են դառնում:
Կարդացեք նաև
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանին այս նախաձեռնությունը պարբերաբար կյանքի կոչելու համար: Մեր քաղաքականությունն է, որ ծառայության ընթացքում զինծառայողներն առավելագույնս հնարավորություն ունենան ավելի հաճախ իրենց ընտանիքի անդամների հետ հանդիպելու թե՛ իրենց արձակուրդների, թե՛ դեպի իրենց ծառայության վայր, իրենց ծնողների մեկնելը կազմակերպելու միջոցով: Պաշտպանության նախարարությունն այդպիսի բազմաթիվ հնարավորություններ է փորձում գտնել, և Երևանի քաղաքապետարանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շատ մեծ հետևողականությամբ այս ծրագրին հետամուտ են լինում, որը տալիս է շատ դրական արդյունքներ», – նշել է Վիգեն Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով սոցիալական նշանակություն ունեցող կարևոր այս ծրագրի շարունակականությունն ապահովելու համար՝ ժամկետային զինծառայողների ծնողները նշել են, որ իրենց յուրաքանչյուր այցն իսկապես ավելի է ոգևորում ու քաջալերում զինվոր որդիներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել երևանաբնակ զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն