Էդուարդ Շարմազանովը չի մեկնաբանում ՍԴ-ի վճիռը
Սահմանադրական դատարանը երեկ մերժեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը: ՍԴ նախագահը նաեւ նշել է, որ հաշվի առնելով առկա փաստերը, ընտրակեղծիքի վերաբերյալ ապացույցների բացակայությունը՝ նման դատական վեճ նախաձեռնելը դառնում է ինքնանպատակ:
«Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՍԴ-ի ցանկացած որոշում իր համար պարտադիր է՝ անկախ այն հանգամանքից՝ որոշումն իրեն դուր գալի՞ս է, թե` ոչ: «ՍԴ-ի վճիռները քաղաքական գործիչների կողմից մեկնաբանության ենթակա չեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը, որ ՍԴ-ն ընտրությունների օրինականության մասին վճիռ էր կայացնում անգամ 2008 թվականին, երբ հետընտրական զարգացումների արդյունքում տասը մարդ էր զոհվել, ինչպե՞ս վստահել, հավատալ կամ չմեկնաբանել այդ վճիռները, իշխանության ներկայացուցիչը հակադարձեց. «Հավատալ կամ չհավատալն արդեն Ձեր խնդիրն է: Ինքս մի բան կարող եմ ասել՝ իրավական վճիռներին ես չեմ խառնվում: Բազում անգամներ էլ նշել եմ, որ ՍԴ-ի ցանկացած որոշում ինձ համար պարտադիր է: Այդպես պետք է լինի նաեւ ՀՀ ցանկացած քաղաքացու համար»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ընտրություններին, Էդուարդ Շարմազանովը փաստում է. «Մենք մեր գնահատականը հնչեցրել ենք: Միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները նույնպես գնահատել են: Ընդամենը մի քանի օր առաջ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչը շատ բարձր է գնահատել ապրիլի 2-ին կայացած ընտրությունները: Նոր բան չեմ կարող ասել»:
Մեկ այլ հարցի՝ քաղաքական տեսանկյունից Դուք է՞լ եք անհիմն հանարում Կոնգրես-ՀԺԿ-ի` ՍԴ դիմելու քայլը, հնչեց այսպիսի պատասխան. «Իմ կարծիքն ընտրությունների վերաբերյալ լսել եք ընտրություններից անմիջապես հետո: Իմ կարծիքը չի փոխվել»:
Հիշեցնենք, այն ժամանակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր. «Սահմանադրական բարեփոխումներից հետո առաջին ընտրությունները կայացան` ՀՀ-ին հաջողվեց նոր ԸՕ-ի հիման վրա կազմակերպել ժողովրդավարական, թափանցիկ, մրցակցային ընտրություններ: Սա բոլորիս հաջողությունն է եւ անկախ նրանից, թե քանի՞ կուսակցություն կամ դաշինք կլինեն խորհրդարանում, Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհն անքննելի փաստ է»:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ առնվազն 200 հազար մարդ ավելի է քվեարկել: Նա լուրջ կասկածներ էր հայտնել մասնակցության նման ակտիվության մասով: Aravot.am-ի այդ դիտարկմանը Էդուարդ Շարմազանովը հակադարձել էր, որ ընդամենը մեկ օր առաջ նույն դաշինքից Լեւոն Զուրաբյանը հավաստիացնում էր, որ գործնականում, նման Ընտրական օրենսգրքով անհնար է որեւէ կեղծիք: Նա Արամ Մանուկյանին հորդորել էր՝ հայտարարություններ անելուց առաջ ուշադիր հետեւել սեփական քաղաքական ուժի ներկայացուցչի հնչեցրած հայտարարություններին:
ՍԴ-ի վճիռը հրապարակվեց եւ արդեն հստակ է, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կայանալու է վճռի հրապարակումից հետո երրորդ հինգշաբթի օրը` մայիսի 18-ին:
Հարցին` ե՞րբ հայտնի կլինի ՀՀԿ-ի պատգամավորների վերջնական ցանկը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դեռ ժամանակ կա եւ իրենք կհասցնեն վերջնական քննարկումներ անել, հստակեցումներ մտցնել. «Կուսակցությունում հիմնականում արդեն որոշված է` ովքեր են գնալու գործադիր, ովքեր` օրենսդիր: Մեկ-երկուսի դեպքում դեռ ամբողջական որոշում չկա, այդ պատճառով չեմ հրապարակում»: Նա հերքում է խոսակցությունները, որ ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածուներից նախօրոք ինքնաբացարկի դիմումներ էին վերցվել:
Նորընտիր խորհրդարանի պատգամավորներն իրենց մանդատները կստանան մայիսի 3-5-ն ընկած ժամանակահատվածում: Խոսակցություններ կան, որ ԿԸՀ-ում մտորում են Կառավարության ընդունելությունների տանը հանդիսավոր նիստ կազմակերպել եւ հանձնել խորհրդարանական Հայաստանի առաջին պատգամավորների մանդատները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
29.04.2017