Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատճառահետեւանքային կապեր

Ապրիլ 29,2017 10:00

Եթե «Սաս գրուպում» նախընտրական ժողովը ձայնագրվել ու տարածվել է, ապա դա ոստիկանության դավադրությունն է Սասի Արտակի դեմ: Եթե ադրբեջանական խնձորի թեման այդքան հնչեղ է, ուրեմն մեկը փորձում է վարկաբեկել ՍՊԱԾ նոր պետին: Եթե ցուցադրվում են Վիվասելի բարեգործությունները, ապա Ռալֆ Յիրիկյանին կնշանակեն տրասպորտի նախարար: Եթե ժոզե Մոուրինյոն  Հենրիկ Մխիթարյանին հանձնարարում  է հենակետային կիսապաշտպանի դիրքը, ուրեմն նա փող է վերցրել թուրքերից եւ ադրբեջանցիներից:

Մարդիկ շտապում են հետեւություններ անել, վարկածներ առաջարկել, որոնք ապացուցելու համար որեւէ ջանք չեն գործադրում: Առայժմ ոչ մի տեղեկություն չկա, որ Սասի Արտակը հրաժարվել է մանդատից, եւ իր տեղը զիջել է Արթուր Գեւորգյանին: Բայց, անկախ նրանից, դա տեղի կունենա, թե ոչ, ձայնագրությունը  «պատվեր» է, թե «պատվեր» չի, դա ժողովի աշխատակիցների հասցեին սպառնալիքների փաստը որեւէ ձեւով չի հերքում: Ճիշտ այնպես, ինչպես  դպրոցների տնօրենների ստորաքարշության փաստը չի չեզոքացվում այն հանգամանքով, որ  նրանց սադրել են եւ գաղտի են ձայնագրել, ինչը, բնականաբար, էթիկայի տեսանկյունից այնքան էլ գեղեցիկ չէ:

Շատ հնարավոր է, որ ՍՊԱԾ պետ Իշխան Կարապետյանը «դուշմաններ» ունի, եւ նրանք հատուկ են ակտիվորեն քննարկում ադրբեջանական խնձորի խնդիրը՝ այդ ծառայության վրա ստվեր գցելու նպատակով: Բայց դրանից բուն իրողությունը չի փոխվում՝ խնձորը վաճառվում էր Հայաստանի բազմաթիվ խանութներում եւ շուկաներում, եւ խնդիրը պետք է տեսնել ամենեւին ոչ ազգային-ազատագրական դաշտում, այլ օրինականության խախտումների մեջ, որոնք, ենթադրաբար, կատարվել են նույն ՍԱՊԾ-ի եւ ՊԵԿ-ի թողտվությամբ:

Ռալֆ Յիրիկյանի՝ պետական պաշտոնյա դառնալու լուրերին ես, ճիշտն ասած, չեմ հավատում, իսկ արեւմտյան չափանիշներով սոցիալապես պատասխանատու բիզնեսի մշակույթը, որը զարգացնում է Վիվասելը,  գովազդվում է տարիներ շարունակ եւ, կարծում եմ, արժանի է գովազգի:

Ինչ մնում է «Մանչեսթերի» մարզչին, ապա նա, վստահաբար, ոչ մի կաշառակեր էլ չի: Պարզապես նա դավանում է ֆուտբոլի այն տեսակը, որը մենք Հայաստանում չենք սիրում՝ ձանձրալի, անհետաքրքիր, Ճահճային, երեւակայությունից զուրկ: Բայց այդ իր ոճով նա, որքան հասկանում եմ, հասել է որոշակի հաջողությունների: Իսկ ակումբների սեփականատերերի համար, իհարկե, առաջնայինը արդյունքն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Եթե ընտրություն կատարենք մեր ամենավատի ու դրսի ամենալավի միջեւ, հրամայաբար ու բնազդաբար պետք է ընտրենք մերին, եթե նա հայ է եւ ոչ թե ծպտյալ հայկական ազգանունով խառնուրդ կամ այլազգի: Բայց մեր ազգին պետք են հայեր, որոնք դրսի ամենալավից էլ լավն են, որպեսզի մեր ազգը հաղթի դրսի ազգին: Եթե ուսուցիչը կարողացավ դասը հասկացնել ամենավատ հասկացող աշակերտին, բնական է, մնացած բոլոր աշակերտները այդ դասը հասկացած կլինեն, այսինքն՝ մեր լավագույն մտավորականները պետք է իրենց ողջ եռանդն ու շնորհքը զոհաբերեն մեր ամենավատ պատգամավորներին ու այլ իշխանական ամենավատ ներկայացուցիչներին՝ ամեն կերպ հասկացնելով բոլոր հայերի համար փոխշահավետ՝ այդ թվում նաեւ ամենավատերի համար դասերը:

  2. Հ.Շ. says:

    Պատճառահետեւանքային կապը իրօք հետաքրքրական, գլխապտուտաբեր յղացք է:

    Երբեմն մարդիկ իրենք իրենց արարքով կ’արտադրեն մի կացութիւն, որպէսզի զայն ներկայացնեն որպէս պատճառ, իրենց այդ արարքին:

    Այդ պարագային կը դիմագրաւենք գոյութենապաշտ հարցադրանքը ՝
    հաւկի՞թն է որ հաւէն կ’ելլէ, թէ հաւը՝ հաւկիթէն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930