Լրահոս
Օրվա լրահոսը

Մի այլ հիշողության մասին

Ապրիլ 29,2017 16:30
merujan Ter-Gulanyan

Մարդը զարմանալիորեն կարճ հիշողություն ունի, չնայած աշխարհի երկար ու փոշոտ ճանապարհներին:

Երբեմն, նույնիսկ հաճախ, թվում է, թե մեր` մարդու խնդիրը ոչ միայն ինքնաբավության տարածք ստեղծելն է եւ այնտեղ հարմարավետ տեղավորվելը, այլեւ թերեւս նաեւ գիտակցված եւ հաճախ անգիտակից հասարակական օգտակարության տարտամ ձգտումն է: Այսինքն թե` ինչպես օգնել մերձավորին, ինչպես անել, որ չմոռանալ սեփական անցյալը, ինչպես պահել ազատ խոսքի շունչը, որ թեւածի ամենքի վրա՝ որպես գարնան ցանկալի իրիկուն:

Խոսքը, ի սկզբանե ունենալով հմայող, աշխարհաստեղծ հատկանիշ, մի օր նույնպես մաշվում է, երբ անվերջ կրկնվում է նույն մարդու կողմից: Կորցնում է իր իմաստը, ազդեցությունը, ինչպես մեզ ծանոթ շատ մարդկանց տեսքը, որոնք հայտնվում էին հեռակա ուսանողի փողկապ կապած եւ ձգտում էին անպայման դառնալ տնօրեն եւ, որպես կանոն, իրենց ձգտման թափից մաշվում էին սեփական փողկապների նման` չդառնալով տնօրեն, նույնիսկ` սիրված ուսուցիչ, քանի որ տնօրեն դառնալու մղումը նրանց թույլ չէր տալիս գոհանալ ուսուցչի պարզ ու ազնիվ կոչումով:

Այդպես մաշվում է նաեւ սերը, երբ հաճախակի կրկնությունից դառնում է սովորություն, մի տեսակ բաժակաճառի պես մի բան. Ես քեզ սիրում եմ… սիրում եմ քեզ, իմ ժողովուրդ, սիրում եմ քեզ, իմ Հայրենիք… ասում ենք հպարտությամբ` հայրենասիրությունը դարձնելով մասնագիտության նման մի բան, եւ չենք էլ նկատում, թե ինչպես այդ նույն սիրելի Հայրենիքի մեծերի՝ Հրաչյա Աճառյանի, Լեւոն Ներսիսյանի բրոնզե դիմաքանդակները ինչ-որ գիշերային ելուզակներ պոկում-տանում էին պատերից, որ վաճառեն որպես ձուլակտոր: Սղոցում կտրում էին Այվազովսկու ձեռքի վրձինը, Սասունցի Դավիթի ոտքերի մոտից գողանում համբերության բրոնզե գավաթը, որ հետո վաճառքից ստացված փողով երեւի խմեն ազատ ու անկախ հայրենիքի կենացը…

Եվ չնայած մեր հիշողությունը կարճ է, բայց մարդուն որպես մխիթարանք, միեւնույն է, փրկում է մի այլ հիշողություն, որի մի պատկերը տեսիլքի պես հայտնվում է հիմա ինձ:
Տեսնում եմ Լեոնիդ Ենգիբարյան մեր համազգային ծաղրածուին, տեսնում եմ, թե ինչպես է նա Չարենցի կիսանդրին մաքրում ձյունից, վերջում իր կարմիր շարֆը գցելով մեծ բանաստեղծի վիզը, հեռանում է` առանց ետ նայելու:

Եվ հիմա այդ մի այլ հիշողությունը ինձ հարցնում է. ի՞նչ է տանում իր հետ արցունքը լացող մարդու աչքերից՝ ցա՞վը, թե՞ ինքն է փախչում ցավից:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

28,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930