Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշատակի օրերի նախաձեռնողներն ու աջակցողները այլեւս միայն հայերը չեն

Ապրիլ 29,2017 14:30

Վերջին քառորդ դարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման մշակութային միջոցառումների մտահղացման ու անցկացման հեղինակները միայն հայերը չեն: Օրինակ, արդեն 3-րդ տարին է, ինչ դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը հրավիրվում է Սանկտ Պետերբուրգ՝ տեղի կառավարության, ինչպես նաեւ հայ համայնքի (նախագահ՝ Կարեն Մկրտչյան), Սբ. Կատարինե հայաստանյայց եկեղեցու կողմից:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ դիրիժորը նշեց, որ ապրիլի 24-ին Սանկտ Պետերբուրգի Կամսկի այգում ծաղկեպսակներ են դրվել Կոմիտաս վարդապետի հուշարձանին, իսկ երեկոյան Բելոսելսկի-Բելոզերսկի պալատում կայացել է հիշատակի համերգ, միջոցառմանը ներկա են գտնվել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, հավատարմագրված այլ հյուպատոսներ, կառավարության անդամներ, հոգեւորականներ, մտավորականներ:


«Այս տարի Սանկտ Պետերբուրգի երիտասարդական նվագախմբի, պետական կամերային երգչախմբի (ղեկավար՝ Նիկոլայ Կորնեւ) եւ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մատուցմամբ հնչեցրինք ռուս եւ հայ կոմպոզիտորների՝ Շնիտկեի եւ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից»,- ասաց դիրիժորը: Հետո էլ մանրամասնեց. «Հանդիսատեսն իսկապես ոգեւորությամբ ընդունեց Շնիտկեի՝ Նարեկացու խոսքերով երգչախմբի համար գրված կոնցերտը, դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտը եւ Միրզոյանի հայտնի սիմֆոնիան: Անկասկած, հանդիսատեսի գնահատականը կարեւոր է, բայց, այնուամենայնիվ, ինձ համար եղել եւ որոշիչ է մասնագետի կարծիքը. երեկոյի ավարտին ինձ մոտեցավ ճանաչված երաժշտագետ Իոսիֆ Ռայսկին եւ ասաց, որ պատիվ է ունեցել շփվելու Միրզոյանի հետ, հիանալի գիտի հայ կոմպոզիտորի երկերը, բայց ընդամենը 2 փորձից հետո նման մեկնաբանությո՞ւն… Ես հիացած եմ: Այս միտքը նա հայտնեց նաեւ ռադիոհաղորդման ժամանակ հաջորդ օրը, իսկ ինձ «հորդորեց» առաջիկա օրերին հետեւել մոսկովյան մասնագիտական ԶԼՄ-ներին, որտեղ հանդես է գալու ընդարձակ հոդվածով, հենց Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիայի կատարման առիթով»:


Ռուբեն Ասատրյանը հիշեց ժամանակին Հայոց եղեռնի եւ երկրաշարժի զոհերի հիշատակին իր ղեկավարությամբ կայացած Սանկտ Պետերբուրգի երիտասարդական նվագախմբի երկու նախորդ ելույթները. «Երկու համերգները սկսվել են արվեստագիտության թեկնածու, մեր կոնսերվատորիայի դոցենտ Նարինե Ավետիսյանի համառոտ, բայց բովանդակալից խոսքով: Առաջին համերգում պրեմիերա էր. հնչեց Սոֆյա Միքայելյանի դեռեւս Երեւանում չկատարված «Նարեկացի. ձայն առ Աստված» սիմֆոնիկ կանտատը: Բեմում շուրջ 180 երաժիշտ էին, 2 երգչախումբ, նվագախումբ եւ մենակատարներ: Ընդ որում, այդ նվագախմբի հետ մի համերգ էլ ղեկավարել եմ հիմնականում Խաչատրյանի ստեղծագործություններից…»:

Դիտարկմանը՝ կոնսերվատորիայի ամենամեծ՝ վոկալ տեսական ֆակուլտետի դեկանն եք, ում հաճախ հանդիպում ենք օպերային թատրոնի եւ ֆիլհարմոնիկ նվագախմբերի դիրիժորական վահանակների առջեւ, այս ամենը զուգահեռում եք նաեւ հյուրախաղերով…, արվեստագետը հակիրճ պատասխանեց. «Դա արագ աշխատելու կարողություն է, որը ցանկացած պրոֆեսիոնալի համար պարտադիր է»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ կադրեր Սանկտ Պետերբուրգում կայացած համերգից:

«Առավոտ»

28,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930