Լրահոս
Օրվա լրահոսը

«32 ոչխարների վրաերթի գործով» փաստաբանն ասում է, որ դատավորի հայտարարությունը վիրավորանք է պարունակում

Ապրիլ 29,2017 15:00

Երեք տարի առաջ ավտովթարից սատկել են
Արմավիրի բնակչի թվով 32 ոչխարները

Ազգությամբ եզդի Զադա Բրոյանը ճանաչվեց տուժող, սակայն ոչ միայն չի վերականգնվել նրան պատճառված վնասը, այլ մեկ հարուցվում է քրեական գործ, մեկ՝ կարճվում, չի բացահայտվում վթարի պատասխանատուն: Փորձագետը եզրակացություն էր տվել, որ մինչեւ 21 մետր հեռավորության վրա գտնվող ոչխարների մասով իքս-վարորդի մեղքը բացակայում է, սակայն քրեական գործում առկա ապացույցների համաձայն՝ ոչխարներից երկուսն են գտնվել մինչեւ 21 մետր հեռավորության վրա, իսկ մնացած 30 ոչխարները 21-32 մետր հեռավորության վրա են գտնվել, մինչդեռ այդ հեռավորության վրա գտնվող ոչխարների վրաերթի մասով վարորդի մեղքի հետ կապված՝ փորձագետի եզրակացություն չկա: Զադա Բրոյանի փաստաբան-ներկայացուցչի՝ Ղեւոնդ Պապոյանի դիտարկմամբ, քննչականը գրությամբ փորձագետին ելակետային սխալ տվյալ է տվել, այն է՝ իբր «թվով 32 ոչխարն էլ 15 մետրի վրա են գտնվել, ինչն ընդհանրապես անտրամաբանական է եւ չի բխում գործի փաստերից»:

Ի պաշտպանություն եզդի տուժողի իրավունքների, համայնքը մտադիր է առաջիկայում խաղաղ երթ անցկացնել:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ղեւոնդ Պապոյանը նշյալ քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատախազի վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելիս հայտնեց իր դիրքորոշումը, նշելով, որ նախաքննական մարմինը չի կատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները, որի օրինականությունը ստուգվել է նաեւ վերաքննիչ դատարանի կողմից, իսկ վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացված ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը մերժվել է: Նախաքննական մարմինը օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա վերսկսել է քրեական գործի վարույթը, սակայն առանց որեւէ քննչական գործողություն կատարելու՝ չորս օր անց կրկին կարճել է այն:

«Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանն ընդհատեց իմ խոսքը՝ ասելով. «հո աննորմալության կանխավարկածները չենք հաղթահարելու, հնարավոր չէ, որ վրիպում թույլ տված լինի դատարանը», իսկ երբ ես զարմանքով պատասխանեցի դատավորի հարցին՝ «օրինակ, ուժի մեջ մտած», դատավորն արձագանքեց. «հա, իհարկե»: Արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանն ապրիլի 19-ին կայացրած որոշմամբ բավարարեց դատախազի բողոքը, բեկանել եւ փոփոխել է մարզի առաջին ատյանի դատարանի այս տարվա փետրվարի 3-ի դատական ակտը` մերժելով քննիչի որոշման դեմ ներկայացված ազգությամբ եզդի Զադա Բրոյանի բողոքը, ով երեք տարի է՝ պայքարում է իր խախտված իրավունքները վերականգնելու համար».-դատական նիստից հետո «Առավոտին» ասաց փաստաբան Ղ. Պապոյանը:

Փաստաբանը կարծում է, որ քրեական գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից այս տարվա փետրվարի 3-ին կայացված որոշման դեմ Արմավիրի մարզի դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության ընթացքում նախագահող դատավորն իր հայտարարությամբ եւ բողոքի կապակցությամբ ապրիլի 19-ի որոշմամբ «կասկածի տակ է դրել Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից իրականացվող արդարադատությունը, կանխակալ վերաբերմունք է դրսեւորել դատավարության մյուս կողմի նկատմամբ», այն է՝ դատավորի հայտարարությունը վիրավորանք է պարունակում նշված քրեական գործով նախկինում դատական ակտ կայացրած առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ: «Նախագահող դատավորի հայտարարությունից եւ նրա որոշումից կարելի է եզրակացնել, որ նրա մոտ համոզմունք էր ձեւավորվել, որ նշված քրեական գործով նախկինում որոշումներ կայացրած առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանի դատավորները վրիպել են, վերջիններս, ըստ նրա, հաղթահարել են «աննորմալության կանխավարկածները», իսկ ինքը` ոչ»,-«Առավոտին» ասում է Ղ. Պապոյանը:

Փաստաբանը դատարանում հայտնել է, որ 2014թ. հունվարի 9-ին Զադա Բրոյանի թվով 32 ոչխարների վրաերթի հետ կապված քրեական գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է թվով հինգ որոշումներ՝ 29.09.2014թ., 03.02.2015թ., 07.09.2015թ., 30.06.2016թ. եւ 03.02.2017թ.` վարույթն իրականացնող մարմնի կողմից Զադա Բրոյանի իրավունքների խախտումները վերացնելուն պարտավորեցնելու մասին: Ըստ նրա, քրեական գործի վարույթը վերսկսվել է երկու անգամ, որի մասին տուժող Զադա Բրոյանին տեղյակ չեն պահել, ապա տուժողից ծածուկ օրեր հետո կրկին կայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ զրկելով տուժողին իր դատավարական իրավունքները իրացնելու հնարավորությունից: Իսկ մի դեպքում էլ քրեական գործի վարույթը կարճվել է, նախաքննությունը եղել է չորս օր, եւ որեւէ քննչական գործողություն չի կատարվել, արհամարհելով նույն քրեական գործով առաջին ատյանի դատարանի կողմից 07.09.2015թ. կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, որի օրինականությունը ստուգվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 06.11.2015թ. կայացված եւ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 03.02.2016թ. կայացված որոշումներով:

Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.09.2015թ. որոշման դեմ մարզի դատախազության կողմից 16.09.2015թ. ներկայացվել է վերաքննիչ բողոք, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015թ. նոյեմբերի 6-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է: Անցյալ տարվա փետրվարի 29-ին կրկին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին, որը Զադա Բրոյանի կողմից կրկին բողոքարկվել է դատարան: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա փետրվարի 3-ին կրկին բավարարել էր Զադա Բրոյանի բողոքը, իսկ վերաքննիչ դատարանն ապրիլի 19-ի որոշմամբ բեկանել է:

«Առավոտի» հարցին՝ ստացվե՞լ է հիշյալ որոշումը, փաստաբան Ղ.Պապոյանը տեղեկացրեց. «ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չենք ստացել, հույս էլ չունենք, որ մոտ օրերս կստանանք, իսկ այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու ժամկետը լրանում է մայիսի 4-ին»:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

28,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930