ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝
սկսած եւ նոր ծրագրերի ու OTT հավելվածների մասին
«Անկախ նրանից, որ մեր շուկան անկում է ապրել, ու դրա հետեւանքով մեր բյուջեն մի քիչ վերանայվել է, հատկապես սոցիալական ներդրումների բյուջեն պակասել է բացարձակ թվերով, բայց դա չի նշանակում, որ կանգ ենք առնում: Ընդհակառակը՝ շարունակում ենք մեր սոցիալական ծրագրերը, դրանք մնալու են ներկա մշակութային, կթական ծրագրերում, սահմանամերձ գյուղերի ենթակառուցվածքային ծրագրերում: Պարզապես այս տարի մի քիչ բծախնդրությամբ ենք մոտեցել ծրագրերի ընտրությանը: Կան ծրագրեր, որ չեն շարունակվում մեզ հետ, բայց ծրագրեր էլ կան, որ շարունակվում են, կան նաեւ նոր ծրագրեր, որոշների գումարային ծախսը մի քիչ պակասեցվեց, բայց մենք տեղավորվեցինք մեր բյուջեում նախատեսված թվաբանական հաշվարկների սահմաններում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նա առանձնացրեց հատկապես ծրագրերից մի քանիսը, որոնք, իր կարծիքով, այցեքարտային են մեր երկրի համար. «Ամեն ծրագիր ունի իր արժեքը, իմաստը, առանձնահատկությունը, պատգամը: Օրինակ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնը Հայաստանի այցեքարտն է աշխարհով մեկ: Այն Հայաստանի անունը հասցնում է աշխարհի բոլոր ծայրերը: Փառատոնը հետաքրքրություն է առաջացնում Հայաստան այցելող օտարերկրացիների մոտ, որոնք նաեւ մասնակցում են իրենց ֆիլմերով, ակնկալելով, որ մրցանակ կստանան փառատոնի շրջանակներում: Կարեւորում եմ «Լույս» հիմնադրամը, որովհետեւ այն հայ երիտասարդներին ուղարկում է աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու, հարուստ գիտելիքներ ձեռք բերելու:
Այդ երիտասարդները վերադառնում են Հայաստան եւ նոր շունչ բերում, որը մեզ անհրաժեշտ է, որովհետեւ որքան շատ շփվենք այլ ազգերի հետ, գիտելիքի առումով այդքան հարուստ փորձ ձեռք կբերենք ու կկիսենք մեր հայրենակիցների հետ: Մի կարեւոր ծրագիր եւս՝ կապված սահմանամերձ կամ ոչ սահմանամերձ գյուղերի ենթակառուցվածքային ծրագրերի հետ: Մենք իրականացնում ենք խմելու ջրի, լուսավորության, ջեռուցման ծրագրեր, տների շինարարության՝ լինի կիսակառույցի ավարտին հասցնելը, թե նորոգելը: Մենք տեսնում ենք սկզբում հույսը կորցրած մեր հայրենակիցների դեմքը, իսկ երբ իրենց հանձնում ենք ավարտին հասցված կամ նորոգված բնակարանները, ոռոգման, խմելու ջուրը, ջեռուցված մանկապարտեզը, լուսավորված փողոցը, իրենք լցվում են հույսով, նրանց աչքերում փայլ ենք տեսնում, դեմքներին՝ ժպիտ, իսկ դա աշխարհ արժե: Նման ծրագրերը մեզ շատ են քաջալերում»:
Կարդացեք նաև
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ մամուլում եւ սոցցանցերում շրջանառվող մի տեղեկատվության, թե ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ղեկավարությունը ՀՀ իշխանություններին դեռեւս Հովիկ Աբրահամյանի օրոք փորձել է համոզել Հայաստանի տարածքում արգելել ինտերնետ հեռախոսակապը (skype, viber եւ այլն), որպեսզի դրա փոխարեն մարդիկ օգտվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից ու իբր այժմ եւս Ռալֆ Յիրիկյանը սպասում է նոր կառավարության ձեւավորմանը, որպեսզի ինտերնետ կապն արգելելու առաջարկով դիմի վերջինիս:
«Միշտ փորձում են մեր ընկերության անունը կապել քաղաքական որեւէ ուժի հետ, որը իրականությանը չի համապատասխանում, այդ տեղեկությունն էլ անհիմն է, ապատեղեկատվության փորձ է եւ հավանաբար՝ պատվեր: Ակնհայտ երեւում է, որ սուտ տեղեկության տարածումով փորձ է արվում խփել մեր ընկերության իմիջին, բացասականություն հաղորդել: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը կկարողանա մտածել բաժանորդներին ինչ-որ մի բանից զրկելու մասին, դա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Մենք OTT (over-the-top) հավելվածների մասին քանիցս խոսել ենք, բայց կան ոլորտը կարգավորող մարմիններ, եւ իրենց իրավասությունն է դրանով զբաղվելը, իսկ մենք չենք կարող մեր բաժանորդներին զրկել հնարավորություններից, որոնք առկա են ոչ միայն մեր, այլեւ գլոբալ շուկայում»,- ասաց մեր զրուցակիցը:
Պարոն Յիրիկյանը նաեւ հիշեցրեց, որ վերջերս իրենց ընկերության իրավաբանական անունը փոխել են, այն նախկինում Ղ-Տելեկոմ էր, ինչը բավական շփոթմունք էր առաջացնում այլ օպերատորների անվան հետ, իսկ այժմ բաժնետերերի հետ քննարկելուց հետո, տնօրենների խորհուրդը որոշում կայացրեց, եւ ընկերության իրավաբանական անունն է ՄՏՍ-Հայաստան:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
28,04.2017