Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբավայրը հրատապ վերականգնման կարիք ունի

Ապրիլ 29,2017 13:00

Մենք արդեն առիթ ենք ունեցել ներկայացնելու տեղեկատվություն Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի գահակալության 1300-ամյակի տոնակատարությունների մեկնարկի մասին, որը տեղի ունեցավ օրեր առաջ՝ ապրիլի 17-ին, Լոռու մարզի Արդվի գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Լինելով այնտեղ, շատերը տեսան մատուռ-դամբարանի զանգակատան անմխիթար վիճակը, ուր ամփոփված է սուրբ հայրապետի աճյունը:

Մեր զրուցակիցը «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն է։

– Պարոն Երիցյան, ի՞նչ եք մտածում՝ կաթողիկոսի բարի հիշատակը պետք է ոգեկոչվի այդպիսի խարխուլ եկեղեցո՞ւմ:

– Ցավոք, Սուրբի մատուռ-դամբարանն ու կից զանգակատունը այդ վիճակում են։ Եթե անգամ այն նորոգել են վերջին կես դարում, ապա դա արվել է շատ անփույթ, ոչ բարձր որակով եւ այսօր զանգակատնից պարզապես քարեր են թափվում, երբ օրինակ՝ փորձ է արվում զանգը հնչեցնելու:

Նույնն է վիճակը նաեւ հարեւանությամբ գտնվող մատուռ-դամբարանում, ուր ամփոփված է Հովհան Օձնեցի կաթողիկոսը:

-Արդյո՞ք հոբելյանական հանձնախումբը իր առջեւ խնդիր չի դրել վերանորոգել սրբավայր-եկեղեցին, մանավանդ, որ անընդհատ շատանում է այցելուների թիվը:

– Դա մեր առաջին քայլերից մեկն է եղել՝ ուսումնասիրել վիճակը եւ գործնական քայլեր կատարել: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ջանքերով արդեն գոյություն ունի հուշարձանի վերականգնման նախագիծ-ծրագիր եւ կա հովանավոր, ով հանձն է առել հոգալ ծախսերը:

Բայց քանի որ մինչեւ հոբելյանական միջոցառումներին քիչ ժամանակ է մնացել, անհրաժեշտ է, որ գումարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ծառայությունների, Գուգարաց թեմի եւ հովանավորների ջանքերը, որպեսզի հնարավոր լինի ողջամիտ ժամկետներում իրականացնել վերանորոգման աշխատանքները:

Արդվու Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը կրում է Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի անունը, պետք է բարեկարգ, ներկայանալի ու հասանելի լինի բոլորի համար, որովհետեւ այն եզակի սրբավայր է:

Այնտեղ կդրվի նաեւ Հովհան Օձնեցի կաթողիկոսի արձանը, կարգի կբերվի եկեղեցական համալիրի տարածքը:

– Պարոն Երիցյան, այսօր ամեն ոք չէ, որ կարող է գնալ Օձի պորտ կոչվող տարածքը: Գուցե բարեկարգում պետք է անել այնտե՞ղ:

-Հովհան Օձնեցի կաթողիկոսի անվան հետ կապվում են բազմաթիվ պատմական դեպքեր եւ հրաշքներ: Մասնավորապես, որ այստեղ՝ Արդվիում, որպես ճգնավոր հաստատված Հովհան Օձնեցի կաթողիկոսին Պատարագ մատուցելիս տեղյակ են պահում, որ ձորից վիշապը դեպի վանք է գալիս:

Հովհան Օձնեցին դուրս է գալիս վիշապ օձին դեմ-հանդիման, խաչակնքվում ու քարացնում է վիշապին դիմացի ձորալանջին, որն անզեն աչքով երեւում է մինչ այսօր:
Քարացած վիշապի պորտից սկսում է ջուր հոսել եւ այս էլ 13 դար այն դրսեւորում է իր սրբարար հատկությունները՝ բժշկելով հազարավոր հիվանդների:
Պետք է այնպես բարեկարգել, որ ուխտավորները կարողանան հանգիստ մոտենալ օձի պորտին՝ ջուր խմել կամ ջուր քսել իրենց մարմնին:

– Ի՞նչ է ստացվում՝ այսքան շատ, եւ այնքան քիչ գիտենք Հովհան Օնեցի կաթողիկոսի մասին:

-Այո, իհարկե, այս ամենը կարիք ունի հանրահռչակման: Սուրբի հանրահռչակման համար հսկայածավալ աշխատանքներ են կատարվել Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի կողմից: Ապրիլի 17-ը Լոռու մարզում հռչակված է համաթեմական ուխտի օր եւ արդեն 20 տարի անընդմեջ հազարավոր ուխտավորներ, աշակերտներ, ուսանողներ, դասախոսներ իրենց հոգեւոր հովիվների ուղեկցությամբ երկրպագության են մեկնում Օձնեցու շիրիմին: Սեպուհ Սրբազանի ցանկությունն է ապրիլի 17-ը դարձնել համահայկական ուխտի օր: Անկասկած, այս տարի մենք պետք է առիթն օգտագործենք եւ ավելի շատ պատմենք ու իմանանք մեր ժողովրդի նվիրյալ, իր կյանքի օրոք սրբադասված կաթողիկոսի ու նրա թողած հետքերի մասին:
Մեր ապրած ժամանակը պետք է հասկանալ նաեւ նրա թողած դասերով ու ուղերձներով, որոնք իրենց հրատապությունը չեն կորցրել անգամ այսքան դար հետո:

 

Զրույցը վարեց ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆԸ

Արդվի-Երեւան

«Առավոտ»

28,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Այնտեղ կդրվի նաեւ Հովհան Օձնեցի կաթողիկոսի արձանը… Նորի՞ց վիճելի ճաշակի ու անիմաստ արձան… Թեկուզ Սերգոն Օձնեցու լուսանկարն էլ ունենա, ժամանակակից արձանը խորթ է լինելու և՛ վանական համալիրին, և՛ շրջակա բնությանը…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930