Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատությունը սկուտեղի վրա չի մատուցվում

Ապրիլ 28,2017 23:33

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ շարունակվում է «Ազատ մեդիա» խորագիրը կրող հանդիպում-քննարկումների շաբաթը` նվիրված մամուլի ազատության համաշխարհային օրվան: Նախաձեռնության նպատակն է խթանել հանրության, հատկապես լրագրողների շրջանում խոսքի ազատության դերի բարձրացմանը:

Ապրիլի 28-ին «Հայաստանյան մեդիայի ազատության իրավիճակի գնահատում» թեմայով հանդիպում-քննարկման բանախոսն էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ըստ ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2017թ.-ի «Մամուլի ազատությունն աշխարհում» զեկույցի` Հայաստանը մամուլի ազատության առումով հետընթաց է ապրել: 100 միավորանոց սանդղակով Հայաստանում մամուլի ազատությունը գնահատվել է 63 միավորով եւ մնացել է ոչ ազատ երկրների շարքում: Համաձայն «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային  կազմակերպության օրերս հրապարակած աշխարհում մամուլի ազատության տարեկան զեկույցի՝ Հայաստանն այս տարի 180 երկրների շարքում զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ 5 հորիզոնականով իջնելով. 2016թ.-ին 74-րդ հորիզոնականում էր:

Աշոտ Մելիքյանի խոսքերով` խոսքի ազատությունը հետընթաց է ապրել ողջ աշխարհում: Ըստ բանախոսի` այս փաստը պայմանավորված է հետեւյալով. քաղաքակրթությունը, հասնելով խոսքի ազատության ինչ-որ մակարդակի, աչքաթող է անում այդ խնդիրը` համարելով, որ այն լուծված է կամ այսքանն էլ բավական է: Քաղաքակրթությունը պետք է արժեւորի խոսքի ազատությունը, քանի որ դա առաջընթացի կարեւորագույն գրավականն է: Առանց խոսքի ազատության չի լինում ժողովրդավարություն: Խոսքի ազատությունը ժողովրդավարության կարեւորագույն բաղկացուցիչ մասն է, եթե խոսքի ազատությունը հետընթաց է ապրում, ուրեմն աշխարհով մեկ ժողովրդավարության մակարդակն իջնում է: Ժողովրդավարությունը կծիկ է` բաղկացած ազատ խոսքից, արդար ընտրություններից, մարդու իրավունքների պաշտպանությունից:

Խոսելով իրավունքներին տեր կանգնելու կարեւորության մասին` բանախոսը ընդգծեց, որ ազատությունը սկուտեղի վրա չեն բերում եւ մատուցում: Մայիսի 3-ը` մամուլի ազատության համաշխարհային օրը, շատ լավ առիթ է խնդիրների մասին խոսելու եւ փորձելու հաղթահարել այդ ամենը: Շատ դեպքերում տեսնում ենք, երբ լրագրողներն իրենց իրավունքների համար պայքարում են, անհետեւանք չի լինում: Այսօր մեր իրականության մեջ բավականաչափ թեմաներ կան, որոնք լրագրողը չի հանդգնում լուսաբանել, տարբեր պատճառներով ներքուստ ազատ չէ: Մինչեւ լրատվամիջոցը չգործի հօգուտ հանրային շահի, այդպիսին կոչվել չի կարող:

«Մեր պետական այրերը բոլոր հարթակներում ասում են, թե խոսքի ազատությունը մեր գլխավոր ձեռքբերումն է, ու մեզանում, գրեթե, կատարյալ խոսքի ազատություն է տիրում: Նմանատիպ գնահատականներ տվողներին պետք է հիշեցնել Բաղրամյան պողոտայում, Սարի թաղում եւ Խորենացի փողոցում կատարվածները, որտեղ թիրախավորված  ոտնձգություններ էին իրականացվում լրագրողների նկատմամբ: Մեզանում գրեթե չկան այնպիսի քաղաքական ուժեր, որոնք ճիշտ պատկերացում ունեն խոսքի ազատության վերաբերյալ եւ արժեւորեն այն»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Բանախոսը նշեց, որ 2002թ.-ին Ա1+-ի փակվելուց հետո Freedom House-ը սկսեց Հայաստանի իրավիճակը գնահատել ոչ ազատ: Այսօր նույնիսկ ընդդիմադիր կուսակցություններին հարող կամ իրենց սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերությունները գիտեն իրենց չափը եւ, եթե այդ չափն անցնեն, լուրջ խնդիրների կբախվեն: Այդ իսկ պատճառով, գնալով պակասում է հեռարձակվող լրատվամիջոցների թիվը, եւ միգրացիա է կատարվում դեպի առցանց լրատվամիջոցներ, որոնք, ըստ Freedom House-ի, ազատ են:

Չնայած երկու միջազգային կազմակերպությունների կողմից խոսքի ազատության առումով հետընթաց է նկատվել Հայաստանում, սակայն, ըստ Աշոտ Մելիքյանի, ամեն բան այդքան էլ վատ չէ, հաջողություններ եւս կան, որոնք հույս են ներշնչում եւ ցույց են տալիս, որ եթե տեր ենք կանգնում իրավունքներին, ինչ-որ բանի հասնում ենք, իսկ եթե տեր չենք կանգնում, սովորություն է դառնում խոսքի ազատության ոտնահարումը:

Մերի ԻՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930