Ապրիլի 30-ին շքեղ համերգով կնշվի Ջազի միջազգային օրը: Օրվան ընդառաջ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի ջազի ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը և Հայաստանի պետական ջազ–նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցը ներկայացրեցին մանրամասներ Հայաստանում դրա շրջանակում անցկացվող միջոցառումների վերաբերյալ:
Կամո Մովսիսյանը ընդգծեց, որ տոնը նշվում է մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն վեցերորդ անգամ։ Այս անգամ Ջազի միջազգային օրվան նվիրված համերգը տեղի կունենա «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի բացօթյա սրահում, միջոցառման սկիզբը՝ 18:00-ին:
«Ունենալու ենք հյուր՝ Չիկագոյից՝ հայտնի սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմանը: Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի Ջազի միջազգային օրվա առիթով մենք մեր երկիր ենք հրավիրում տարբեր հայտնի ջազմենների, ովքեր ներկա են լինում մեր կողմից կազմակերպված միջոցառումներին»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ այս տարի տոնական համերգին կմասնակցեն հանրաճանաչ և սիրված հայ ջազմեններ Լևոն Մալխասյանը, Արմեն Հյուսնունցը, Արմեն Թութունջյանը, որոնք ելույթ կունենան իրենց բենդերի հետ:
Կարդացեք նաև
Ասուլիսի ընթացքում Հայաստանի պետական ջազ-նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցը մանրամասն տեղեկություններ փոխանցեց միջոցառմանը մասնակցող խմբերի մասին՝ ուրախությամբ ընդգծելով, որ համերգին կմասնակցի նաև Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջազ-նվագախումբը։
«Համերգին ելույթ կունենան Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը` Երվանդ Երզնկյանի ղեկավարության ներքո, հանրաճանաչ ջազմեն Հարի Քեոոսայանը, Time Report էթնո-ջազ-քվինթետը: Չիկո Ֆրիմանը ելույթ կունենա մեր նվագախմբի հետ, ապա նա փոքր համերգ կտա Mezzo ակումբում»:
Նշենք, որ Ջազի միջազգային օրն առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին: Օրացույցում այն ներառելու և ապրիլի 30-ին տոնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ –ի Գերագույն համաժողովը հայտարարել է 2011 թվականի նոյեմբերին:
Անուշ ԱՅՎԱԶՅԱՆ