Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Էլ գծատեր հասկացողությունը չի լինի. թանկացման մասին էլ չենք խոսում (Տեսանյութ)

Ապրիլ 28,2017 21:44

Այսօր Երեւանի Կենտրոն համայնքում, Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցի հարակից բակում պետք է կայանար Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանդիպումից առաջ այդ բակում տեղի ունեցած վթարի պատճառով  հանդիպումը տեղափոխվեց մեկ այլ տարածք`նախկին ալրաղացի գործարանին մոտ գտնվող շենքերի հարակից բակ:

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը եւ Գրիգոր Մինասյանը խոսեցին ՀՀԿ-ի` քաղաքային իշխանության նախորդ տարիներին կատարած աշխատանքներից: Գրիգոր Մինասյանն ընդգծեց հաշմանդամների համար հարմարեցված տրանսպորտի գոյությունը Երեւանում, ձայնային ազդանշանով լուսակիրների, ինչպես նաեւ անցումներում հատուկ սալիկների գոյությունը: Սրանք նախատեսված են կույրերի համար: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ խոսեց անելիքներից:

Հանդիպումից հետո տարածքի բնակիչները Տարոն Մարգարյանին մաղթանքներ, շնորհակալության խոսքեր հղեցին, իրենց խնդիրներով դիմեցին: Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ բոլոր հարցերին ընթացք կտա`բացառապես օրենքի շրջանակներում:

Aravot.am- ը Տարոն Մարգարյանին հարց ուղղեց Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի`օրերս մեզ հետ զրույցում ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի մասին հնչեցրած քննադատության վերաբերյալ: Ասելով, որ խոստումների մի փուլից մյուս փուլին ենք անցնում, Վահագն Խաչատրյանը նկատել էր. «Դե թող ներկայացնեն, թե ի՞նչ ֆինանսական միջոցներով են արվելու»: Ծրագրում տեղ գտած «Հին Երեւանի» վերակառուցման դրույթների մասին էլ նա ասել էր, որ Երեւանն այդքան բյուջե չունի: Վահագն Խաչատրյանը նաեւ տարակուսել էր`ի՞նչն էր Տարոն Մարգարյանին եւ ՀՀԿ-ի թիմին խանգարում մինչ այժմ իրականացնելու այն, ինչ գրված է`ասենք, տրանսպորտի բարելավում եւ այլն:

Տարոն Մարգարյանն ասաց, որ «Հին Երեւան» ծրագիրը իրականացնելու համար իրենք ընդամենը հնարավորություն պետք է ստեղծեն`մասնավոր ներդրողների միջոցներով դա իրականացնելու համար: «Սա խորհրդային տարիները չեն, որ քաղաքային իշխանությունը, պետությունը թաղամասեր կառուցի: Մասնավորին բոլոր հնարավորությունները պետք է տալ»,- ասաց նա` կոչ անելով ներդնողներին ակտիվ լինել: Ասաց, որ ծրագրի մեկնարկը տրված է:

Հիշեցնենք, այդ ծրագրի համար, ինչպես հայտարարվել է 100 միլիոն դոլարի ներդրում է հարկավոր: Տարոն Մարգարյանն ասաց՝ Սփյուռքից հայրենակիցներ ունենք, որոնք պատրաստակամություն են հայտնել ներդրումներ անել: Որոշակի հողային աշխատանքներ արդեն կատարվել են: Ներդրողի անունը Տարոն Մարգարյանը չբարձրաձայնեց: Հիշեցնենք, որ ժամանակին կառավարությունում շրջանառվում էր «Ֆրանկ Մյուլլեր» հայտնի բրենդի սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վարդան Սըրմաքեշի անունը:

«Դեռ այն ժամանակներից, եթե մեր գործընկերները տեր կանգնեին տրանսպորտին, ոչ թե հիմա քննադատեին, մենք լավ տրանսպորտ կունենայինք»,- ասաց Տարոն Մարգարյանը` հավելելով, որ իրենք վերջին հինգ տարիներին փորձել են ժամանակավոր լուծում տալ, բայց չի հաջողվել: «Այն ժամանակ, երբ հայտարարում էինք`ճգնաժամի առաջ ենք կանգնելու տրանսպորտի ոլորտում, մեր ընդդիմախոսներն ասում էին`ժողովուրդ քաղաքային իշխանությունը վախեցնում է: Այսօր տեսնում ենք օր-օրի վատացող քաղաքային տրանսպորտը»,- ասաց նա`հավաստիացնելով, որ իրենք ձեռքները ծալած չեն նստել ու հաջողություն կա. «Մենք ունենք խորհրդատու, որը հունիսին ամբողջ փաթեթ կներկայացնի եւ կկարողանանք վերջնական լուծում տալ»:

Aravot.am-ի հարցին`ակնարկում եք, որ ուղեվարձը նաեւ կթանկանա՞, Տարոն Մարգարյանն ասաց. «Միասնական տոմսի ենք անցնելու: Էլ գծատեր հասկացողությունը չի լինի, կլինի մեկ օպերատոր: Թանկացման մասին չենք խոսում, խորհրդատուն պետք է ներկայացնի»:

Մանրամասները`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930