Գյումրի բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայությունը համալրվել է աչքերի տեսողությունը ստուգելու ու հիվանդությունները ախտորոշելու նոր, գերժամանակակից սարքավորմամբ։ Այն բուժհաստատությանը բացառապես անվճար տրամադրել է «Լիքվոր» դեղագործական ընկերությունը։ Աչքերի օպտիկական ուժը կամ տեսողության սրությունը թվերով, տառերով, աղյուսակային եղանակով ստուգելու փոխարեն այսուհետ կկիրառվի գործիքային հետազոտություն:
Նոր սարքավորումը ոչ միայն բժշկի ու հիվանդի ժամանակն է խնայում, այլ ճշգրիտ ախտորոշում է տալիս՝ տեսողության սրության ստուգումը հասցնելով գրեթե հարյուր տոկոսի: Այն թույլ է տալիս նաև ճշգրիտ ֆիքսել շեղումները՝ կարճատեսությունն ու հեռատեսությունը իրենց տարատեսակով՝ աստիգմատիզմով, որի հստակ ախտորոշումն առանց այս նոր հետազոտության անհնար է:
«Նախկինում ակնոցներ նշանակելու համար իրականացվում էր ձեռքային հետազոտություն, որի ժամանակ լույսն էին անջատում, հիվանդը մեկ աչքը փակում էր, իսկ մյուսով տառերն էր ճանաչում: Դա հարյուր տոկոսանոց պատասխան չէր լինում: Իսկ այս սարքավորումը հնարավորություն է տալիս հետազոտել, ախտորոշել եւ որոշել ակնոցն ընդամենը 1-2 րոպեի ընթացքում: Այս հետազոտության համար հիվանդները հասել են Երեւան, ինչի անհրաժեշտությունն այլեւս չի լինի: Այս սարքավորումը հնարավորություն կտա ավելի որակյալ ծառայություն մատուցել. հետազոտությունից հետո միանգամից ստանալ ախտորոշումը՝ թղթային տարբերակով»,-ասում է Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=SSRKti1poQI&feature=youtu.be
Հիվանդանոցի ակնաբուժական բաժանմունքը շուտով պետական ծրագրով կիրականացնի կատարախտ հիվանդության վիրահատություն, աչքի կուրության հանգեցնող հիվանդության բուժում՝ վիրահատական միջամտությամբ: Հատուկ սոցիալական խմբերի համար դրանք կիրականացվեն պետական պատվերի շրջանակում:
Գյումրի բժշկական կենտրոնի մամլո ծառայություն