«Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնությունն անցկացվում է UWW-ի նոր կանոններով: Առաջին օրը ըմբիշները մրցում են նախնական գոտեմարտերում, իսկ հաջորդ օրը՝ կայանալու են սփոփիչ եւ եզրափակիչ գոտեմարտերը:
Առաջնությանը մասնակցում են Երեւանի, հանրապետության մարզերի եւ Արցախի շուրջ 250 ըմբիշներ: Մասնակցության քանակը բավարարում է պատանիների հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանին: Նա գոհ է նաեւ թեթեւ քաշայինների որակից: Սակայն խնդիրներ կան ծանր քաշերում, որոնք միշտ էլ եղել են:
Առաջնության արդյունքներով կկազմավորվի հավաքական թիմը, որը կնախապատրաստվի Եվրոպայի (Բոսնիա եւ Հերցեգովինայում) եւ աշխարհի (Հունաստանում) առաջնություններին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ