Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանդիպում Տիգրան Մանսուրյանի հետ՝ «Հայաստանում կայացած սփյուռքահայ արվեստագետների հետ հանդիպումներ» ծրագրի շրջանակներում

Ապրիլ 28,2017 18:25

Ապրիլի 28-ին «Հայաստանում կայացած սփյուռքահայ արվեստագետների հետ հանդիպումներ» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում հայ մեծանուն արվեստագետ Տիգրան Մանսուրյանի հետ, որին մասնակցեցին սփյուռքահայ արվետսագետներ, ուսանողներ, նախարարության աշխատակիցներ:

Ողջունելով մաեստրո Տիգրան Մանսուրյանին՝   ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Այսօր հավաքվել ենք մեծարելու մեր կոմպոզիտորին, ով դարձել է կենդանի լեգենդ: Տիգրան Մանսուրյանն իր երաժշտությամբ աշխարհին է ներկայացրել և ներկայացնում հայ մարդուն: Մանսուրյանը մեր մշակույթի անկրկնելի դեմքն է, ում երաժշտությունը անքակտելիորեն կապված է Կոմիտաս Վարդապետի անվան հետ: 1947թ. նրա հայրը՝ Եղիա Մանսուրյանը, ընտանիքի հետ Բեյրութից տեղափոխվեց Հայրենիք և հաստատվեց Արթիկ քաղաքում: Անցնելով Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանին բնորոշ դժվարությունների միջով՝ ութամյա Տիգրանը հասունացավ, ավարտեց Կոնսերվատորիան, ստեղծեց բազմաժանր երաժշտական ստեղծագործություններ՝ սիմֆոնիայից մինչև կինոերաժշտություն: Մանսուրյանի հետ շփվելիս մեր հոգիները խաղաղվում են, մեր շուրջը լցվում է ջերմությամբ ու սիրով»:

Նախարարն անդրադարձավ ապրիլի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում համահայկական սիմֆոնիկ նվագախմբի անդրանիկ համերգին, որի շրջանակներում առաջին անգամ հնչեց Տիգրան Մանսուրյանի «Պոեմ հաղթանակի» ստեղծագործությունը:

«Համերգին մասնակցեցին հայազգի 90 լավագույն երաժիշտներ, որոնցից 70-ը ժամանել էին Սփյուռքի շուրջ 20 երկրից: Նրանք կատարեցին մաեստրոյի հեղինակած ստեղծագործությունը, որը գրվել էր համահայկական նվագախմբի համար ու նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և հայ ժողովրդի վերածննդին, – ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, – «Պոեմ հաղթանակի» ստեղծագործությունը ևս մեծ խանդավառությամբ ընդունվեց հայ հանդիսատեսի կողմից, և ես ուրախ եմ, որ մաեստրոն այսօր մեզ հետ կկիսվի իր հուշերով, տպավորություններով: Մանսուրյանին սիրում և սպասում են ամենուր, աշխարհասփյուռ հայերի համար մանսուրյանական  երաժշտությունը ասոցացվում է Հայրենիքի հետ»:

Հայաստանի և Սփյուռքի տարբեր համայնքների միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, ազգային հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Տիգրան Մանսուրյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևի համար՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանն ասաց. «Սիրելի՛ տիկին Հակոբյան, այս հանդիպումը նվեր է ինձ համար, այս նվերն ու ջերմ խոսքերը բխում են Ձեր սրտից: Շնորհակալ եմ: Դուք միշտ ուշադիր և ջերմ եք եղել իմ և իմ ստեղծագործության հանդեպ»:

Մաեստրոն հանդիպման մասնակիցներին դրվագներ պատմեց իր երաժշտական-ստեղծագործական ուղուց՝ ընդգծելով, որ ի սկզբանե Շիրակի դաշտն է եղել իր հոգու հայրենիքը, Շիրակի պայծառ գույներն ու բարբառն են եղել իր ներշնչանքը: «Ինձ համար երաժշտություն է մեր լեզուն՝ հայերենը: Անչափ սիրում եմ հայկական պոեզիան, և իմ բանաստեղծը, ուսուցիչը Եղիշե Չարենցն է», – ընդգծեց Տիգրան Մանսուրյանը:

Այնուհետև հանդիպման մասնակիցների համար հնչեց «Պոեմ հաղթանակի» ստեղծագործության ձայնագրությունը, որից հետո ուսանողները, սփյուռքահայ արվեստագետները հնարավորություն ունեցան իրենց սրտի խոսքն ասել և հուզող հարցերն ուղղել մաեստրոյին:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930