Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման» քառամյա ծրագրի «ՀՀՏԶ» մեկնարկային կոնֆերանսին:
Ծրագիրը ԵՄ նոր նախաձեռնությունն է, որի նպատակն է աջակցել Արևելյան Գործընկերության երկրների համայնքներին դառնալու տեղական մակարդակում տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման ակտիվ նախաձեռնող:
Վաչե Տերտերյանը ողջույնի իր խոսքում կարևորել է «Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման» քառամյա ծրագիրը, հույս հայտնել, որ այն համայնքների պատասխանատուներին հնարավորություն կտա մտածելու, համագործակցության նոր եզրեր գտնելու համար, որոնք իրենց հերթին կարող են բերել տնտեսական վիճակի բարելավման: «Վստահ եմ, որ ի թիվս ԵՄ մյուս ծրագրերի՝ այս մեկը ևս բավական լավ հնարավորություն կլինի համայնքների համար, և խնդիրները լուծելու համար կունենանք լրացուցիչ ռեսուրսներ»,- ասել է Վաչե Տերտերյանը:
Համայնքում բիզնես միջավայրի բարելավման նպատակով ծրագիրը կաջակցի համայնքի ղեկավարներին, որպեսզի նրանք համագործակցեն մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ստեղծելու պայմաններ մասնավոր հատվածի տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման համար, ինչի արդյունքում կշահեն համայնքները՝ թե տեղական, թե ազգային մակարդակում:
Կարդացեք նաև
«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը սկսվել է 2017 թ-ի հունվարին և կշարունակվի մինչև 2020 թ-ի դեկտեմբերը: «Ծրագիրը նախատեսված է 6 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Ադրբեջանի համար:
Մամլո հաղորդագրություն