Լրահոս
Օրվա լրահոսը

Էրեբունի ռազմական օդանավակայանի թռիչքները բնակիչներին քուն ու դադար չեն տալիս

Ապրիլ 28,2017 17:42

Էրեբունի օդանավակայանի, որն այժմ գործում է որպես ռազմական օդանավակայան, շրջակայքի բնակիչներից Aravot.am-ը նամակ է ստացել, որտեղ քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում վաղ առավոտյան եւ նաեւ ուշ ժամերին կատարվող ուսումնական թռիչքների դեմ:

Բնակիչների ներկայացմամբ, «թռիչքները ժամ ու պատարագ չունեն եւ հատկապես վաղ առավոտյան ու ուշ ժամերին դրանք մարդկանց նյարդերի վրա են ազդում»: Նրանց խոսքերով, տարածքում մեծահասակներ ու փոքրիկներ շատ կան, որոնք անսպասելի ձայներից ու ուժեղ աղմուկից վեր են թռչում, վախենում: Բնակիչները օդանավակայանի պատասխանատուներին խնդրում են թռիչքների համար սահմանել այնպիսի ժամանակացույց` առավոտյան 11-ից մինչեւ երեկոյան 6-ը, որպեսզի բնակիչների անդորրը չխաթարվի:

Նախկինում քաղաքացիական այս օդանավակայանը, որը տեղակայված է Երեւանի կենտրոնից 7,3 կմ հեռավորության վրա, ներկա դրությամբ օգտագործվում է Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության ռազմա-օդային ուժերի կողմից։ Այն, աշխարհագրորեն գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի տարածքում, սակայն գործում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ:
Aravot.am-ի հարցին, թե տեղյա՞կ են արդյոք բնակիչների խնդրին եւ ինչպես են պատրաստվում հարցը լուծել, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանն ասաց, որ այս պահի դրությամբ, իրենք օդանավակայանի տարածքի բնակիչներից ոչ գրավոր, ոչ բանավոր դիմում չեն ստացել: Պարոն Ղալեչյանն ասաց, որ, եթե ստանան` կգործեն վարչարարության կարգի համաձայն:

ՊՆ-ից էլ հետաքրքրվեցինք, թե արդյոք հաշվի առնվո՞ւմ է այն հանգամանքը, որ օդանավակայանը գտնվում է բնակելի տարածքներին մոտ եւ արդյոք կա՞ն օդանավակայանը այլ տարածք տեղափոխելու ծրագրեր:

Aravot.am-ը բնակիչներին մտահոգող հարցը բանավոր ուղղեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Խնդրեցինք մեկնաբանել, թե որքան էլ հարցը ռազմական հարթությունում է, արդյոք բնակիչներին խանգարող աղմուկը, որը անգամ հանգստի ժամերին է լինում, չի՞ դիտվում մարդու իրավունքների խախտում:

Բոլոր այս կառույցների պատասխանները ստանալուն պես կհրապարակենք:

Նշենք, որ Էրեբունի ռազմական օդանավակայանը նաեւ օգտագործվում է մասնավոր ձեռնարկությունների կողմից, որոնք չարթերային ուղղաթիռային թռիչքներ են իրականացնում:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930