Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանի թղթակիցները ցույց են տվել մեր գյուղերի և քաղաքների առօրյան

Ապրիլ 28,2017 17:13

Ապրիլի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխությունը և ֆոտոցուցահանդեսը:

Պատանի թղթակիցները իրենց ֆոտո, վիդեոռեպորտաժները, տպագիր նյութերը հրապարակում են 17.am կայքում: 17 թիվը նրանց համար խորհրդանշական է. մասնակիցների միջին տարիքը հենց այդքան է, որի համար էլ իրենք իրենց կոչում են «տասնյոթցիներ»:

Միջոցառման ժամանակ ամփոփվեցին նաև Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագրի արդյունքները, որն իրականացնում է «Մանանա» կենտրոնը:

Կենտրոնի տնօրեն Ռուզաննա Բաղդասարյանը նշում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում շատ կարևոր աշխատանք են կատարել. «Հայաստանի բոլոր մարզերից 14-24 տարեկան երիտասարդների համար դասընթացներ ենք կազմակերպել: Ոչ միայն նրանց համար, ովքեր ուզում են լրագրության ոլորտ մտնել, այլև երիտասարդների, որոնք ասելիք ունեն և ցանկանում են ինքնարտահայտվել»:

Լրագրող Ռուզան Մինասյանը, որը նաև այս ծրագրի ժյուրիի անդամ էր` նշեց. «Այս աշխատանքները նման չեն մայրաքաղաքային լրագրությանը, որի միակ խնդիրը շատ հաճախ լուրը ժամանակին տեղ հասցնելն է: Մեր պատանիները պատմում են մարդու մասին: Եվ դրանցից յուրաքանչյուրը արժանի էր մրցանակի: Ինձ ամենաշատը տպավորել է «Հայաստանի մեկ օրը» շարքը, որտեղ տարբեր մարզերից նույն ժամին նյութեր էին ուղարկում, որը ցույց էր տալիս, թե ինչպես է շնչում Հայաստանի այդ մասը»:

Այս ծրագրի միջոցով պատանի թղթակիցները ցույց են տվել մեր գյուղերի և քաղաքների առօրյան, Հայաստանի մութն ու լույսը: Իրենց աշխատանքների համար բոլորն արժանացան հավաստագրերի, իսկ լավագույնները՝ մրցանակների:

Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930