«Մենք ցանկանում ենք ստեղծել անկախ հակակոռուպցիոն մարմին, Երևանի ավագանու 2/3-ի կողմից ձևավորված»,- ապրիլի 28-ին «Հայելի» մամուլի ակումբում ասաց «Ելք» դաշինքի անդամ Վիկտոր Ենգիբարյանը:
Նա նշեց, որ այդ հակակոռուպցիոն մարմինը հնարավորություն կունենա մշտադիտարկում իրականացնել Երևանի բյուջե մուտքերի ու ելքերի ծախսային հատվածով. «Մենք կարծում ենք, որ սա արդյունավետ միջոց կլինի՝ պայքարելու Երևան քաղաքում և համապատասխան ենթակառուցվածքներում կոռուպցիայի դեմ»:
Վիկտոր Ենգիբարյանն ընդգծեց, որ այս հարցը ունի նաև քաղաքական նշանակություն. «Առաջին անգամ է և աննախադեպ է, որ Հանրապետական կուսակցությունը մասնակցում է մենակ: Սա լուրջ հնարավորություն է տալիս ընդդիմությանը հաղթանակ գրանցել: Երբևէ այսպիսի իրավիճակ չի եղել, ստացվում է, որ քաղաքացին պետք է կատարի ընտրություն «Ելք»-ի և Հանրապետական կուսակցության միջև: Ու մենք, մասնակցելով այս ընտրություններին, դնում ենք ոչ միայն համայնքային զարգացման խնդիր, այլ նաև քաղաքական փոփոխություններ իրականացնելու խնդիր»:
Հարցին՝ այսինքն՝ «Երկիր Ծիրանիին» մրցակից չեն համարո՞ւմ, Վիկտոր Ենգիբարյանը պատասխանեց. «Հակառակը: Տեսեք՝ այն ժամանակ Հանրապետական կուսակցությունը մասնակցել է Դաշնակցության հետ, ԲՀԿ-ի հետ, Դաշնակցությունը միշտ կոալիցիայի մեջ է եղել, նույնն էլ ԲՀԿ-ն: «Երկիր Ծիրանիի» մասնակցությունը մենք չենք համարում Հանրապետական կուսակցության կողմից ներդրված ուժի մասնակցություն, այլ անկախ մասնակցություն: Չնայած, որ «Ելք»-ը նորաստեղծ է, արդեն ընտրվել է Ազգային ժողով, ունի բավականին բարձր վարկանիշ: Այս առումով մենք մեր հակառակորդը համարում ենք Հանրապետական կուսակցությանը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ