Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ Մուկուչյանի, եթե տնօրենների ձայնագրությունը լսենք առանց նախատրամադրվելու՝ կհասկանանք, որ խախտում չկա (Տեսանյութ)

Ապրիլ 28,2017 16:13

Այսօր Սահմանադրական դատարանում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի փաստաբան Վահե Գրիգորյանն իր ելույթում ասաց, որ այն ապացույցները, որոնք պահանջում է ՍԴ-ն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար, բոլոր այդ ապացույցները ՀՀԿ-ի ձեռքում են: Նա ասաց, որ ՀՀԿ-ն է վերահսկում այդ ամենը ու չափազանց բարձր ստանդարտներ է սահմանել ՍԴ-ն:

Այս առնչությամբ մեր հարցին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Սա առաջին դեպքն էր, երբ այս որակով դիմում էր ներկայացվել ՍԴ: Ապացույցները որեւէ կերպ ձեռք բերելու հնարավորության սահմանափակում որեւէ մեկի նկատմամբ առկա չեն եղել: Նախ, խոսվում է ապացույցների մասին, տեսահեռարձակման ընդհատումների մասին: Բոլոր կուսակցություններն ունեցել են առանձին գծով հնարավորություն հետեւելու բոլոր 1500 տեղամասերում ընտրական գործընթացին: Իսկ դա ուներ 90 տոկոսից ավելի ընտրողների ընդգրկում: Ինչ է, հնարավոր չէ՞ր այդ ապացույցները ձեռք բերել: Ներկայացվում էր միջնորդություն, որ այդ ամբողջ նյութը նստեն վերծանեն: Բարձրաձայնվեց, որ կա մեթոդոլոգիա, որով կարող են դա իրականացնել, եթե կար այդ մեթոդոլոգիան, անցել է 20 օրից ավելի ժամանակ, ինչ է, 20 հոգի չկայի՞ն, որ հավաքվեին եւ ձեռք բերեին այդ ապացույցները: Ո՞վ է խանգարել դիմում-բողոքներ ներկայացնել: Նշվում է, թե վստահված անձանց հետ կապված խոչընդոտներ են եղել տեղամասային ընտրական հանձնաժողովներում, իսկ ի՞նչն է խանգարել դրա վերաբերյալ տարածքային հանձնաժողովներ դիմում ներկայացնելու: Չի ներկայացվել որեւէ դիմում, նշանակում է՝ չի եղել նաեւ որեւէ խոչընդոտ»:

Ըստ նրա, դիմող կողմը, մինչեւ ՍԴ դիմելը, կարծես նախապես մտածել էր, թե քանի թերթ էին դրանք կազմելու: Հայտարարվում էր 800 անձանց տվյալներ, որ չեն մասնակցել քվեարկությանը, դատաքննության ընթացքում թող 8 անձի անուն ներկայացնեին, եթե կային:

Մեր հարցին՝ Դուք հերքո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն ունի վերահսկողություն օրենսդիր, գործադիր, դատական իշխանության վրա, ինչը նշեց Վահե Գրիգորյանը, այդ թվում նաեւ ձեր վրա ունի վերահսկողություն՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Մեր վրա՝ ոչ: Մյուսների մասով, կարծում եմ, հարցը ճիշտ հասցեատիրոջը չեք ուղղում»:

Պետական ռեսուրսների չարաշահման հետ կապված Տիգրան Մուկուչյանն ասաց, որ այդ գնահատականները, թե համատարած, մասսայական չարաշահումներ են եղել, մտացածին են. «Նման դատողություններ անելու համար անհրաժեշտ է ունենալ պատշաճ ապացույցներ: Մնացածը կարծիքներ են, տեսակետներ: Մենք գտնվում էինք դատարանում, դատարանում խոսում են փաստերով»:

Ըստ նրա, մենք գործ ունեինք մերկապարանոց հայտարարությունների հետ: Հարցին՝ տնօրենների ձայնագրությունները, ՍԱՍ-ի Արտակի նախընտրական ժողովի ձայնագրությունը փաստեր չէի՞ն՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ մի քանի անգամ ձայնագրությունները լսել են. «Եթե այդ ձայնագրությունները լսում ես անկողմնակալ, ոչ թե կանխակալ, նախատրամադրված, գնահատականը այլ է լինում»:

Նա հարցրեց՝ որեւէ մեկի մոտ հարց առաջացե՞լ է, 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունը, որ ներկայացվեց, քանիսի՞ն էին զանգել, որ այդքանի ձայնագրությունը միայն ներկայացրեցին: Գուցե զանգել են բոլորին եւ ներկայացվածը կազմում է ընդամենը չնչին տոկոսը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930