Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ առաջին նիստը կլինի մայիսի 18-ին (Տեսանյութ)

Ապրիլ 28,2017 15:59

Սահմանադրական դատարանի որոշման հրապարակմանը ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչները չէին եկել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում այդ բոյկոտի հետ կապված ասաց. «Տարրական էթիկայի կանոններով, այն ատյանը, որին դու դիմում ես, պետք է դրսեւորես համապատասխան հարգանք այդ ատյանի նկատմամբ»:

ՍԴ որոշումը Մուկուչյանի համար սպասելի էր: Ըստ նրա, ով հետեւել է դատաքննության ընթացքին, որեւէ մեկը չէր կասկածում այդ որոշմանը. «Գործի քննությունը լիարժեք ցույց տվեց դիմողի իրավական հիմնավորվածության բացակայությունը, թե՛ փաստական հիմքի սնանկությունը»:

Հարցին՝ ԵՄ-ի դիտորդների գնահատականները մեջբերեց Գագիկ Հարությունյանը, քաղաքական կոռուպցիա արտահայտությունն արեց, դուք որոշակի անելիքներ չունե՞ք՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ որոշման մեջ արտահայտված բոլոր իրավական դիրքորոշումները, միջազգային կազմակերպությունների զեկույցներում ներկայացվող առաջարկությունները դրանք միանշանակ դառնում են ուսումնասիրման, քննարկման առարկա:

ՍԴ որոշման մեջ անդրադարձ կար նաեւ պետական պաշտոնյաների քարոզչությանը, որ պետք է արձակուրդ ձեւակերպեն, հրաժարական տան, աշխատանքային ժամերին քարոզչությամբ չզբաղվեն: Այս առնչությամբ ԿԸՀ նախագահն ասաց, որ այդ խնդիրը իրենց տիրույթից դուրս է, բայց Ընտրական օրենսգիրքն ունի բավարար չափով իրավակարգավորումներ:

Հարցին՝ արդեն պարզ է, որ ձեր որոշումը մնաց ուժի մեջ, ԱԺ առաջին նիստը ե՞րբ պետք է լինի: Տիգրան Մուկուչյանն ասաց, որ այն կլինի մայիսի 18-ին: Այս ընթացքում բոլոր այն պատգամավորները, որոնք հրաժարվում են իրենց մանդատից, պետք է ներկայացնեն դիմումները, հետո ԿԸՀ-ն կկազմի արձանագրություն այն անձանց, որոնք ստանում են պատգամավորության մանդատներ ու կհայտարարվի ԱԺ առաջին նիստի օրը:

ԿԸՀ նախագահն ասաց, որ արդեն մանդատների բաշխումը տեղի է ունեցել, յուրաքանչյուր կուսակցություն գիտի, թե քանի մանդատ է ստանալու, ուղղակի արդեն կկազմվի արձանագրություն, որտեղ անվանական կնշվեն պատգամավորների անունները: Մինչ այսօր ԿԸՀ-ն որեւէ դիմում չի ստացել, որ որեւէ պատգամավոր հրաժարվում է իր մանդատից: Բայց դա, ըստ Մուկուչյանի, ՍԴ-ի որոշմամբ էր պայմանավորված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930