Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է ՍԴ-ն մերժել ՀԱԿ-ՀԺԿ-ի դիմումը. Գագիկ Հարությունյանի հիմնավորումներով՝ քաղաքական շահարկումների համար են դիմել

Ապրիլ 28,2017 15:26

Սահմանադրական դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանը քիչ առաջ հրապարակեց ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի որոշումը՝ ԿԸՀ որոշումը թողնելով ուժի մեջ:

Որոշումը հրապարակելիս Գագիկ Հարությունյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելության գնահատականները մեջբերեց, ըստ որոնց, ՀՀ-ում ընտրությունները եղել են լավ կազմակերպված, ընտրության արդյունքները հիմնականում արտացոլում են ժողովրդի կամարտահայտությունը, ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար քաղաքական ազատությունները, մասնավորապես՝ հավաքների, խոսքի ազատությունը:

ՍԴ-ն գտնում է, որ «ՀՀ հանրային իշխանությունների առաջնային խնդիրն է հաղթահարել այն մտահոգությունները, որոնք հայտնվեցին միջազգային եւ տեղական առաքելությունների կողմից, մասնավորապես՝ քաղաքական կոռուպցիայի դրսեւորումների առնչությամբ:

Ընդհուպ ԵՄ փորձագետների եւ պաշտոնյաների անունից հնչեցվեց, որ քաղաքական կոռուպցիան անհարիր է իրավունքի գերակայության սկզբունքը որդեգրած երկրի ժողովրդավարության զարգացումներին եւ անվտանգության սպառնալիք է: Դրա արմատախիլ անելը պետական քաղաքականության եւ երկրի իրավական անվտանգության օրակարգային առաջնահերթություն պետք է լինի: Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում, այդ թվում՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի հետագա բարեփոխումների ճանապարհով, որը հնարավոր կլինի հաղթահարել ընտրական գործընթացում քաղաքական կոռուպցիայի դրսեւորման իրավական ռիսկերը»:

ՍԴ նախագահն ասաց, որ գործատու-վարձու աշխատող հարաբերությունների մակարդակն էլ պետք է որակապես բարելավել, որ վարձու աշխատողը լիարժեք իրավասուբյեկտ դառնա ընտրական գործընթացներում քաղաքական ու գործարար շահերի միահյուսման հնարավորությունը հաղթահարելու համար:

ՍԴ-ն ընդգծեց, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը չի սպառել օրենքով նախատեսված բոլոր ատյաններին դիմելու իր հնարավորությունը՝ մինչ ՍԴ դիմելը, վարչական դատարան չի դիմել, վարչական արտադատական կարգով չի բողոքարկել: Չեն պահպանվել ՍԴ դիմում ներկայացնելու չափանիշները:

Գագիկ Հարությունյանն ընդգծեց, թե դիտորդները ինչ խախտումներ են նկատել՝ ուղղորդման, կուտակումների մասին ու եթե դրանք չգնահատվեն որպես հավաստի, միաժամանակ թիվ 10/03 ընտրատեղամասի առնչությամբ դիմողի ներկայացուցչի պնդումները գնահատելով հավաստի՝ այնուամենայնիվ, դրանք ընտրատեղամասերի 5-7 տոկոսին վերաբերելով հանդերձ, միեւնույն է, նվազեցնում են հանրային վստահությունը ընտրական գործընթացների հանդեպ. «Ոչ մի ընտրախախտում չպետք է անտեսվի»:

Նա ասաց, որ եթե առաջ ընդդիմությունը պահանջում էր ընտրացուցակների հրապարակում, ապա հիմա էլ պահանջում են ընտրատեղամասերի տեսագրությունների հատուկ ստուգումների կազմակերպում, ինչը ՀՀ Ընտրական օրենսգրքի առկա կարգավորումների շրջանակներում բավարար չափով չհիմնավորված պահանջ է:

Փաստն այն է, որ գործի նյութերի համաձայն, ՀԱԿ-ի կողմից նշանակված բոլոր հանձնաժողովականները առանց բացառության ստորագրել են քվեարկության արդյունքների վերաբերյալ բոլոր արձանագրությունները՝ ըստ էության վավերացնելով քվեարկության արդյունքների հավաստիությունը: Նրանք չեն ներկայացրել որեւէ հատուկ կարծիք, չեն վիճարկել որեւէ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները, ընտրախախտումներ չեն արձանագրել նաեւ դաշինքի 1668 վստահված անձանցից 1667-ը: Դաշինքի կողմից արտադատական կարգով որեւէ բողոք չի ներկայացվել: Այս իրողությունը, ըստ ՍԴ-ի, աննախադեպ է ոչ միայն ՀՀ-ի, այլեւ թերեւս համապետական ընտրությունների միջազգային պրակտիկայում: ՍԴ-ն գտնում է, որ նման իրավիճակներում ՍԴ-ում իրավական վեճի նախաձեռնումը ոչ թե իրավունքի պաշտպանության խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ եւ քաղաքական շահարկումների տեղիք է տալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930