Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ստեղծարարության երեք մոդել

Ապրիլ 28,2017 14:41

Խելացի ապրելու բանաձեւը

2003 թ. հիմնադրված «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) աշխատանքը միտված է Հայաստանի կարիքավոր գյուղական բնակավայրերում երեխաների համար բարեկեցիկ ապագայի ստեղծմանը՝ կրթության, առողջապահության, համայնքային կյանքի և տնտեսական պայմանների բարելավման միջոցով: Ներկայումս հիմնադրամը աշխատում է Հայաստանի 6 մարզերի՝ Արմավիր, Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ եւ Տավուշ, 44 գյուղական համայնքներում եւ հետագա ընդլայնման մտադրություն ունի՝ այսպես կոչված՝ ՍՄԱՐԹ նախաձեռնությամբ: ՍՄԱՐԹ-ը նորարարական հայեցակարգ է, որը գյուղացիներին տրամադրելու է անհրաժեշտ գործիքներ՝ գերժամանակակից կրթության միջոցով ապահովելով անհատի եւ հասարակության բարեկեցությունը: Առաջին ՍՄԱՐԹ կենտրոնն արդեն իսկ կառուցվում է Լոռու մարզում:

ՍՄԱՐԹ կենտրոններն արտացոլելու են ինչպես նոր՝ տեղի կարիքներին հարմարեցված, այնպես էլ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից նախորդ տասնամյակում մեծ հաջողությամբ իրագործված ծրագրեր, այդ թվում՝ էլեկտրոնային գրադարաններ, բազմասենսորային (զգայական) ծրագրեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երիտասարդների համար, ձեռներեցության դասընթացներ, հասարակական կյանքում ներգրավվածություն, մասնագիտական վերապատրաստում, առողջապահական կրթություն, շրջակա միջավայրին և տնտեսագիտությանն առնչվող նախագծեր:

Aravot.am-ի հետ զրույցում COAF-ի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը փաստում է, որ հիմնադրամը ՍՄԱՐԹ նախաձեռնությամբ հանդես է եկել` հետադարձ հայացք ձգելով արդեն արված աշխատանքին, որը ինչ-որ չափով միտված էր «բաց»-երը փակելուն, մինչդեռ դրանք նախ եւ առաջ պետության ու հասարակության խնդիրն էին: «Օրինակ, արտադասարանական խմբակները, որ ունենք բոլոր շահառու դպրոցներում, իրականում պետք է դպրոցներում լինեին, որովհետեւ անկախ նրանից՝ երեխան քաղաքում է, թե գյուղում, պետք է հնարավորություն ունենա զարգացնելու իր տաղանդները, հետաքրքրություններն ու հմտությունները: Եվ մենք այդպիսի հնարավորություն ստեղծել ենք: Կամ` պետական քաղաքականությունը ենթադրում է, որ դպրոցը պետք է աշակերտական ինքնավարություն ունենա, մասնակցի դպրոցի կառավարմանը, մինչդեռ դա մնում է թղթի վրա: Իսկ COAF-ը գալիս է այդ բացը լրացնելու, որպեսզի երեխաներն իրականում հասկանան իրենց դերը: Ընդ որում, բացի ծրագրայինից, նաեւ ենթակառուցվածքային «բաց»-եր ենք լրացնում»,- հայտնեց Էսթեր Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ՍՄԱՐԹ նախաձեռնությանը, մեր զրուցակիցը հավելում է. «Երբ ՍՄԱՐԹ ենք ասում, շատերը դա կապում են տեխնոլոգիայի հետ: Իհարկե, 21-րդ դարում դու չես կարող խելացի լինել` առանց տեխնոլոգիայի, բայց մենք ՍՄԱՐԹ ասելով ավելի շատ պատկերացնում ենք սմարթ մոտեցում, խելացի մոտեցում այն ամենին, ինչ անում ենք: Հիմնականում աշխատում ենք գյուղական վայրերում, ու այստեղ ավելի շատ smart village ենք տեսնում, որպեսզի կարողանանք օգնել մեր գյուղաբնակներին ավելի ճիշտ կազմակերպելու թե իրենց ուսուցման պրոցեսը, թե հանգիստը, զարգացման եւ ինքնակատարելագործման գործընթացը: Հենց այս հարցերի պատասխանը եղավ ՍՄԱՐԹ կենտրոնի հիմնադրումը: Ես երբեմն կատակով ասում եմ, որ ՍՄԱՐԹ կենտրոնը նման է նախկին պիոներ պալատներին, որովհետեւ տարբեր հնարավորություններ է տալիս երեխաներին: Իրականում, ՍՄԱՐԹ-ն ավելին է, քան պիոներ պալատը: Այնտեղ խոսքը ոչ միայն զուտ խմբակների մասին է, այլ մեծ գրադարանի, անգլերենի ուսուցման, երիտասարդների մոբիլիզացման ծրագրերի մասին: Այդտեղ բանավեճի եւ ընթերցանության ակումբներ կլինեն, կամ` երկուսը մեկում: Ընդ որում, երեխան կառնչվի ոչ թե մեկ ոլորտի հետ, այլ կլինի բաց միջավայրում, որն իրեն հնարավորություն կտա բազմակողմանի զարգանալ: Երեխան կկարողանա փորձարկել այն ամենը, ինչն իրեն հետաքրքրում է: Դպրոցներում երեխային ինչ-որ չափով կաշկանդելու միտում, որը, բնականաբար, գալիս է նրանից, որ երբ հարյուրավոր երեխաների հետ գործ ունես, պետք է կազմակերպելու, նրանց կարգապահության ենթարկելու եզրեր գտնես: Դա կաշկանդում է երեխայի ինքնարտահայտման ձեւերը: Պարզվում է, որ անհաջողակ, լավ չսովորող, շփման խնդիրներ ունեցող երեխաներ հաճախ ավելի շնորհալի եւ ընդունակ են, կարող են թատերական ներկայացման մասնակցել, համապատասխան միջավայրում լավ ունակություններ ցուցաբերել: Մենք ուզում ենք երեխաներին ինքնաարտահայտվելու հնարավորություն տալ»:

Մեր զրուցակիցը զուգահեռներ տանելով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ փաստում է. «Շատ հաճախ մեզ հարցնում են, թե ինչով է տարբերվելու ձեր կենտրոնը Թումոյից, ու մենք էլ ասում ենք` Թումոն տեխնոլոգիայի վրա է շեշտը դնում, մինչդեռ իրականում սկսելով տեխնոլոգիայից, ինքն էլ հասկացել է, որ պետք է տա զարգացման այլ հնարավորություններ նույնպես: Թումոյից մի կարևոր բանով էլ ենք տարբերվում`մեր տարածվելու աշխարհագրությունը եւ այն, որ ընձեռում ենք հավասար հնարավորություն գյուղական վայրերում ապրող երեխաների համար»:

Մեր զրույցի ընթացքում դժվարություններին էլ անդրադարձ եղավ: Էսթեր Հակոբյանն ասում է, որ 10 տարվա ընթացքում իրենց ամենամեծ խնդիրը մնում է տրանսպորտայինը, ու լավ կլիներ, որ պետական, համայնքային աջակցություն լիներ այդ հարցում. «Գյուղերում օրվա մեջ 1-2 անգամ է ավտոբուս աշխատում, եւ մենք չեն կարող հանրային տրանսպորտի վրա հույս դնել` երեխաներին կենտրոն տեղափոխելիս»:

COAF-ի ծրագրերի տնօրենը ՍՄԱՐԹ սենյակներից էլ խոսեց. «ՍՄԱՐԹ կենտրոնն ահռելի մեծ է, մոտ 4,5 հազար քմ-ի վրա է կառուցվում, ու շինարարությունը հավանաբար կավարտվի նոյեմբերին: Իսկ մինչ այդ, մտածեցինք, թե ինչ միջոցներով կամաց-կամաց ՍՄԱՐԹ-ի գաղափարը ներդնել Լոռիում, եւ արդյունքում ամեն համայնքում ՍՄԱՐԹ սենյակներ ստեղծեցինք: Մինչ այդ դպրոցներում հիմնում էինք ստեղծագործարաններ (Creativity Labs ): Բայց քանի որ դպրոցն ինչ-որ չափով փակ հաստատություն է, եւ համայնքը չի կարողանում օգտվել այնտեղ ներդրվածից, որոշեցինք համայնքի կենտրոնում ստեղծել ՍՄԱՐԹ սենյակը, որը նույնն է, ինչ-որ ստեղծագործարանը, միայն թե ամբողջ համայնքի համար է: Շատ տեղերում ՍՄԱՐԹ սենյակներում ավագանու նիստեր են անցկացվում, օնլայն վիդեոնկարահանվում եւ դրվում են վեբկայքում, նաեւ մեր ծրագրերն ենք իրականացնում` անգլերենի ուսուցում, ռոբոիտիկա, լեգո, որոշ տեղերում համայնքը նշում է Զատիկ, Կանանց տոն, երեխաների համար մուլտֆիլմեր են ցուցադրվում եւ այլն:

ՍՄԱՐԹ սենյակներ կան, որտեղ համակարգողներն անգամ անգլերեն չիմանալով` հնարավորություն ունեն տեխնոլոգիաների կիրառմամբ երեխաներին անգլերեն սովորեցնել: Մենք խնդրել ենք, որ համայնքապետարանը հաստիք իջեցնի այդ սենյակները համակարգողների համար, իրենք իջեցրել են, բայց դեռ մենք ենք վճարում համակարգողներին: Եթե երկու տարի հետո որոշում կայացվի այդ ամենը համայնքապետարանին փոխանցելու վերաբերյալ, մենք վստահ չենք, որ համայնքը պատրաստ է վերցնել թե գործառույթների կազմակերպումը, եւ ֆինանսական բեռը, մինչդեռ չէինք ցանկանա, որ ծրագրի կենսունակությունը դրանից տուժեր: Այժմ մտածում ենք փոխանցման արդյունավետ ուղիների մասին: Իմիջիայլոց, Տավուշի մարզում մեր իրականացրած գաղափարը մեկ աստիճանով էլ է բարձրացել` ստեղծագործարանից ՍՄԱՐԹ սենյակներ, ապա` անվտանգ ՍՄԱՐԹ սենյակներ: Նման սենյակներ ստեղծվել են Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի եւ Այգեհովիտ գյուղերում: Սովորաբար ապաստարանները դպրոցում են լինում, իսկ դպրոցները, որտեղ զբաղված են երեխաները, համայնքի կենտրոնից հետո: Դրա համար էլ ՍՄԱՐԹ անվտանգ սենյակները ստեղծեցինք համայնքի կենտրոնում: Այնտեղ երեխաները խմբակների են մասնակցում, եւ եթե Աստված մի արասցե, ինչ-որ բան լինի, կունենան ամեն ինչով ապահոված իրենց ապաստարանները»:

Մեր զրուցակիցը նաեւ նշում է, որ իրենց համար խնդիր է մեծահասակներին ՍՄԱՐԹ սենյակներ բերելը, դեռ պետք է կարծրատիպեր փշրվեն, որպեսզի մեծահասակը մի քանի ժամ գլուխը տնային գործերից ազատելու պատրվակով ՍՄԱՐԹ սենյակ գա ու թեկուզ տեղի համակարգչից Ֆեյսբուք մտնի: COAF-ի նպատակն է, որ այդ կենտրոններում ավելի շատ մարդիկ ներգրավեն, դրանք դառնան ժամանցի, հետաքրքրությունների բավարարման վայր:

Երբ մշակույթը նաեւ սոցիալական հարց է լուծում

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ, AGBU) հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին, Կահիրեում (Եգիպտոս)՝ հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ՝ հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար։ Կառույցը բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր է իրականացնում Հայաստանում:

Հայկական բարեգործական ընդհանուր միության մշակութային եւ հատուկ ծրագրերի պատասխանատու Ինեսա Մարգարյանը մեզ հետ զրույցում ուրախությամբ փաստում է, որ ՀԲԸՄ-ն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ տեղափոխվել է նոր շենք եւ նոր դահլիճի առկայությամբ իրենց մշակութային ծրագրերի իրականացմանը նոր զարկ է տրվել: «Մենք այդ դահլիճում ունենք մեր բարերարների կողմից մեզ նվիրաբերված հատուկ համերգային դաշնամուր, որը թոըյլ է տալիս պարբերաբար կազմակերպել բարձրարվեստ համերգներ: Ընդ որում, բոլոր համերգների մուտքն ազատ է: Մեր նպատակն է, որ որակյալ լավ երաժշտությունը ավելի հասանելի դարձնել հանրությանը, որովհետեւ այսօր ոչ այդքան որակով երաժշտությունն ավելի մեծ մասշտաբներ է ստացել, դրա համար փորձել ենք դասական, ջազային, էթնո եւ այլ ժանրի երաժշտության համար հարթակ ստեղծել: Այստեղ հյուրընկալում ենք ոչ միայն տարբեր ժանրերի երաժիշտների, այլեւ արվեստագետների ընդհանրապես: Ոչ միայն դահլիճում, այլեւ ողջ շենքում կազմակերպում ենք ցուցահանդեսներ, աշխատում ենք հատկապես հնարավորություն տալ նորաթուխ, սկսնակ արվեստագետներին, դիզայներներին (կահույքի, հագուստի, լույսի), որպեսզի կարողանան ներկայացնել իրենց աշխատանքները»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Մեր հարցին` ինչ է տալիս այս ամենը Հայաստանին, Ինեսա Մարգարյանը պատասխանում է. «Նախ այն, որ որակյալ արվեստն ենք հասանելի դարձնում մեր ժողովրդին: Մենք հետեւորդների մեծ բանակ ունենք նաեւ սոցիալական ցանցերում, որոնք տեղեկանում են մեր բազմաբնույթ միջոցառումների ու կրթամշակութային ծրագրերի մասին…Եթե դու այսօր Երեւանում ուզում ես ջազ համերգ լսել, ամենաքիչը 3000 դրամ պետք է վճարես, իսկ մենք դա անում ենք անվճար, միեւնույն ժամանակ նաեւ երաժիշտներին ենք հնարավորություն տալիս վաստակելու, որովհետեւ իրենց վճարում ենք, այսինքն՝ նաեւ սոցիալական հարց ենք լուծում: Բացի այդ, ժամանակակից դասական երաժշտությունը պետք է ավելի լավ ներկայանալու հարթակ ունենա, ինչը մենք տրամադրում ենք: Ու մեր հետեւորդների համար ներկայացնում ենք մշակույթի այն որակը, որ կցանկանայինք մեր երկրում լիներ: Հայաստանում ոչ բոլոր արվեստագետներն են այնպիսի սոցիալական վիճակում, որ կարողանան տարածք վարձակալել, ներկայանալ իրենց աշխատանքներով, մենք այդ հարցն ենք փորձում լուծել ու ամեն անգամ նոր նշագիծ ենք դնում մեր առաջ»:

Հայկական բարեգործական ընդհանուր միության մշակութային եւ հատուկ ծրագրերի պատասխանատուն հավելեց, որ պատրաստվում են առաջիկայում հայ ժամանակակից գրականության հետ կապված ծրագիր մշակել, ու արդեն քննարկումները սկսված են, ուզում են ներգրավել հատկապես դպրոցականներին: «Իմիջիայլոց, մենք մեկ անգամ արդեն ունեցել ենք նման միջոցառում, որ կազմակերպել էր ՀԲԸՄ երիտասարդական կառույցը: Մուտքը համերգին գրքի նվիրատվությամբ էր, այսինքն՝ նվիրիր գիրք եւ մասնակցիր համերգին»

Ի թիվս այլ ծրագրերի, ՀԲԸՄ-ը իրականացնում է «Երաժշտական Հայաստան» ծրագիրը, արդյունքում` աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնակիցները հնարավորություն են ստանում զարգացնելու իրենց կատարողական հմտությունները, ծանոթանալու հայկական երաժշտության պատմությանը և հայկական երգարվեստին, ինչպես նաև հաճախելու համերգների, մասնագիտական կապեր հաստատելու համախոհների և անվանի երաժիշտների հետ:

ՀԲԸՄ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Երեւանի, Էջմիածնի, Վանաձորի եւ Աշտարակի հայորդաց տներում եւ մանրանկարչության դպրոցում էլ երեխաները զանազան արհեստներ ու արվեստներ են սովորում, պարբերաբար ներկայանում ցուցահանդեսներով:

ՀԲԸՄ-ն ստեղծել է նաեւ Հայկական վիրտուալ համալսարան (ՀՎՀ), որն օնլայն կրթության հավատարմագրված հաստատություն է ու նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայագիտական կրթություն է տրամադրում: ՀՎՀ-ն մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարք և հայոց լեզվի, պատմության ու մշակույթի դասընթացներ է տրամադրում վեց լեզվով՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն: ՀՎՀ-ն ստեղծում է վիրտուալ դասարաններ այն ուսանողների համար, որոնց հասանելի չեն ավանդական, դեմ առ դեմ դասավանդվող հայկական կրթական ծրագրերը, ինչպես նաեւ օժանդակ նյութեր է տրամադրում նրանց, ովքեր օգտվում են վերոնշյալ հնարավորություններից: Մինչ օրս ՀՎՀ-ն ուսանողներ է ունեցել աշխարհի ավելի քան 75 երկրից՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Հարավաֆրիկյան Հանրապետությունից մինչև Վենեսուելլա։ ՀՎՀ էլեկտրոնային գիրքն ընդգրկում է առավել լայն աշխարհագրություն և ունենում տարեկան ավելի քան 10.000 ընթերցում:

Երբ երեխաները 21-րդ դարի հմտությունների գիտակներ են

2011 թ. «Սիմոնյան» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ Երեւանում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումն ուղղակի հեղափոխություն էր, քանի որ այն անվճար կրթական կենտրոն է։ «Թումոյի» կրթական ծրագրերում ընդգրկված է 4 ոլորտ` թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա եւ կայքերի մշակումն ու ֆիլմերի ստեղծումը: Թումոն 12-18 տարեկան հազարավոր պատանիների տրամադրում է արտադպրոցական ուսուցում` թվային մեդիաների ոլորտում։ Մասնագիտացված դասընթացները, դասախոսություններն ու միջոցառումները ուսանողներին հնարավորություն են տալիս կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները նաև գործնականում։ «Թումոյի» սաները նաև ծանոթանում են 21-րդ դարի զանազան հմտությունների, ինչպիսիք են 3D մոդելավորումը, երաժշտությունը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն։

«Սիմոնյան» կրթական հիմնադրամի («Թումոյի») տնօրեն Մարի Լու Փափազյանն իր տարբեր հարցազրույցներում շեշտում է, որ երեխայի կրթության մեկնարկը պետք է տրվի նախադպրոցական տարիքից, իսկ մթնոլորտը համակարգային փոփոխությունների ենթարկվի: Վկայակոչելով Իսրայելի օրինակը, Մարի Լու Փափազյանը փաստում է` այդ երկրի կառավարությունը դեռեւս 20 տարի առաջ գիտեր, որ տեխնոլոգիան պետք է զարգանա: Նրա խոսքերով, որ շատ ընտանիքներ զգում են, թե ինչպես է իրենց երեխայի մտածելակերպը «Թումոյում» փոխվել:

«Թումոյի» սաների հաջողություններն իսկապես անուրանալի են, դրանց կարելի է ծանոթանալ tumo.org կայքում: Ամենաթարմ օրինակներից մեկը հետեւյալն է` 14-ամյա Աշոտ Թառումյանը 2,5 տարի է, ինչ հաճախում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն` ծրագրավորման դասընթացների եւ արդեն ստեղծել է մի ալգորիթմ, որը «Սուդոկու» տրամաբանական խաղը լուծում է ընդամենը 1 վայրկյանում։

Ի դեպ, «Թումոն» միայն երեխաներով չէ, որ զբաղվում է: 2017 թ. հունվարին Հայաստանի պաշտպանության նախարարության եւ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով Հայաստանի զինված ուժերում ժամկետային զինծառայողները կուսուցանվեն «Թումոյի» կողմից: Վերջինս պատրաստակամ է զինծառայողներին ուսուցանել 21-րդ դարի հմտությունները՝ կենտրոնի ծրագրի հատուկ տարբերակով։ Ծրագրում ներառված են համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, համակարգչային գրաֆիկա, թվային երաժշտության ստեղծում։

2013-ի հունվարից Դիլիջանում եւս բացվեց «Թումո» կենտրոն, երկու տարի անց Գյումրիում, նաեւ «Թումոյի» ծրագրերը հասանելի դարձան Արցախում: 2016-ից էլ Վանաձորի «Թումոն» է սկսել պատանիներ հյուրընկալել:

 Եվրոպայում արվեստն ու գիտությունը մոտեցնում են երեխաներին

ՏՏ ոլորտի հեղափոխությունների դարում մի կողմից հեշտ է երեխային զբաղեցնելը, մյուս կողմից, ավելի բարդանում է նրան` արվեստը եւ գիտության նվաճումները հետաքրքիր մատուցելը:

Եվրոպական թանգարանները վաղուց արդեն ծառայում են իբրեւ կրթական միջավայր, երեխաներն իրենց դասերն են անցկացնում նման հաստատություններում` օգտվելով համապատասխան բջջային հավելվածներից: Վաղուց շրջանառության մեջ է դրվել նաեւ թանգարանային մանկավարժություն եզրույթը:

Օրինակ, Մեծ Բրիտանիայում ինքնատիպ կրթական առաքելություն ունի Լոնդոնի գիտության թանգարանը, որ հիմնադրվել է 1857թ.: Թանգարանի 5 հարկերում ներկայացված են բժշկության, աստղագիտության, տիեզերական եւ այլ ոլորտների մասին ցուցանմուշներ: Փոքրիկներն այս թանգարանում իսկական գիտնականներ են զգում իրենց, նրանք նաեւ կարող են թռչել հրթիռով եւ տիեզերանավով:

Մեծ Բրիտանիայում արվեստի տարբեր ժանրերին վերաբերող բազմաթիվ ծրագրեր կան` երեխաների ու պատանիների համար: Դրանք նպաստում են նաեւ մասնագիտական կողմնորոշմանը: Մասնավորապես 2017 թ. ամռանը կազմակերպվելու է ամառային ճամբար` ապագա ռեժիսորների եւ դերասանների համար` Լոնդոնից մեկ ժամ հեռավորության վրա գտնվող St. Catherine’s Bramley դպրոց-պանսիոնի հիմքի վրա, Քեմբրիջի արվեստի եւ դիզայնի դպրոցում կկայանան լուսանկարչության, գեղանկարի, գրաֆիկայի ինտերիերի դիզայնի դասընթացներ, King’s Edaward School-ում դարձյալ ամռան ամիսներին երեխաներին կուսուցանվի երաժշտություն, պար եւ արվեստ, իսկ Beau Soleil ճամբարում` կրկեսային արվեստ:

Դյուսելդորֆից ոչ հեռու գտնվող Neanderthal Museum-ում էլ երեխաները հետազոտում են, թե ինչպիսին է եղել նախամարդը: Նրանք հնարավորություն ունեն նաեւ վերածվելու հին մարդկանց եւ որոշ ժամանակ անցկացնելու իսկական քարանձավներում: Երեխաները թանգարանի աշխատակիցների օգնությամբ սովորում են նաեւ առանց լուցկու կրակ անել եւ զինատեսակներ պատրաստել, այսինքն` իրենց մաշկի վրա զգալ թե ինչպես են գոյատեւել նախամարդիկ:

Ուկրաինայի գեղարվեստի ազգային թանգարանում ամիսը մեկ անգամ դասընթաց է կազմակերպվում ողջ ընտանիքի համար, որտեղ 6-8 տարեկան երեխաները կարող են ծանոթանալ արվեստի պատմության սկզբունքներին, 10-12 տարեկան երեխաների հետ շաբաթ օրերին` տեսական, իսկ կիրակի օրերին պրակտիկ դասընթացներ են անցկացվում: Փոքիկները ծանոթանում են արվեստի ժանրային առանձնահատկություններին:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930