Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը ծանոթացել է Ջրային տնտեսության ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին

Ապրիլ 28,2017 14:06

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտե, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության առջև դրված խնդիրները, ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առաջիկա ծրագրերը:

Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ աշխատանքներն իրականացվում են ըստ կառավարության գործունեության ծրագրի: Բարեփոխումների շրջանակում վերջին վեց ամիսների ընթացքում ոռոգման համակարգի 37 ջրօգտագործողների ընկերությունները խոշորացվել են և հասցվել 14-ի: Որպես պարտադիր պայման ՋՕԸ-երը տեղեկայվելու են ոռոգման խնդիրներ ունեցող համայնքներում, որպեսզի ոռոգման սեզոնին անձամբ բախվեն այն խնդիրներին, որոնք ունեն գյուղացիները և գտնեն լուծումներ: ՋՕԸ-երի խոշորացման արդյունքում օպտիմալացվել են կրկնվող հաստիքները, արդյունքում տարեկան տնտեսվելու է 450-480 մլն դրամ: Միավորվել են նաև ջրառ իրականացնող երկու ընկերությունները, տնտեսվել է 35 մլն դրամ: Հարությունյանը տեղեկացրել է, որ կոմիտեի 4 ԾԻԳ-երից մեկը լուծարվել է, իսկ երեքը միավորվել են մեկում. այստեղ ևս տնտեսվել է 134 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջին փուլով կոմիտեն տնտեսել է 620 մլն դրամ: Բացի այդ, կոմիտեի ենթակայությամբ գործող ԾԻԳ-երը վերջին վեց ամսվա ընթացքում անցկացրել են 4 մրցույթ և պայմանագրերը կնքել նախահաշվային գնից 25 տոկոսով ավելի ցածր գնով, ինչի արդյունքում տնտեսվել է ևս կես միլիարդ դրամ: Կոմիտեի նախագահը նշել է, որ այժմ մշակվել է ջրային կառավարման ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր, որն առաջիկայում կներկայացվի կառավարության աշխատակազմ 1-1,5 ամսվա ընթացքում: Դրանում կներառվեն առաջարկներ նաև անհուսալի դեբիտորական պարտքերի հետ կապված, որոնք կուտակվել են դեռևս 2002 թվականից:

Անդրադառնալով ոռոգման ջրի համակարգում հաշվառման գործընթացներին՝ Հարությունյանը զեկուցել է, որ ոռոգման համակարգերում և Սևանա լճից դուրս եկող ջրագծերի վրա արդեն իսկ տեղադրվել են հանգուցային ջրաչափեր, սակայն լիարժեք հաշվառում իրականացնելու համար հանրապետությունում անհրաժեշտ է ներդնել ևս 2100 ջրաչափ: Ծրագրի արժեքը գնահատվում է 2-3 մլն դոլար և այժմ աշխատանքներ են տարվում դոնոր կազմակերպությունների հետ՝ միջոցներ ներգրավելու նպատակով: Կոմիտեի նախագահի խոսքով, ՋՕԸ-երի գործունեության հաշվետվությունը քննարկվում է յուրաքանչյուր ամիս և գործունեությունը գնահատվում է ըստ հայտանիշերի: Հարությունյանն ընդգծել է, որ համակարգում բարեփոխումներ իրականացնելուց հետո այն ևս նախատեսվում է հանձնել մասնավոր կառավարման: Նշվել է նաև, որ հաշվիչներ են տեղադրվում բոլոր պոմպակայաններում՝ էներգետիկ կորուստները վերացնելու նպատակով:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է ջրային տնտեսության համակարգում բարեփոխումների շարունակական իրականացումը և ընդգծել. «ՋՕԸ-երի հետ կապված ուղղությունը ճիշտ եք ընտրել: Շատ կոշտ գնում եք հաշվառման համակարգի ամբողջական ներդրմանը: Երբ հաշվառման համակարգը դնեք, հաստատուն ծախսերը հասկանաք, դրանից հետո կխոսենք ենթակառուցվածքների կատարելագործման մասին: Շատ համարձակ գնում եք առաջ»: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին օժանդակել կոմիտեին՝ ոռոգման համակարգի հաշվառման գործընթացն իրականացնելու նպատակով դրամաշնորհային ծրագրեր ներգրավելու հարցում:

Այնուհետև անդրադարձ է կատարվել ոռոգման ջրի սակագնային քաղաքականությանը, խմելու ջրի մատակարարման գործընթացին, մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Անդրադառնալով «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ի և բաժանորդների միջև խմելու ջրի մատակարարման պայմանագրերի կնքման գործընթացին՝ Կարեն Կարապետյանը Ջրային տնտեսության կոմիտեի պատասխանատուներին հորդորել է գործընթացը հնարավորինս արագացնել և առաջ շարժվել հստակ ժամանակացույցով: Ի պատասխան վարչապետի հարցին՝ զեկուցվել է, որ այսօր Երևանում ջրամատակարարումը հասցվել է օրական միջինը 23,65 ժամի: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է, թե այսօր հանրապետությունում որքան բաժանորդ կա, որոնց «Վեոլիա ջուր»-ը չի սպասարկում: Նշվել է, որ կա նման 560 համայնք: Ջրային տնտեսության պետական կոմիտեն այդ համայնքների հարցի լուծումը տեսնում է կլաստերների բաժանմամբ և հետագայում դրանց ջրային տնտեսության կառավարումը ևս մասնավոր օպերատորին հանձնելու միջոցով:

Վարչապետը զարմանք է արտահայտել 560 համայնքի առկայության կապակցությամբ և նշել. «Այսպես չի կարող լինել, համայնքների կեսը գտնվում է համակարգից դուրս: Պայմանագիրը կնքելիս ինչո՞ւ ենք այդպես վարվել, ո՞րն էր տրամաբանությունը, բնակչության 40 տոկոսը սպասարկման պայմանագրից դուրս է»: Կարեն Կարապետյանը կարևորել է նշված համայնքների բաժանորդների սպասարկման նպատակով մասնավոր օպերատորի ներգրավումը և նշել, որ չի կարող երկրի 40 տոկոսն ապրել մի ռեժիմով, 60-ը՝ մեկ:

Այնուհետև մանրամասներ են ներկայացվել Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 90 մլն եվրո արժողությամբ ջրամբարի շինարարական աշխատանքները մեկնարկել են հունվարի 23-ից և հաջողությամբ շարունակվում են: Դրանք կտևեն 48 ամիս: Ջրամբարի ընդհանուր տարողությունը 29 մլն մ³ է, դրա իշխման տակ կլինի 3200 հա ոռոգելի հողատարածք:

Քննարկվել են նաև ՀՀ տարածքում առավելապես խոշոր քաղաքների և դեպի Սևան լիճ ուղղված կեղտաջրերի մաքրման կայանների ներկա վիճակին, բիոլոգիական մաքրմանը, Արփա-Սևան թունելի վերանորոգմանը և 2017թ. պլանավորված Սևանա լիճ ջրի տեղափոխմանը վերաբերող հարցեր:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930