Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պեդրո Ագրամուտն այդպես էլ հրաժարական չտվեց

Ապրիլ 28,2017 13:28

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն անակնկալ մատուցեց ԵԽԽՎ բյուրոյի անդամներին և խախտեց բոլոր պայմանավորվածությունները: Նա քաղաքական խմբերի հետ ձեռք էր բերել պայմանավորվածություն, որ ինքը դիմավորելու է Իսպանիայի թագավորին և հաջորդ օրը հրաժարական տա:

Նախորդ օրերին ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը վստահ էր, որ այսօր Ագրամունտը հրաժարականի մասին հայտարարություն է անելու, սակայն նա անգամ չէր մասնակցում Բյուրոյի նիստին:

Քիչ առաջ ավարտվեց Բյուրոյի նիստը, հենց որի ընթացքում էլ նախատեսվում էր, որ այսօր Ագրամունտը հայտնելու է իր հրաժարականի մասին: ԵԽԽՎ պատվիրակներն ասում են, որ սա աննախադեպ իրավիճակ է ԵԽԽՎ պատմության ընթացքում:

Հերթով Բյուրոյի նիստից դուրս էին գալիս Բյուրոյի անդամները բավականին շփոթված ու լարված, անգամ չէին ցանկանում զրուցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Կցկտուր տեղեկություններ էին տալիս, որ Բյուրոն ուղիներ է փնտրում Ագրամունտի լիազորությունները սահմանափակելու և նրա իմպիչմենտի գործընթացը կազմակերպելու համար:

Մինչ Բյուրոյի նիստի անցկացման սրահի մուտքի մոտ լարված իրավիճակ էր, լրագրողները սպասում էին, Բյուրոյի անդամները խուսափում էին հարցազրույց տալուց, հայտնվեց Ագրամունտի` մամուլի գծով օգնականը և հայտարարեց, որ կես ժամից հայտարարությամբ հանդես կգան:

Բյուրոյի անդամներից ոչ ոք չգիտեր, թե որտեղ է այժմ գտնվում Ագրամունտը:

Քանի որ Ագրամունտը բացակայում էր, Բյուրոյի նիստը նախագահեց բրիտանացի պատվիրակ Ռոջեր Գեյլը: Նիստից հետո նա Բյուրոյի անունից հանդես եկավ հայտարարությամբ: Լրագրողների հետ զրույցում նշեց. «ԵԽԽՎ նախագահն այսօր ներկա չգտնվեց Բյուրոյի նիստին, որպեսզի իր հայտարարությունն անի: Ուստի ես նախագահեցի նիստը: Բյուրոն երկու հայտարարություն ընդունեց: Առաջինն այն է, որ Բյուրոն չունի վստահություն ԵԽԽՎ նախագահի նկատմամբ, և երկրորդը` որպես առաջինի հետևանք, այն, որ Ագրամունտն այլևս իրավունք չի ունենա ճամփորդել կամ հայտարարություններ անել ԵԽԽՎ-ի անունից»:

Ուկրաինացի պատվիրակ, Բյուրոյի անդամ Գեորգի Լոգվինսկին հայտնեց, որ Ագրամունտի հրաժարականը կարող է լինել ցանկացած պահի կամ հունիսին կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում, կամ Բյուրոյի հաջորդ` մայիսի 13-ին կայանալիք նիստին, կամ գուցե այս հարցով Բյուրոն լրացուցիչ նիստ գումարի. «Եթե Ագրամունտն ի վերջո պնդի ու չցանկանա հրաժարական ներկայացնել, ապա դա ԵԽԽՎ-ի կողմից կընդունվի ի գիտություն և վեհաժողովը կոնկրետ քայլեր կձեռնարկի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930